«Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմի ցուցադրումը Սոչիում

Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Սոչիի հայկական համայնքի ղեկավարությունը Ադլերի շրջանի «Վեսնա» հյուրանոցի կինոյի դահլիճում կազմակերպեց «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական կինոժապավենի ցուցադրումը: Համայնքի նախագահ Հրաչ Մակեյանի հրավերքով ֆիլմը Սոչի էր բերել սցենարի հեղինակն ու ռեժիսորը՝ ԵՊՀ դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, թուրքագետ Լուսինե Սահակյանը: Երկու մասերից բաղկացած փաստագրական ժապավենը Սոչիի հայերի առջև բացեց Օսմանյան կայսրության կողմից ծրագրավորված ու հետևողականորեն իրականացված հայերի ուծացման, ցեղասպանության ու բռնի իսլամացման քաղաքանության հետևանքների տեսարանները: Երկնագույն էկրանին տեղի համշենահայերը տեսնում էին իրենց արյունակիցներին, ովքեր խոսում էին համշենի իրենց բարբառով, երգում էին նույն և նույն խաղիկները, ինչ իրենց պապերն ու տատերն են երգում, պարում էին հարազատ շուրջպարերը, որոնք համանման շարժումներով ու ելևէջներով իրենք են պարում… Նույն սովորույթներն ու ավանդույթները, խոհանոցը, նիստ ու կացի հետ կապված ավանդույթները… Ոմանք գիտեն իրենց հայկական ծագման մասին, ոմանք չեն էլ հասկանում, որ միմյանց հետ խոսում են հայերենի համշենյան բարբառով, իսկ իրենց պապերը իսկական քրիստոնյա հայեր են եղել, որոնց բռնի իսլամի են ենթարկել ու աստիճամնաբար թուրքացրել Օսմանյան կայսրության պարագլուխները: Ուսումնասիրությունների ու գիտական հետազոտությունների նպատակով Համշեն մեկնած Լուսինե Սահակյանը, չէր կարող անտարբեր մնալ ընգծված հայկական դիմագծերով հայալեզու համշենահայերի պատմությունների, բանահյուսական մշակույթի հանդեպ ու սահմանափակվել միայն գիտական ակնարկներով ու աշխատություններով: Պատմական Համշենի տարբեր բնակավայրերի նկարահանումները հանգիստ չէին տալիս նրան, որոնք ի վերջո ի մի բերելով, Լուսինեն վերածեց ֆիլմի, որը մասնակցելով ԱՐՓԱ կինոթառատոնին արժանացավ Արմին Վեգների մարդասիրական մրցանակին:
« Ով գիտե, միգուցե իմ ֆիլմի հերոսները իսլամացված համշենահայերի վերջին սերունդներն են, ովքեր դեռ հիշում են համշենահայերի իրենց բարբառը, երգերը, պարերը, կենցաղի, ապրելակերպի, տարազների ու սովորույթների մեջ պահպանված հայկական երանգները: Նրանք բնակվում են քաղաքակրթությունից հեռու, կառչած բնությանն ու գյուղական կյանքի տարրական պայմաններին: Մշակում են հողը պապերից մնացած աշխատանքի մեթոդներով, վաստակում օրվա հացը սեփական քրտինքով: Սակայն նրանց սերունդներն արդեն հեռանում են հայրենի բնօրրաններից` մեծ քաղաքներում կրթություն ստանալու հեղինակավոր աշխատանք փնտրելու հեռանկարներով: Նոր սերունդներն արդեն չեն տիրապետում մայրենի լեզվին և գնալով ուծացվում են թուրք ազգի հետ: Տարիներ հետո այս բնիկ հայկական տեղանուններով բանակավայրերում էլ կվերանա վերջին համշենահայը, նրա թոռներն ու ծոռները այլևս չեն հիշի իրենց գյուղի կամ լեռան գագաթի հին հայկական անվանումը` այսպիսով վերջ դնելով թուրքերի ուծացման ու իսլամացման քաղաքականության հաղթական ծրագրին: Իմ ֆիլմը հազվագյուտ նկարահանումների փաստագրական ժապավեն է, որը վավերացնում է պատմական Համշենի թերևս ամենավերջին ներկայացուցիչների գոյությունը իրենց էթնիկ բնակավայրերում` Արդվինի, Ռիզեի, Խոփայի նահանգներում: Համշենահայերի այս վերջին նշույլները, որոնցից շատերը չեն էլ կասկածում իրենց իսկական ծագման մասին, Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն կազմակերպված ու իրականացված Հայոց ցեղասպանության կենդանի վկաներն են ու վառ ապացույցները», – մեկնաբանեց Լուսինե Սահակյանը:
«Սոչիում ես առաջին անգամն եմ: Ես գիտեմ, որ Մեծ Սոչիի տարածքում բնակվում են ոչ իսլամացած համշենահայերի մեծ զանգվածներ: Համշենահայությանը նվիրված իմ գիտական ուսումնասիրություններն ու բացահայտումները վերջնական արդյունքի հասցնելու համար և իմ անդրանիկ ֆիլմի երրորդ մասը համալրելու նկատառումներով անչափ անհրաժեշտ էր իմ այս այցը Սոչի: Երկար ժամանակ համապատասխան առիթ չէր ստեղծվում, մինչև չստացանք հրավեր Սոչիի հայկական համայնքի նախագահ մեծարգո պարոն Հրաչ Մակեյանից, ով բարձր մակարդակով կազմակերպեց իմ և Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն պարոն Մհեր Հովհաննիսյանի պաշտոնական այցը Սոչիի հայկական համայնք: Այստեղ ես հանդիպեցի հայրենասիրության, հայերենի, հայկական մշակույթի, պատմության նկատմամբ սիրո, հարգանքի, մեծարման եզակի օրինակների: Համշենայերը սուրբ մասունքների պես պահել – պահպանել են իրենց ադաթները, հարսանեկան, մկրտության, նշանադրության, հուղարկավորության և այլ արարողություններն ուղեկցող բոլոր սովորույթների մանրամասները, ի դեպ, չխառնելով դրանք բազմազգ ու բազմակրոն ժողովուրդներով հարուստ Սոչիի բնակչության սովորույթների հետ: Հպարտորեն երգում են իրենց բարբառով երգեր, պարում են համշենական պարեր, որոնք ունեն իրենց անվանումները` «Սրապար», «Թեթերլու» և այլն: Ամենից շատ ինձ զարմացրին նույնիսկ երիտասարդների, անգամ երեխաների հնագույն հայկական անունները, որոնցով Հայաստանի հայերի երիտասարդներն այլևս խուսափում են իրենց զավակներին կոչել` Եփրեմ, Ղազար, Կարապետ, Երվանդ, Սիրանուշ և այլն: Ինձ ուղեկցեցին «Նոր Լույս» անունով գյուղ, որտեղի բնակչության 90 տոկսը համշենահայեր են: Այս գյուղում գործում է համշենահայ գրողների ակումբը, որը կոչվում է գյուղի անունով: Գրական խորհուրդը լույս է ընծայում ակումբի անդամների, ինչպես համշենահայերենով, այնպես էլ գրական հայերենով գրված լավագույն ստեղծագործությունները: Հանդիպեցի «Համշենական ձայն» երգի-պարի համույթի տրեց անդամների հետ, ովքեր երգում են պատմական Համշենի բացառիկ երգերն ու պարում ժողովրդի հավաքական ուժի զորությունն արտահայտող շուրջպարերը: Համույթի քյամանչիստները վարպետորեն նվագում են համշենական մեղեդիներ իրենց իսկ կերտած քյամանչայի ու քյամանիի վրա: Զարմանալին այն է, որ Սոչիի համշենահայ ընտանիքներում սրբորեն պահպանվում են Համշենի մշակույթը, բարբառը, սովորույթները, խոհանոցի յուրահատկությունները ու գնալով ամրապնդվում: Ծնողները սիրով իրենց զավակներին տալիս են համշենահայ երգի-պարի խմբեր, քյամանչայի, դհոլի, այլ երաժշտական գործիքների խմբակներ: Մարդիկ այստեղ գիտակցում են, որ պատասխանատու են հայ ժողովրդի, մարդկության պատմության առջև առհասարակ պահել պապերից սերնդեսերունդ իրենց փոխանցված ազգային հարստության սուրբ նշխարներն ու հանձնել հետագա սերունդներին», – իր խոսքում նշեց ֆիլմի հեղինակը:
«Ես անչափ շնորհակալ եմ Սոչիի հայկական համայնքի ներկայացուցիչներին իմ ծրագրերն ու մտահղացումներն իրագործելու ճանապարհին մեծ օգնություն ցուցաբերելու համար: Համայնքի նախագահ Հրաչ Մակեյանի ղեկավարությամբ մեր աշխատանքային այցը հագեցած էր ամենահետաքրքիր ու բովանդակալից հանդիպումներով, կլոր սեղանների շուրջ քննարկումներով, համշենահայերով բնակեցված տեղանքների այցերով և այլն: Համայնքի անդամ, կրթության գծով փոխնախագահ Թումաս Վարդանյանի հյուրընկալ հարկի տակ մենք մեզ զգում էինք մեր տանը, նախագահի առաջին տեղակալ Մելիք Կիվիրյանի ուղեկցությամբ եղանք իր ծննդավայրում և հարակից գյուղերում, որոնք բնակեցված են համշենահայերով, նկարահանումներիս արխիվը լրացնելով կարևոր ու հետաքրքիր նյութերով: Անփոխարինելի է Մարկոս Քեսյանի դերը իմ աշխատանքներն հաջող անցնելու գործում, ով մեզ ուղեկցեց Աբխազիա, որտեղ ես հազվագյուտ նկարահանումներ եմ կատարել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ամեն քայլափոխում մենք հանդիպում էինք յուրահատուկ ուշադրության ու հարգանքի, մարդիկ գնահատում էին մեր հետաքրքրությունը իրենց մշակույթի, ստեղծագործությունների, հայապահպանության գործում մեծ ավանդի հանդեպ, – եզրափակեց Լ. Սահակյանը:
Անահիտ Անտոնյան
ՌԴ, Սոչի