Անլռելի զանգակատուն. Հայաստան 1915 -1918. Իսպանիայում Ցեղասպանության լուսանկարների շրջիկ ցուցադրություն է բացվել

Իսպանիայում հունվարի 21-ին բացվել է  «Անլռելի զանգակատուն. Հայաստան 1915 -1918»  շրջիկ ցուցադրությունը, որի նպատակն է՝ Իսպանիայում տարածել և քարոզել  մեկուկես միլիոն քրիստոնյաների  Ցեղասպանությունը` իրագործված թուրք իսլամիստների ձեռքով, գրում է Tert.am-ը:

Ինչպես հայտնում է madridgratis.net մադրիդյան պարբերականը` «Անլռելի զանգակատուն. Հայաստան 1915 -1918» ցուցադրությունը, որը տեղեկատվական բնույթ է կրում, կազմակերպվել է «Մադրիդի հայեր» ասոցիացիայի կողմից` Իսպանիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո:

«Առաջին անգամ է նմանօրինակ միջոցառում կազմակերպվում Իսպանիայում: Այն հնարավորություն է ընձեռում լուսանկարների միջոցով ավելի լավ  տեղեկացված լինել 1915-1918 թվականներին Օսմանյա կայսրության կազմում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին:  Ցեղասպանությունն իրականացվել է հայ ժողովրդի նկատմամբ, որին զոհ է գնացել 1.5 մլն մարդ, մնացյալ ողջ ժողովուրդն էլ տեղահանվել է իր պատմական բնակավայրից»,-գրում է աղբյուրը՝ հավելելով.

«Այս երկար ու դժվարին  99  տարվա ընթացքում Ցեղասպանությունը չի ընդունվել՝ ինչպես որ հարկն է և շարունակում է հնչել որպես «ոչ պաշտոնական» իրողություն մարդկության համար: Ցուցադրության նպատակն է՝ փոխել այս մտածելակերպը, այցելուներին հնարավորություն տալ՝ ճանաչելու 20-րդ դարի ամենակարևոր հանցագործությունը` Մեծ եղեռնը»:

Ցուցադրությունն անցկացվում է Մադրիդի շրջանի Ալկարա դե Էնարես քաղաքի «Կինտա դե Սերվանտես» սրահում, բաց է երեքշաբթիից կիրակի օրերին:

Scroll Up