Ամերիկայի հայ համայնքներին ուղղված ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը

ՀՀ սփյուռքի նախարարությունում գործում են 12 վարչություններ, որոնցից հինգը տարածաշրջանային են:
«Հայերն այսօրը» իր ընթերցողներին է ներկայացնում 2014 թվականի ընթացքում բոլոր վարչությունների իրականացրած աշխատանքները։
Այսօր կանդրադառնանք Ամերիկայի հայ համայնքների վարչության գործունեությանը, որի պետն է Ռոզա Հովհաննիսյանը։
ՀՀ սփյուռքի նախարարության Ամերիկայի Հայ համայնքների վարչությունը տարածաշրջանում իրականացրել է մի շարք աշխատանքներ, որոնք նպաստել են տեղի մշակութային, կրթական ոլորտների զարգացմանը: Մասնավորապես` իրականացվել է «Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցություն» 2013-2014թթ. ծրագիրը:
2014 թվականի ապրիլի 10-16-ը Սիդնեյ են գործուղվել Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհիներ Ռոզա Հովսեփյանը, Լիլիթ Գրիգորյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը` տեղի հայկական դպրոցներում և եկեղեցական երգչախմբերում երգի դասընթացներ անցկացնելու և «Կոմիտաս` հավերժի ճամփորդը» բեմադրությունը ներկայացնելու նպատակով:
2014 թվականի հուլիսի 15-25-ը Սիդնեյ է գործուղվել դուդուկահար Կամո Սեյրանյանը` հուլիսի 20-ին «Հայաստանը Նոյի երկրից դուրս» համերգին մասնակցելու նպատակով:
2014 թվականի օգոստոսի 7-29-ը Սիդնեյ է գործուղվել Աստղիկ Բալայանը` տեղի հայկական ամենօրյա և մեկօրյա վարժարանների ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ անցկացնելու նպատակով:
2014 թվականի նոյեմբերի 4-7-ը Սիդնեյ են գործուղվել Մուրադ Մալխասյանը, Ֆորշը (Վահան Գևորգյան) և Մերի Մնջոյանը` տեղի հայկական դպրոցներում և եկեղեցական երգչախմբերում երգի դասընթացներ անցկացնելու և բարեգործական համերգներին մասնակցելու նպատակով:
Վարչությունը ապահովել է իր տարածաշրջանի մասնակցությունը ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած ծրագրերին և համաժողովներին՝ «Արի Տուն», «Ամառային դպրոց», «Իմ Հայաստան» փառատոն, Իսլամացած հայերի խնդիրների շուրջ կլոր սեղան-քննարկում, Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողով և այլն:
Վարչությունն իրականացրել է «Հայկական Սփյուռք» 2014 Տարեգրքի նյութերի հավաքագրման աշխատանքը՝ ըստ երկրների:
Վարչությունը կազմակերպել է Աննա Աստվածատրյան-Տուրկոտի «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն», Սոսի Գևոնյանի «Կեսարիո նախճիրները» գրքերի շնորհանդեսը, ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեջինյանի մեկամսյա անհատական ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում:
2014 թվականի հունվարի 7-14-ը Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողուհիներ Մելինե Գրիգորյանը, Անահիտ Սահակյանը, Մարիամ Պետրոսյանը Նյու Յորքում մասնակցել են «Նյու Յորք, ես քեզ սիրում եմ» մանկապատանեկան երաժիշտների մրցույթին:
Հունիսի 21-28-ը կազմակերպվել է հայրենասիրական և ժողովրդական երգերի կատարող Ռուբեն Սասունցու այցը Կանադայի Տորոնտո և Մոնրեալ քաղաքներ:
Հոկտեմբերի 4-10-ը կազմակերպվել է երգիչներ Սիլվա Հակոբյանի և Համլետ Գևորգյանի այցը Կանադա՝ «Հայրենիք» միության 8-րդ տարեդարձի կապակցությամբ Տորոնտոյի Սուրբ Երրորդություն Հայ Առաքելական եկեղեցու կողմից կազմակերպված համերգին մասնակցելու նպատակով:
Աջակցել ենք մարտի 11-13-ը Գլենդեյլում կայացած Ռաֆայել Մեգալի ցուցահանդեսի կազմակերպմանը:
Մայիսի 26-28-ը Հայաստանում կազմակերպվել է ամերիկահայ դիզայներ Մայքլ Արամի մետաղային-դեկորատիվ աշխատանքների ցուցահանդեսը:
Տարվա ընթացքում վարչությունը համագործակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի հետ:
Համալրվել է տարածաշրջանի հայ համայնքների անձնագրերի տեղեկատվական բազան: