Երեկ ուսանողների միջազգային օրն էր. Սփյուռքի նախարարությունը ևս շնորհավորում է
Նոյեմբերի 17-ը ողջ աշխարհը նշում է Ուսանողության միջազգային օրը։ Վերջին մի քանի տարիներին Հայաստանում նույնպես տոնում են այս օրը։
Տոնի առիթով Երևանում մի շարք միջոցառումներ էին կազմակերպվել, որին մասնակցում էին տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներ: Ի դեմս Սփյուռքահայ ուսանողների խորհրդի՝ տոնական միջոցառումներին մասնակցում են նաև երևանյան ԲՈՒՀ-երի սփյուռքահայ ուսանողները: Ի դեպ, Սփյուռքահայ ուսանողների խորհուրդն այս տարի մի շարք կարևոր միջոցառումներ է իրականացրել, որոնց համար մարտին «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական մրցույթում Սփյուռքի նախարարության կողմից արժանացել է II կարգի դիպլոմի:
ՀՀ սփյուռքի նախարարությունը շնորհավորում է Հայաստանում և Սփյուռքում ապրող բոլոր հայ ուսանողներին՝ մաղթելով ավելի մեծ եռանդ ու պատասխանատվություն՝ հայի ինքնությունը վառ պահելու և հայապահպանական ծրագրերի իրականացման կարևոր գործում:
1939թ. նոյեմբերի 17-ին ֆաշիստները շրջափակեցին Պրահայի համալսարանի ուսանողական հանրակացարանը և մոտ 1200 ուսանողների գերեվարեցին համակենտրոնացման ճամբար։ Այդ նույն օրը, ըստ որոշ տեղեկությունների, 9-ը ուսանող մահապատժի ենթարկվեց։ Ավելի ուշ՝ 1946 թվականի նոյեմբերի 17-ին, Պրահայում Ուսանողների համաշխարհային կոնգրեսը այդ օրը հռչակել է Ուսանողության միջազգային օր:
Այսօր արդեն նոյեմբերի 17-ը համարվում է ուսանողների խորհրդանշական համախմբման օր։ Նրանք այդ օրը լիաթոք ուրախանում են՝ մոռանալով առաջիկա ստուգարքների և քննությունների մասին։