Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին Երևանում կլինի հայերի կողքին (լուսանկարներ)
Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի օրը` ապրիլի 24-ին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կլինի Երևանում: Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայի հայկական Nouvelles d’Armenie լրատվականը:
Օլանդն իր այս որոշման մասին հայտարարել է հունվարի 28-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ: Հանդիպման ժամանակ, Ֆրանսիայի նախագահը Թուրքիային կոչ է արել նոր քայլեր ձեռնարկել մեկ դար առաջ հայերի զանգվածային սպանությունների վերաբերյալ:
«Ճշմարտության ուղղությամբ ջանքերը պետք է շարունակվեն, և ես համոզված եմ, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում կտեսնենք ճանաչման ուղղությամբ նոր քայլեր»,- ասել է Օլանդը: Ֆրանսիայի նախագահը համոզմունք է հայտնել, որ ճշմարտության համար մղվող պայքարը պետք է շարունակվի: «Հավատում եմ, որ Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը դրա ճանաչման համար նոր փուլ կարող է դառնալ», ասել է Օլանդը:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին ներկա են եղել նաև Ֆրանսիայի ներքին գործերի նախարարաը, Եվրոպայի հարցերով պատասխանատու նախարարը, Փարիզի քաղաքապետը, Շարլ Ազնավուրը և այլք: