«Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր…»

Հարավային Ռուսաստանի Հայոց  թեմի հոգևոր առաջնորդ Գերշ. Մովսես Սրբազանի օրհնությամբ, Կրասնոդարի հայկական համայնքի տարբեր օղակներ՝ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին  ընդառաջ, ծրագրում են տարաբնույթ հիշատակի միջոցառումներ։ Դրանք նպատակ ունեն. նախ՝  հասարակության տարբեր շրջանակներին իրազեկել 20-րդ դարում մարդկության դեմ իրականացված մեծագույն ոճրագործության մասին և ապա՝ հայ երիտասարդներին ու պատանիներին  ներշնչել պատմական հայրենիքի կորստյան հետ երբեք չհաշտվելու հաստատակամություն։

Միջոցառումների շարքը մեկնարկել էր 2014 հունվարի  24-ին Կրասնոդարի Պաշկովկա թաղամասի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» հայկական եկեղեցում, հոգևոր հովիվ Տ. Դանիել քահանա Կուկույանի նախաձեռնությամբ կայացած եկեղեցու երգչախմբի «Կոմիտաս» համերգով։ Ամբողջ տարվա ընթացքում տեղի ունեցան Ցեղասպանությունը և հարակից այլևայլ թեմաներ լուսաբանող հանդիպումներ, զեկուցումներ, կինոդիտումներ։ Ապրիլի քսանչորսյան միտինգում այս անգամ ելույթ ունեցողները ազգային գործիչներ կամ կազմակերպության ղեկավարներ չէին, այլ ուսանողներ, երիտասարդներ, որոնք իրենց մտորումներն էին հաղորդում հավաքված հանրությանը, հարյուրամյա հեռավորությունից չխամրած իրենց մորմոքը կիսում ունկնդիրների հետ և արժանանում բուռն ծափերի և հույզերի։

Այս մեկամյա շրջափուլը եզրափակեց «Արմատ» դպրոցում կազմակերպված «Եղիշե Չարենցը և եղեռնաշունչ ժամանակը» գրական երեկոն։

«Վարդանյան» կրթամշակութային կենտրոնի հյուրասենյակում հավաքվել էին «Արմատ»  դպրոցի ավագ խմբերի աշակերտներ, ուսուցիչներ, հոգևորականներ և ծնողներ։

Երեկոն բացեց կենտրոնի տնօրեն Տ. Սարգիս Թաշջյանը, ապա «Արմատ» դպրոցի ղեկավար Երազիկ Հարությունյանը պարզաբանեց երեկոյի խորհուրդը. «Մեր  ժողովրդի համար հանգիստ ժամանակներ չեն եղել, սակայն 20-րդ դարասկիզբը տառապանքների կիզակետն էր։ Տասնամյակներ տևած ջարդ ու Եղեռն, Առաջին համաշխարհային պատերազմ, հայկական հարցի բազմաբնույթ շահարկումներ, պատմական հայրենիքի մի հյուծված և արյունոտ կտորի վրա Առաջին հանրապետություն, քանդածը վերաքանդող բոլշևիկյան    հեղափոխություն… անփարատելի ցավ ու տառապանք, հիվանդ հույսեր և չմեռնող հավատ… Հավա՛տ, որ նորանում է ամեն սերնդի հետ։

Եղեռնի հարյուրամյակը ոգեկոչող միջոցառումների  շրջափուլը հարմար ենք գտնում շարունակել Եղիշե Չարենցին նվիրված երեկոյով։  Նախ՝ Կոմիտաս, Թումանյան, Չարենց, ապա նոր՝ Վարուժան, Սիամանթո, Ռուբեն Սևակ, Զոհրապ։ Առաջինները ավելի երկար նայեցին մահվան աչքերին, ավելի երկար տվայտեցին, որոնեցին փրկության ճանապարհը»։

Այնուհետև  «Մեծ Մհեր» դասարանի ուսանողները քայլ առ քայլ, պատում առ պատում, ասմունքով ու երգով արժևորեցին Եղիշե Չարենց երևույթը։ Քանզի այս հզոր, համանվագային պոետի ստեղծագործությունը հայ կյանքի, Հայաստանի կորուստների, ձեռքբերումների և հույսերի պոետական խրոնիկան է։

Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս բախտազուրկ,

Ինչպես երկիրս ավերակ ու արնաներկ —

Մխում է սիրտս հիմա որբ, մխում է սիրտս բախտազուրկ,

Մխում է սիրտս՝ ավերակ ու արնաներկ…

Լսարանը երեք ժամ շարունակ ապրում էր Չարենցի աշխարհում, մերթ քնքշանում նրա անհուն և նուրբ սիրո ոլորտներում. «Ինչ էլ լինի, քու՛յր իմ, քույր, հեռանալիս չանիծես», մերթ ողջ էությամբ ժխտում պատերազմի ավերիչ շունչը, ընդվզում գազանության ու բարբարոսության դեմ, «Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես, Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք»,  մերթ բռունցքվում հայրենիքի պաշտպանության մատույցներում.  «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան», մերթ դեգերում իրական արվեստի հավերժական փնտրումներում. «Հիմի շատ են երգիչները – հոգու ուզած տաղը չկա…», մերթ իմաստնանում «Գիրք ճանապարհիի» միշտ արդիական խորհուրդներով։ Իսկ «Ես իմ անուշ Հայաստանին» հնչեցրին բոլորը միասին՝ որպես աղոթք, որպես հիմն, յուրաքանչյուր հայի հոգու նվիրական  բարբառ։
Բոլորը խանդավառված էին Չարենցի և Հայաստանի լուսավոր կերպարներով, բոլորը համոզված էին, որ երբեք չպետք է կորցնել մեծ մտածողի հավերժ կենդանի երազը.

Կտեսնեն քեզ հանկարծ լուսե՜ ու պայծառ

Ու կլինես դու հարազատ ու անուշ։

Մութը կանցնի ու մառախուղը անծայր

Հուշ կդառնա, հնամենի մի զրույց…

Իսկական բանաստեղծը իր ժամանակի ծնունդն է և իր ժամանակի խորհրդանիշը։ Իսկական բանաստեղծությունը բարձր արվեստ է, հաղորդակցվողին տանում է իր հետ, մտնում է նրա հոգին, կապում է իր հետ, վարակում է, վարարեցնում է հույզերը, պահում է իր ազդեցության տակ, փոխում է հոգեկանը, գերում է։ Իսկական բանաստեղծի ամեն մի տողը դառնում է դաս, պատգամ։

«Արմատ» դպրոցի բոլոր աշակերտները ստացան իրենց կյանքի ամենատպավորիչ դասերից մեկը՝ Եղիշե Չարենցի ստեղծագործության և կյանքի հուշումներն ու խորհուրդները  և դրանց մեջ ամենակարևոր ու ամենաճշմարիտ պատգամը, որը երեկ, այսօր և վաղը, դեռ շատ երկար ժամանակ արդիական է լինելու. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Յուրաքանչյուրն իր հոգում պետք է տարրալուծի և  արթուն պահի այդ դասի մեծ խորհուրդը՝  մայր հայրենիքի և Սփյուռքի հավաքականության վերաբերյալ, որը հայ ժողովրդին ավելի տոկուն կդարձնի ճակատագրի փորձությունների, պատմական արդարության վերականգնման ոչ այնքան դյուրին ճանապարհին:

Առջևում մեծ Եղեռնի հարյուրամյակը ոգեկոչող միջոցառումների երկրորդ շրջափուլն է, որին Կրասնոդարի հայությունը պատրաստվում է ամենայն պատասխանատվությամբ։

ԵՐԱԶԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կրասնոդար

unnamed (3) unnamed (2) unnamed (1)

Scroll Up