ՀՀ սփյուռքի նախարարությունը ամփոփում է. Նախարարի 2015-ի այցելությունները Սփյուռքի հայ համայնքներ
«Հայերն այսօրը» ներկայացնում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի 2015 թվականի ընթացքում կատարած պաշտոնական այցելությունները Սփյուռքի մի շարք համայնքներ:
Հանդիպումների առանցքում եղել են համայնքային կառույցների հետ կապերի սերտացումը, համայնքներին նախարարության ծրագրերին ծանոթացնելը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպումը եւ սիրիահայերին օգնություն ցուցաբերելուն առնչվող հարցերը:
ՀՀ սփյուռքի նախարարի աշխատանքային այցը Լիբանան
Մարտ 12-ից 15-ը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով մեկնեց Լիբանան: Այդ ընթացքում նա մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի գլխավոր և այլ միջոցառումներին, հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի և Տանն Կիլիկիոյ կաթողիկե հայոց Ներսէս–Պետրոս ԺԹ-ի և Լիբանանի խորհրդարանի նախագահ Նեբիհ Բըրրիի հետ, ինչպէս նաև հայ համայնքի եւ համահայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ապա նախարարն այցելել է Այնճար, ուր հանդիպում է ունեցել Այնճարի հայ համայնքի ներկայացուցիչների և ղեկավարության հետ: Նախարարը ներկա է գտնվել մի շարք միջոցառումների:
ՀՀ սփյուռքի նախարարի աշխատանքային այցը Ավստրալիա
Որպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հատուկ բանագնաց՝ ՀՀ սփյուռքի նախարարը մարտ 19-ից 26-ը մեկնեց Ավստրալիա: Այստեղ նախարարը հանդիպել է Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի անդամ, Տրանսպորտի նախարար, Հանթեր շրջանի նախարար Գլադիս Բերեջիկլյանին: Սիդնեյի Թումբալոնգ զբոսայգու Դարլինգ Հարբոր նավահանգստի մոտ նախարարը մասնակցել է Սիդնեյի «Հայկական փառատոն 2015»-ին: Սփյուռքի նախարարը մեկնել է նաև Կանբերա:
Ավստրալիայի խորհրդարանում նախարարը հանդիպել է ազգությամբ հայ նախարար, Ավստրալիայի գանձապետ Ջո Հոքեյին, ինչպես նաև՝ մի շարք ավստրալացի պաշտոնյաների:
ՀՀ սփյուռքի նախարարի աշխատանքային այցն Աբու Դաբի
Մարտի 27-ին Հրանուշ Հակոբյանը Աբու Դաբիի Սրբոց նահատակաց եկեղեցում մասնակցել է Ծաղկազարդի պատարագին և ծաղիկներ դրել եկեղեցու բակի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարին:
ՀՀ սփյուռքի նախարարի այցը Վատիկան
Ապրիլի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Վատիկանում մասնակցել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագին: Նախարարը պատարագը բնորոշել է որպես հոգեցունց, հոգեպարար, պատմական երևույթ:
Նա ներկա է գտնվել նաև Իտալիայի Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Կարդինալ Սեպեի կողմից մատուցված եկեղեցական արարողությանն ու Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարի բացման և օծման արարողությանը:
ՀՀ սփյուռքի նախարարի աշխատանքային այցը Կանադա
ՀՀ սփյուռքի նախարարը մայիսի 1-ից 4-ը Կանադայում հանդիպել է համայնքի ներկայացուցիչների և Մոնրեալի քաղաքապետ Դենիս Կոդերի հետ: Մոնրեալում նախարարը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ, ինչպես նաև մասնակցել է «Մարդկության համար քայլերթին»:
ՀՀ սփյուռքի նախարարի աշխատանքային այցը Մարսել
Հունիսի 19-ից 22-ը ՀՀ սփյուռքի նախարարի այցը Մարսել հագեցած էր բազմաթիվ միջոցառումներով: Այստեղ գտնվելու օրերին նախարարը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ապա այցելել Ցեղասպանության ժամանակ զոհված կանանց հիշատակը մարմնավորող հուշաքարին: Նախարարն այցելել է նաև Մարսելի հայաբնակ Բոմոն թաղամասի Հայ Առաքելական եկեղեցի և Ավետարանական եկեղեցի, ապա մասնակցել ՀԲԸՄ-ի տարեկան հանդիպմանը: Սփյուռքի նախարարը ներկա է գտնվել նաև Նունե Եսայանի «Կա՛նք, պիտի՛ լինենք ու դե՛ռ շատանանք» նշանաբանով համերգին:
Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Բուշ դյու Ռոնի մարզպետ տիկին Մարտին Վասալի, Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ:
ՀՀ սփյուռքի նախարարի աշխատանքային այցը Բեյրութ
Հուլիսի 17-ից 20-ը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Բեյրութում էր գտնվում՝ մասնակցելու «Թռչնոց բույն» հաստատության վերանորոգված շենքի և թանգարանի բացման, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի գահակալության 20-րդ տարեդարձի միջոցառումներին և Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հովանավորությամբ Ջբեյլի «Թռչնոց Բույն» հաստատությունում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պեզիկյան» թանգարանի բացման արարողությանը:
Նախարարը մասնակցել է նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ և քրիստոնյա եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությամբ Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում մատուցվող սուրբ և անմահ պատարագին: Այնուհետև Բիքֆայայում հանդիպում է ունեցել կաթողիկոս Արամ Ա-ի հետ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Բեյրութում էր գտնվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ:
ՀՀ սփյուռքի նախարարի աշխատանքային այցը Ռումինիա
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը աշխատանքային այցով մեկնել էր Ռումինիա:
Այցի շրջանակներում Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Ռումինիայի կառավարության կրոնից հարցերով պետքարտուղար Վիկտոր Օպասկիի,
Ռումինիայի Սփյուռքի ռումինների հարցերով նախարար Անջել Տըլվարի հետ: Նախարարն այցելել է նաև Հայոց Առաջնորդարան՝ հանդիպելու Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև Եպս. Հակոբյանի հետ:
ՀՀ սփյուռքի նախարարի աշխատանքային այցը Նիդեռլանդներ
Հոկտեմբերի 16-18-ը Նիդեռլանդների թագավորություն կատարած այցի ընթացքում
Հրանուշ Հակոբյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ալմելոյի քաղաքապետ Յոն Հերմանս-Ֆլադբելդի հանդիպումը: Այնուհետև նախարարն այցելել է Ալմելոյի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հուշահամալիրին, իսկ եկեղեցու բակում հիշատակի եղևնու ծառ տնկել:
Ամստերդամում տեղի ունեցած Հայ առաքելական «Սուրբ Հոգի» եկեղեցու 300-ամյակին նվիրված միջոցառմանը նույնպես ներկա է գտնվել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
ՀՀ սփյուռքի նախարարի աշխատանքային այցը Շվեդիա
ՀՀ սփյուռքի նախարարի 2015 թվականի պաշտոնական այցելությունները Սփյուռքի հայ համայնքներ եզրափակվել է հոկտեմբերի 23-27-ը Շվեդիա կատարած աշխատանքային այցով:
Հրանուշ Հակոբյանը մասնակցել է Շվեդիայի Սյոդերթելյե քաղաքի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու օծման արարողությանը:Այնուհետև նախարարը հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) փոխխոսնակ Իսաբել Դինգիզյանի և Սյոդերթելյեի քաղաքապետ Բոել Գոդների հետ:
Նախարարը հանդիպումներ է ունեցել նաև մի շարք հայաշատ քաղաքներում՝ Օրեբրոյում և Ուպսալայում: