Կայացավ «100 հայտնիները՝ սիրիահայ 100 երեխաների համար» միջոցառումը

ՀՀ սփյուռքի նախարարությունը, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի նախաձեռնությամբ և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացնում է «Պարգևի’ր ուրախ Ամանոր» խորագրով ծրագիրը, որի մեկնարկը տրվել է դեկտեմբերի 22-ին Արարատի մարզի Դարբնիկ գյուղում բնակվող սիրիահայ և իրաքահայ ընտանիքների երեխաների համար կազմակերպված «Ձեռք ձեռքի` Դարբնիկի համար» ձեռնարկով:

Ծրագրի «100 հայտնիները՝ սիրիահայ 100 երեխաների համար» միջոցառումը կայացավ դեկտեմբերի 23-ին «Ջամբո» էկզոտիկ պարկ-ռեստորանում, որտեղ հյուրընկալվեցին երեխաները և ծրագրի մասնակից հայտնիները:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց միջոցառմանը միացած հայ աստղերին և հովանավորներին: «Ձեր տաղանդը, ձեր փառքն ու ճանաչումը այս քայլով եռապատկվեց», – նշեց նախարարը:

Սիրիահայ և ուկրաինահայ մանուկներին ուղղված իր խոսքում՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց. «Ես ուզում եմ, որ երկիր մոլորակը 2015թ. խաղաղ լինի, և հայկական Սփյուռքը ավելի կազմակերպված ու հայրենակենտրոն դառնա: Սիրելի՛ երեխաներ, ձեզանից մի մասը ծնվել է Հայրենիքում, և դա ամենամեծ ձեռքբերումն է»:

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Լենա Հալաջյանը նշեց, որ Հայրենիքում ապրող սիրիահայ երեխաների հասակակից հազարավոր երեխաներ այսօր Սիրիայում ցուրտ ու դժվար պայմաններում են ապրում: «Մենք այսօր շատ բանով ենք երախտապարտ մեր Հայրենիքին», – հավելեց նա:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը և «Ջամբո» էկզոտիկ պարկ-ռեստորանի ողջ անձնակազմին՝ միջոցառումը նախաձեռնելու և բարձր մակարդակով իրականացնելու համար:

Իր հերթին ՀՀ սփյուռքի նախարարությանը շնորհակալություն հայտնեց պարկ-ռեստորանի տնօրեն Արտյոմ Վարդանյանը  և նշեց, որ սիրով է ընդառաջել նման բարեգործական ծրագրի իրականացմանը:

Այնուհետև 100 հայտնի հայեր «100» խորհրդանշական թվով ամանորյա անվանական նվերներ հանձնեցին Հայաստանի մարզերում և Երևանի արվարձաններում բնակություն հաստատած 100 սիրիահայ, ինչպես նաև ուկրաինահայ երեխաների:

«Վիտամին» ակումբի տղաները նվերներ հանձնեցին ութ ուկրաինահայ երեխայի, իսկ երաժիշտ, հումորիստ Գարիկ Պապոյանն իր անձնական հավաքածուից մի կիթառ նվիրեց մանուկներից մեկին: Եւս տասը ուկրաինահայ երեխաների համար նվերներ էր պատրաստել ATV հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ»-ի հաղորդավար Հրաչ Մուրադյանը:

Երչուհի Զարուհի Բաբայանը և նրա երգի դպրոցի սաները, Սիլվա Հակոբյանը, Արսեն Գրիգորյանը /Մրո/, Բեթթին, Դալիթան, Անգելինա Գասպարյանը, Լիդուշիկը, Նառան և այլք իրենց երաժշտական կատարումներով ամանորյա անկրկնելի տրամադրություն ապահովեցին սիրիահայ և ուկրաինահայ մանուկների համար:

Միջոցառմանը մասնակից հայտնիներ Առաքել Միրզոյանը, Էրիկ Անթառանյանը, Լիլիթ Մարգարյանը, Գայանե Ասլամազյանը, Կարեն Գիլոյանը, Հրաչ Մուրադյանը, Քրիստինե Մելքոնյանը, Դիանա Գրիգորյանը, Լիանա Տեր-Մինասյանը, Գրիշա Աղախանյանը  և այլք առանձնահատուկ սիրով սիրիահայ մանուկներին հանձնեցին խնամքով պատրաստված իրենց նվերները:

Միջոցառման հյուրասիրությունը կազմակերպել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը, «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն:

02 03 04 05

Scroll Up