«Պարգևի’ր ուրախ Ամանոր» խորագրով ծրագրի շրջանակներում «Փլեյ-Սիթի» զվարճանքների կենտրոնում կայացավ ամանորյա տոնական միջոցառում և հյուրասիրություն
ՀՀ սփյուռքի նախարարությունը, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի նախաձեռնությամբ և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության համագործակցությամբ, իրականացրեց «Պարգևի’ր ուրախ Ամանոր» խորագրով ծրագիրը:
Ծրագրի երրորդ փուլի շրջանակներում 100 սիրիահայ և իրաքահայ երեխաների համար նվերներ էին պատրաստել համահայկական և միջազգային կառույցները, հասարակական կազմակերպություններն ու հայաստանյան ձեռնարկությունները, ինչպես նաև անհատ բարերարներ:
Տոնական միջոցառումը տեղի ունեցավ դեկտեմբերի 24-ին «Փլեյ-Սիթի» զվարճանքների կենտրոնում, որը հյուրընկալեց ծրագրի մասնակից երեխաներին և նվիրատուներին՝ կազմակերպվելով հյուրասիրությունն ու երեխաների ուրախ ժամանցը խաղասրահում:
Սիրիահայ մանուկներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից օրհնանքի խոսք էր բերել Սոցիալական կենտրոնի տնօրեն Հայր Իսահակ վրդ. Պողոսյանը, ով ողջունեց ներկաներին:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը խաղաղ մանկություն մաղթեց բոլոր հայ երեխաներին:
Նախարարը շնորհակալություն հայտնեց «Փլեյ-Սիթի» զվարճանքների կենտրոնի տնօրեն Արման Նազարեթյանին, հյուրասիրության կազմակերպման աջակից կառույցներին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական կենտրոնին, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակին, ինչպես նաև ծրագրի նվիրատուներին՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությանը, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի կառավարիչ Ավետիս Բալոյանին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամին, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությանը, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպությանը, «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությանը, Հայ կանանց միջազգային ընկերակցությանը (AIWA), Հայ-ամերիկյան առողջության կենտրոնին, Հայ կանանց առողջության պահպանման ասոցիացիային, «ООО «Российско-армянская дружба» և «Global Media Lab» ընկերություններին, w.w.w.aad.am կայքին, ինչպես նաև Բուրակ Կերկորյանին և այլ անհատ բարերարներին:
ՀՀ սփյուռքի նախարարը հատուկ շնորհակալություն հայտնեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը և նախարարության աշխատակիցներին՝ սիրիահայ և իրաքահայ մանուկների Ամանորը անկրկնելի դարձնելու գործում ներդրած ջանքերի համար:
Նախարար Հրանուշ Հակոբյանը նվերներ հանձնեց ծրագրի ամենափոքր և ամենամեծ մասնակիցներին՝ 3 ամսական Գրիգոր Տունկյանին և 14-ամյա Սասուն Հակոբյանին:
Նախարարը, շնորհավորելով ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Բիերվիրթի ծննդյան տարեդարձը, նշեց, որ մեծ է գրասենյակի ավանդը Հայաստան ժամանած սիրիահայերի խնդիրների լուծմանն աջակցելու գործում:
Շնորհակալական խոսք հայտնեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Լենա Հալաջյանը:
Ամանորի շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Բիերվիրթը, ինչպես նաև մյուս նվիրատու կառույցների ներկայացուցիչները:
Տոնական միջոցառման ընթացքում երեխաներին ողջունեցին հայտնի ակրոբատներ Արմեն Ադոնցը և Մագան՝ ներկայացնելով զարմանահրաշ շոու ծրագիր, «Ջամբո» էկզոտիկ պարկ-ռեստորանի Միմի կապիկը, ինչպես նաև Ձմեռ պապը: