Հռոմի Պապի և Քիմ Քարդաշյանի պես խիզախ եղեք. Washington Post-ի հայազգի հոդվածագրի կոչը Բարաք Օբամային

Ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանը Washington Post պարբերականում հոդված է հրապարակել` հույս հայտնելով, որ Բարաք Օբաման կկատարի նախկինում տված խոստումն ու կհետևի Հռոմի Պապի օրինակին` հայոց ողբերգությունն անվանելով այնպես, ինչպես որ կա` Ցեղասպանություն, տեղեկացնում է tert.am-ը։

«Անցյալ կիրակի մամուլը ողողված էր Հռոմի պապի ու ամենահայտնի ամերիկահայերից մեկի` Քիմ Քարդաշյանի հայտարարություններով: Հռոմի պապը Սուրբ Պետրոս տաճարում Օսմանյան կայսրության օրոք իրականացված զանգվածային կոտորածներն անվանեց «Ցեղասպանություն» և ընդգծել, որ «չարը ժխտելն ու թաքցնելը նշանակում է թողնել` վերքն արյունահոսի` առանց վիրակապելու»:

Այժմ հույս եմ հայտնում, որ նախագահ Օբաման կհետևի նրանց օրինակին և վերջապես կօգտվի հնարավորությունից կատարելու 2008-ին ընտրական քարոզարշավի ժամանակ տված խոստումը: Քանի որ վերջին 7 տարում նա իրական քաղաքականություն է վարում՝ խուսափելով «ցեղասպանություն» բառի օգտագործումից, որպեսզի այդպիսով հանգստացնի ԱՄՆ-ի ռազմական դաշնակից Թուրքիային, որն ի պատասխան շատ քիչ է տալիս», – մեկնաբանել է «Ավազե ամրոցի աղջիկները» և 17 այլ գրքերի հեղինակը:

Ամերիկահայ գրողի դիտարկմամբ` աշխարհի մեծ մասի համար Հայոց ցեղասպանությունը վերաձևակերպվում է «կոտորած» բառով, իսկ թուրք առաջնորդները մշտապես ժխտել են այն` խեղաթյուրելով պատմական արձանագրությունները, թեև Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան այն Ցեղասպանություն է անվանում:

«Թուրքիային հաջողվել է խուսափել պատասխանատվությունից, մասամբ նաև այն պատճառով, որ Արևմտյան երկրները մշտապես դիտարկել են Թուրքիան` որպես Սառը պատերազմի ժամանակ խորհրդային ազդեցության ընդլայնման վերջին սահմանակետ, իսկ այնուհետև որպես դաշնակից Մերձավոր Արևելքում: Իհարկե, ԱՄՆ-ն նպաստել է դրան: Վաշինգտոնն այնքան է վախենում Անկարայից, որ մեզ երբեք չի հաջողվել այստեղ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունել: 2008-ին նախընտրական արշավի ժամանակ սենատոր Բարաք Օբաման նշել է, որ «Ամերիկան արժանի է այնպիսի առաջնորդի, ով անկեղծորեն կասի Հայոց ցեղասպանության մասին և հստակորեն կարձագանքի բոլոր ցեղասպանություններին: Ես մտադիր եմ լինել այդպիսի նախագահ»: Սակայն որպես նախագահ՝ վերջին վեց տարում ամեն տարի` ապրիլի 24-ին, նա գտնում է «G» բառին փոխարինող որևէ արտահայտություն` խուսափելով Թուրքիային բարկացնելուց»,-գրել է հոդվածագիրը։

Ինչպես նկատում է Բոհջալյանը՝ ԱՄՆ-ի զգուշավոր քաղաքականությունը չի տալիս ակնկալած արդյունքը, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չի թույլատրում ԱՄՆ ուժերին ԻԼԻՊ-ի դեմ հարձակումների համար թռիչքներ իրականացնել «Ինջիրլիկ»  ավիաբազայից:

«Այս տարում, երբ Քրիստոնեական հավատքի ամենանշանավոր առաջնորդը և Քարդաշյան կայսրության ամենահայտնի դեմքը կանգնած են միասին՝ պահանջելու հստակություն, աշխարհը և մեր երկիրը պարտավոր են ճանաչելու, սգալու և դատապարտելու այս չարագործությունը:

Այսօր հույս ունեմ, որ Նախագահը կամրապնդի իր ժառանգությունը` որպես հստակ բարոյական կողմնորոշում ունեցող պետական գործիչ և կասի այն, ինչ նախկինում անասելի էր, կցուցաբերի նույն քաջությունը, ինչ Հռոմի պապը, և մեր ողբերգությունը կկոչի իր անունով՝ ցեղասպանություն», – եզրափակել է Քրիս Բոհջալյանը:

Scroll Up