Կայացավ «Ձեռք ձեռքի` Դարբնիկի համար» ձեռնարկը

Միանալով ՀՀ սփյուռքի նախարարության կոչին` «Պարգևիր ուրախ ամանոր», Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը`Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ, www.fyca.net), նախաձեռնել էր «Ձեռք ձեռքի` Դարբնիկի համար» բարեգործական ձեռնարկը, որի շրջանակներում դեկտեմբերի 22-ին օգնություն ցուցաբերվեց Արարատի մարզի Դարբնիկ գյուղում բնակվող  փախստական և հայրենադարձ (իրաքահայ, սիրիահայ) կարիքավոր ընտանիքներին:

Ձեռնարկի շրջանակում ընտանիքներին բաժանվեցին ձմեռային հագուստ, գրենական պիտույքներ, քաղցրավենիք, խաղալիքներ և այլ պարագաներ:

Դարբնիկի գյուղի աշակերտների մասնակցությամբ փոքրիկ միջոցառում էր կազմակերպել, որը սկսվեց Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու Տեր Թաթուլ քահանա Գասպարյան օրհնության խոսքով:

Դարբնիկի գյուղապետ Դավիթ Գզիրյանը շնորհակալություն հայտնեց Երիտասարդական ակումբների դաշնությանը, որը Ամանորի նախաշեմին օգնության ձեռք է մեկնել կարիքավոր ընտանիքներին` նպատակ ունենալով փոքր ինչ թեթևացնելու բնակիչների հոգսերը:

ԵԱԴ նախագահ Ատոմ Մխիթարյանը նշեց, որ իրենք դիմել են տարբեր կազմակերպությունների և շատ արձագանքներ ստացել:

«Սպասվածից մոտ տասն անգամ ավելի շատ նվերներ հավաքվեց: Հայաստանից և Սփյուռքից տարբեր կազմակերպություններ միացան մեր նախաձեռնությանը և ցանկացան փոքրիկ նվերներով մի քիչ ջերմություն բերել Ձեր ընտանիքներին»,-ասաց Ատոմ Մխիթարյանն ու հավելեց, որ գյուղի հետ կապը մշտական կլինի և անընդհատ այցելություններով կփորձեն աջակցել բնակիչներին:

Ձեռնարկը նպատակ ուներ Ամանորին ընդառաջ փոքր-ինչ թեթևացնելու և ուրախություն պարգևելու Դարբնիկում բնակվող փախստական և հայրենադարձ կարիքավոր ընտանիքների հոգսերը:

ԵԱԴ-ի նախաձեռնությանն իրենց մասնակցությունն են բերել Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը, Արարատյան Հայրապետական թեմը, Չարենցավանի երիտասարդական ակումբը, “Բարեկամություն” ՀԿ-ն, Հայկական Փի Ար ասոցիացիան, Երևանի կանանց միջազգային միավորումը, մի շարք անհատներ Հայաստանից ու Սփյուռքից:

1 2 3 4 5 6 7 8

Scroll Up