Հրաչ Ջաբրայան. «Դժվարությունները չպետք է պատճառ դառնան, որ սփյուռքահայն իր հայրենքից հեռու մնա…»

Կանադական «Դանդի փրիշս մեթալս Կապան» ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը ծնվել է Լիբանանում, ապրել Կանադայում: Իսկ այսօր իր ընտանիքի հետ ապրում ու աշխատում է Հայաստանում, ավելի ստույգ` Կապանում, այն նույն Լեռնահայաստանում, որին մինչև Հայաստան գալը ծանոթ է եղել միայն Գարեգին Նժդեհի մասին պատմություններից:

– Քանի՞ տարի է, որ ապրում եք Հայաստանում:

– Երեք ու կես տարի առաջ (2011 թվականի մայիսին) վերջնական փոխադրվեցի Հայաստան: Մինչ այդ հաճախակի Հայաստան էի այցելում, իսկ արդեն 2011 թվականին կնոջս, երեխաներիս հետ տեղափոխվեցի Հայաստան:

– Ձեզ կարո՞ղ ենք հայրենադարձ համարել:

– Այո, ես սփյուռքահայ եմ, ով հայրենիքից դուրս է ծնվել, բայց հայրենիք է վերադարձել` ապրելու, աշխատելու, և, ինչու չէ, մասնակցելու հայրենիքի բարգավաճմանը:

– Հետաքրքիր է, աշխատանքի առաջարկն արդեն ունեի՞ք, երբ որոշեցիք Հայաստան տեղափոխվել:

– Մի փոքր հեռվից սկսեմ: Առաջին անգամ Հայաստան եմ այցելել 1991 թվականին, երբ դեռ 17 տարեկան էի: Անմիջապես սիրահարվեցի երկրին, իմ հայրենիքին ու մնացի երկու ամիս:

Այնուհետև վերադարձա Կանադա, ուսումս շարունակեցի և 2000 թվականից սկսած դեպի Հայաստան պտույտները հաճախակի դարձան: Գրեթե ամեն ամառ, երբեմն էլ տարին երկու անգամ, Հայաստան էի գալիս:

2002 թվականին Հայաստան այցիս պատճառները արդեն մի փոքր այլ էին, ուզում էի ծանոթանալ երկրի բիզնես հնարավորություններին:

2003 թվականին Երևանում հանդիպեցի տիկնոջս`Լիանային: Նա ինձ էլ ավելի կապեց հայրենիքի հետ: 2004 թվականին ամուսնացանք Սաղմոսավանքում և գնացինք Կանադա:

Բայց դեռ փոքր տարիքից նպատակս հայրենիքում ապրելն էր: Ես չեմ հիշում, բայց քեռիս միշտ պատմում է, որ դեռ 13-14 տարեկանում նրան ասել եմ, որ երբ մեծանամ Հայաստանում եմ ապրելու և անպայման հայաստանցի աղջկա հետ եմ ամուսնանալու: Երևի ճակատագիրը դա էր ինձ համար նախորոշել:

Հայոց ցեղասպանության վերապրողների 4-րդ սերունդը լինելով` միշտ հայրենիքն իմ մտքում էր: 2010 թվականին արդեն Հայաստանում տուն գնեցինք այն մտքով, որ մի օր պետք է մշտական վերադառնանք: Այդ նպատակով սկսեցի ակտիվորեն աշխատանք փնտրել Հայաստանում: Որոշ բիզնես ծրագրեր ունեի, Հայաստանում տարբեր մարդկանց հետ հանդիպեցի, դիմել էի Հայաստանում գործող տարբեր միջազգային ընկերությունների:

Բախտի բերմամբ կամ Աստծո որոշումով  2010 թվականին կանադական խոշոր հանքարդյունաբերող ընկերություններից մեկը, որը Հայաստանում հանքեր ուներ, ինձ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնն առաջարկեց: Հայրենիք վերադարձի դուռը բացվեց և տեղափոխվեցինք Հայաստան:

– Ասացիք, որ առաջին անգամ հայրենիք եք այցելել 1991 թվականին, Հայաստանի համար ամենածանր ժամանակաշրջանում: Բայց, անկախ այդ ամենից որոշում եք կայացրել վերադառնալ ու ապրել Հայաստանում: Մի՞թե դժվարությունները խոչընդոտ չդարձան:

– Մենք ընկերներով դեռ փոքր տարիքից ներգրավված ենք եղել ՀՅԴ շարքերը: Սփյուռքում Դաշնակցություն կուսակցությունը հայրենասիրության քարոզարշավի ուղի է, ճանապարհ: Մենք կարդացել էինք Խոր Վիրապի, Արարատ լեռան, Լեռնահայաստանի հերոսամարտի, Նժդեհի, Չաուշի մասին: Մեզ համար հայրենիքն իր պատմությամբ ու հերոսներով մի դրախտային, իդեալական երկիր էր: Երբ 1991 թվականին եկա, դա իմ երազանքների իրականացման առաջին քայլն էր:

Ինչպես ասացի, առաջին հայացքից սիրահարվեցի երկրին, բայց նույնը չեմ կարող ասել մարդկանց մասին: Ժողովուրդը մի քիչ խորթ էր ինձ: Ես չէի մտածում, որ այդքան տարբերություն կա (լեզվի, հոգեբանության) սփյուռքահայի և հայաստանցու միջև: Մի քիչ ժամանակ պահանջվեց, որ վարժվեմ: Այդ տարիներին Հայաստանը շատ դժվար ժամանակներ էր ապրում: Եվ առաջին բանը, որ Հայաստանում ինձ հետ պատահեց այն էր, որ դրամապանակս գողացան: Բնական է, որ այդ դեպքը լավ ազդեցություն չէր կարող թողնել:

Բայց ես հիացած էի Հայաստանով: Շրջեցի ողջ երկրով, ժամանակ անցկացրի նվիրյալ հայրենասերների հետ: Ծանոթացա լավ տղաների, Վահան Հովհաննիսյանի պես հեղինակավոր մարդկանց հետ, որոնք զբաղված էին հայրենիքի ազատագրմամբ: Ծանոթացա ուրիշ հերոս տղաների հետ, որոնք այսօր այլևս չկան` Մոնթե Մելքոնյան, Պետրոս Ղևոնդյան, Կարոտ Մկրտիչյան, Հրաչ Մուրադյան, Վարդան Բախշյան, Դուշման Վարդան և այլք: Մարդիկ, որոնք հայրենասիրության իսկական օրինակ դարձան մեզ համար:

– Սակայն, սփյուռքահայի և հայաստանցու միջև եղած տարբերությունը չխանգարեց Ձեզ, որ հայաստանցի կին ունենաք: Ընտանիքում ինչպե՞ս եք կարողանում այդ տարբերությունները հաղթահարել:

– Ես շատ բախտավոր մարդ եմ: Կինս` Լիանան, յուրահատուկ աղջիկ է: Կարող եմ ասել, որ կյանքիս ողնաշարն է եղել վերջին 10-11 տարվա ընթացքում: Շատ հպարտ եմ նրանով:

Գիտեք, ոչ միայն սփյուռքահայերի և հայաստանցիների, այլ տարբեր ժողովուրդների մոտ գաղափարաբանությունների և մշակույթի տարբերություններ կան: Եվ ճիշտ չէ ասել, որ մեկը ճիշտ է, մյուսը` սխալ: Պարզապես հարմարվելու հարց է: Որոշ բաներ կան, որ կյանքի ընթացքում պետք է զիջես: Մինչև այսօր ես Հայաստանում հաճախակի եմ դժվարությունների առջև կանգնում: Օրինակ` իմ և կապանցի գործընկերներիս մտածելակերպը տարբեր է: Սա չի նշանակում, որ ես ճիշտ եմ, նրանք` սխալ կամ հակառակը: Պարզապես տարբեր կերպ եք մտածում:

Բայց եթե դու նպատակասլաց ես, և նպատակդ տկարություն չի ճանաչում, այդ բոլոր մանր դժվարությունները կարող ես հաղթահարել:

– Իսկ երբևէ մտածե՞լ եք, որ կապրեք ու կաշխատեք այն նույն Լեռնահայաստանում, որի մասին միայն կարդացել էիք: Կցանկանայի, որ խոսեիք մտացածին ու իրական Լեռնահայաստանի տարբերությունների մասին:

– Առաջին անգամ երբ կարդացի Լեռնահայաստանի հերոսամարտի, Զանգեզուրի սարերում Գարեգին Նժդեհի մղած կռիվների, հաղթանակների մասին, եթե չեմ սխալվում, 14-15 տարեկան էի: Հետո կարդացի Ռուբենի հուշերը, Րաֆֆու, Մալխասի, Դեմիրճյանի, Զոհրապի գրությունները: Լեռնահայաստանի ու Նժդեհի տարած հաղթանակների մասին պատմությունները երևակայությանս մեջ գծագրվում էին որպես ֆիլմ: Կարծես պատկերացնում էի, թե այդ ամենն ինչպես է եղել: Բայց երբեք մտքիս ծայրով անգամ չէր անցել, որ երբևէ կապրեմ այդ հողերի վրա, որտեղ Նժդեհը կերտել է իր հերոսությունը:

Իսկ հիմա, որ ապրում եմ այնտեղ, ամեն առավոտ զարթնում ու Աստծուն շնորհակալություն եմ հայտնում, որ ունեցել ենք Նժդեհի պես հերոսներ, որոնք հայրենիք են կերտել, և դու այսօր կարող ես քո չնչին մասնակցությունը բերել այդ հողի հզորացման գործում: Մեկ-մեկ տակավին չեմ հավատում, բայց ուրախ եմ:

Միակ տարբերությունն այն է, որ կցանկանայի իմ ժողովրդին ավելի լավ վիճակի մեջ տեսնել: Այսօր Սյունիքի ժողովուրդը բավականին դժվարության մեջ է, աշխատանքը քիչ է, կյանքը թանկ է, աշխատավարձերը չեն բավարարում, լքված ընտանիքներ, հերոս տղաների ընտանիքների կան, որոնք տակավին հացի փող չունեն:

Եվ ցանկությունս է, որ ոչ միայն Սյունիքը, այլև Հայաստանը տնտեսապես ավելի ուժեղ լինի, ժողովուրդն ավելի լավ ապրի, գնահատվի: Դժվար է հատկապես, երբ այդ ամենն ամեն օր մաշկիդ վրա ես զգում, ապրելով, շփվելով ժողովրդի հետ` տեսնում նրա ցավը:

Մնացած ամեն ինչ դրախտ է ինձ համար:

– Այժմ կցանկանայի, որ մի փոքր խոսեք Ձեր ղեկավարած «Դանդի փրիշս մեթալս Կապան» ընկերության մասին:

– Կանադական «Դանդի փրիշս մեթալս Կապան» ԲԲԸ-ն միջազգային ընկերություն է (կորպորատիվ գրասենյակը գտնվում է Տորոնտոյում), որը հանքեր ունի Բուլղարիայում և Հայաստանում, ձուլարան` Նամիբիայում, հետախուզական տարածքներ աշխարհի տարբեր երկրներում:

«Դանդի փրիշս մեթալս Կապան» ընկերությունը զբաղվում է թանկարժեք մետաղների` ոսկի, արծաթ, պղինձ, ցինկ, արդյունահանմամբ: Հանքավայրն առաջին անգամ շահագործվել է 1860 թվականին. 154 տարվա հանքավայր է: Մինչև 2002 թվականը պատկանել է պետությանը, այնուհետև սեփականաշնորհվել է շվեյցարիացի ներդրողներին, որոնցից էլ 2006 թվականին կանադական ընկերությունը ձեռք է բերել:

Ընկերությունն այսօր 1200 աշխատող ունի: Նպատակ ունենք աշխատողների թիվը 60-65-ով ավելացնելու: Մեր աշխատակիցների 99 տոկոսը տեղացի հայեր են, ունենք 23 օտարերկրյա աշխատողներ:

2006 թվականից ի վեր հսկայական ներդրումներ են կատարվել և հանքավայրն այսօր համապատասխանում է միջազգային բարձրագույն չափանիշներին:

Ընկերությունն ունի իր ներքին դպրոցը: Պարբերաբար մասնագետներ են հրավիրվում, որոնք մեր աշխատողների համար մասնագիտական  դասընթացներ են իրականացնում: Մեր աշխատողները նաև արտասահմանում  են  վերապատրաստվում:

ՀՀ կառավարության տվյալներով Հայաստանում ամենաբարձր միջին աշխատավարձը Կապանում է: Դժբախտաբար, միաժամանակ ամենաբարձր գործազրկությունն է Կապանում, մոտավորապես 30 տոկոս, մինչդեռ Հայաստանի այլ շրջաններում` 23 տոկոս է:

Երևանում միջին աշխատավարձը կազմում է 150 հազար դրամ, Կապանում` 179 հազար: Ընկերության աշխատակիցների միջին աշխատավարձը 240 հազար դրամ է:

Եվ այդ ամենը` շնորհիվ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ընկերության վերջին տարիներին ձեռնարկած քայլերի:

Տակավին բարելավման ընթացակարգը շարունակվում է: Մեր նպատակներից մեկն էլ այն է, որ կամաց-կամաց ընկերության կառավարումն ամբողջությամբ հանձնենք հայաստանցիներին:

– Իսկ Կապանի, կապանցու հոգսերով ապրո՞ւմ է ընկերությունը:

– Բնականաբար, մենք զանազան ծրագերի շուրջ միշտ գործակցում ենք քաղաքապետարանի, մարզպետարանի հետ: Երբ եկա Կապան, առաջին ներդրումային ծրագիրը քաղաքի մանկապարտեզների համար մշակեցինք:

Ես երկու փոքրիկ ունեմ. Նարեն հունվարին կդառնա 6 տարեկան, Մանեն 3,5 տարեկան է: Որպես ծնող, բնականաբար, ինձ շատ հետաքրքրեց քաղաքի մանկապարտեզների վիճակը: Երբ այցելեցի մանկապարտեզներ` սարսափեցի պայմաններից: Հիշում եմ` տիկնոջս ասացի, որ երբեք իմ երեխաներին այդ մանկապարտեզներ չեմ ուղարկի: Ասացի, բայց հետո մտածեցի` եթե մենք մեր երեխաներին չենք ուղարկի, ինչու ուրիշը պետք է ուղարկի:

Հանդիպեցի այդ ժամանակվա Կապանի քաղաքապետին և ասացի, որ ընկերությունը կհոգա մանկապարտեզների վերանորոգման ծախսերը: Քաղաքապետը շատ ուրախացավ, մենք ծրագիր մշակեցինք և առաջին տարում մոտ 500 հազար ԱՄՆ դոլարի ներդրում կատարեցինք: Ծրագիրը երեք ու կես տարի է արդեն շարունակվում է: Կապանի բոլոր 12 մանկապարտեզներն օգտվել են այս ծրագրից: Դպրոցները, եկեղեցիները, թանգարանները նույնպես ընկերության ուշադրությունից չեն վրիպել:

Եկեղեցու հովանու ներքո` կիրակնօրյա դպրոցներ ենք բացել, որտեղ հաճախող երեխաները Աստվածաշնչից դրվագներ կարող են սովորել:

Ընկերության ուշադրության կենտրոնում են նաև ազատամարտիկների ընտանիքները: Կապանում ունենք 216 զոհված ազատամարտիկներ և 16-20 (ստույգ թիվը հայտնի չէ) կորած ազատամարտիկներ: Համագործակցում ենք նաև Ղարաբաղի Ազատամարտի վետերանների կոմիտեի հետ:

Իրականացնում ենք նաև առողջապահական ծրագրեր:

Ընկերության սոցիալական ծրագրերի գումարը տարեկան կազմում է մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլար:

Վերջերս, ոչ պաշտոնական ձևով, սկսել ենք Արցախում ներդրումներ կատարել: Ես նաև անձնապես եմ ներդրումներ կատարում և ուրախ եմ, որ կարելիություն ունեմ այդ անելու:

Կովսականում, որն ազատագրված տարածք է, ապրում է 880 բնակիչ: Այնտեղ մենք ռազմադաշտ ենք կառուցել, որտեղ մեր երիտասարդները կարող են ռազմահայրենասիրական դասընթացներ իրականացնել:

Քաջալերում ենք Արցախի պատանիների, երիտասարդների կատարած աշխատանքները, մշակութային միջոցառումներ ենք իրականացնում:

Հանդիպել եմ Արցախի նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի, նաև` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Բավականին լուրջ ծրագրեր կան, հուսով ենք, որ կշարունակենք ներդրումներ կատարել ոչ միայն Սյունիքում, այլև Արցախում:

– Կարո՞ղ ենք ասել, որ Ձեր ապագան այլևս Հայաստանում է:

– Տա Աստված:

– Եվ վերջին հարցը. առաջնորդվելով Ձեր անձնական օրինակով` ի՞նչ խորհուրդ կտաք այն սփյուռքահայերին, ովքեր վարանում են տեղափոխվել Հայաստան, ներդրումներ կատարել:

– Չեմ մեղադրում այն մարդկանց, ովքեր հեռանում են Հայաստանից կամ խուսափում են ներդրումներ կատարել Հայաստանում: Հայաստանում բիզնես անելը ոչ թե դժվար է, այլ շատ դժվար է:

Մեր երկրում տակավին խոչընդոտներ ունենք, կաշառակերությունը մեծ չափերի է հասնում, թափանցիկության պակաս կա: Որոշ նախարարությունների աշխատելաոճը պարզապես զզվելի է:

Բայց ես մեկ բան գիտեմ, դու նրանցից ավելի ուժեղ պետք է լինես, եթե անհրաժեշտ լինի, հակամարտության մեջ պետք է մտնես, եթե ոչ, ապա քեզ կուլ կտան:

Հաճախ ինձ հարցնում են, թե որպես սփյուռքահայ չե՞մ վախենում, հատկապես որ դաշնակցական եմ: Ասում եմ` ոչ, նրանք պետք է ինձնից վախենան, մարդն ինչու իր հայրենիքում պետք է վախենա: Ես միշտ հավատացել եմ, որ պետք է ուժեղ լինել, ինչպես ասում են` լավագույն պաշտպանությունը հարձակումն է:

Իմ աշխատանքը շատ դժվար է եղել, շատերն են փորձել խոչընդոտել, բայց հարվածն ավելի ուժեղ է եղել, զգացել են, որ ամեն սփյուռքահայի չէ, որ կարող են շահագործել:

Դու պետք է լինես ուժեղ և նպատակդ պետք է լինի մաքուր: Իսկ իմ նպատակները մաքուր են. ես ուզում եմ` իմ ընկերությունը լավ աշխատի, լինի շահութաբեր, և մենք կարողանանք մեր միջոցներն օգտագործել մեր ժողովրդին ծառայելու համար, առանց բացառության:

Դժվարությունները շատ են, բայց դրանք չպետք է պատճառ դառնան, որ որևէ սփյուռքահայ իր հայրենքից հեռու մնա: Մենք պետք է գանք հայրենիք, ներդրումներ կատարենք: Լինենք նպատակասլաց և ուժեղ. ինչ էլ լինի մեր հայրենիքն է` իր բոլոր դժվարություններով և առավելություններով: Եթե մենք չսկսենք, ով պետք է սկսի…

Կանադայի «Հորիզոնի» համար զրուցեց Լուսինե Աբրահամյանը

Scroll Up