Սոչիի հայ համայնք.Նոր հեռանկարներ

Օրերս պաշտոնական այցով Սոչիում էր գտնվում ԵՊՀ կից Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Մհեր Հովհաննիսյանը: Այցի նպատակը Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության պետական Համալսարանի (РУДН) Սոչիի մասնաճյուղում հայագիտական կենտրոնի հիմնադրումն էր: Նման առաջարկով ԵՊՀ ղեկավարությանն էր դիմել նախագծի հեղինակն ու գլխավոր նախաձեռնողը՝  Սոչիի հայկական համայնքի նախագահ Հրաչ Մակեյանը: Ստանալով դրական պատասխան իր նախաձեռնությանը` պարոն Մակեյանը համայնքի ներկայացուցիչների հետ  դեռևս սեպտեմբերի վերջին մեկնեց Երևան, որտեղ էլ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի մոտ  տեղի ունեցավ համապատասխան մասնագետների հետ հանդիպում: Սոչիի պատվիրակության կազմում էր նաև РУДН Սոչիի մասնաճյուղի տնօրեն Նադեժդա Կոզլովան: Հանդիպման արդյունքում երկուստեք կայացավ որոշում` հիմնել հայագիտական կենտրոն  РУДН համալսարանի Սոչիի մասնաճյուղում և սերտորեն համագործակցել ԵՊՀ-ի հետ:

Պատվիրակությունը՝  պարոն Հրաչ Մակեյանի ղեկավարությամբ, որի կազմում էին նաև Սոչիի հայկական համայնքի կրթության գծով փոխնախագահ Թումաս Վարդանյանը, համայնքի անդամներ Մարկոս Քեսյանը, Սոչիի Քաղաքային ժողովի երիտասարդական խորհրդարանի պատգամավոր  Հովհաննես Մակեյանը, ինչպես նաև Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի տնօրեն Նադեժդա Կոզլովան, հյուրընկալվեց Հայաստանի մայրաքաղաքում` ուսումնասիրելու բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական ընթացքը, ծանոթանալու տեսարժան վայրերի, ինքնատիպ ճարտարապետության, պատմական հուշարձանների, ժողովրդի  հետաքրքրությունների, արվեստի ու մշակութային կյանքի հետ:

ԵՊՀ-ն Սոչիի հայկական համայնքի ղեկավարության ու Սոչիի համալսարանի կողմից ստացավ պատասխան հրավերք` ուսումնասիրելու РУДН -ի ուսումնական ընթացքը, ուսանողների ու դասխոսական կազմի ընդհանուր մակարդակն ու հետաքրքրությունների սահմանները: Պաշտոնական այցի շրջանակներում տեղի ունեցան մի շարք կարևոր հանդիպումներ Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի Սոչիի մասնաճյուղի ղեկավարության, ամբիոնների վարիչների, պատմության, հնագիտության ու ազգագրության մասնագետների հետ: Համալսարանի Սոչիի մասնաճյուղում Հայագիտական կենտրոնի հիմնադրման գաղափարը ողջունեցին բոլորը` թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները:

Համալսարանի փոխտնօրեն, սոցիոլոգիական  գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անդրեյ Բոգուչարսկին բարձր գնահատեց հայկական համայնքի կողմից նման համարձակ նախագծի առաջքաշումն ու խոստացավ հնարավորինս աջակցել գործընթացին ու օգնել նախագիծը հաջողությամբ կյանքի կոչելու: Տեղի ունեցան նաև մասնագիտական քննարկումներ կլոր սեղանի շուրջ: Մհեր Հովհաննիսյանը գոհունակության ու երախտագիտության խոսքեր ասաց  ինչպես համայնքին, այնպես էլ համալսարանի ղեկավարներին.

«Հայագիտական հետազոտությունների մեր ինստիտուտն արդեն ունի նման փորձ` Սփյուռքում հիմնադրել հայագիտական կենտրոններ, որտեղ սովորողները կստանան մասնագիտական գիտելիքներ հայ ժողովրդի պատմության, հայոց լեզվի, գրականության, արվեստի, մշակույթի պատմության վերաբերյալ: Մի ուսանողի  մեջ կրթել այս բոլոր մասնագիտությունները՝  սա է մեր հիմնական նպատակը: Հիմա ԵՊՀ-ն ունի սփյուռքագիտության մագիստրատուրա, հայագիտական առարկաների ֆակուլտետներ, որտեղ ցանկացողները կարող են շարունակել այստեղ ստացած ուսումը այն պայմանով, որ ավարտելուց հետո կաշխատեն իրենց մասնագիտությամբ: Մենք պատրաստ ենք անվճար ուսուցում տրամադրել այնպիսի ուսանողների, ովքեր ուսման մեջ կցուցաբերեն բացառիկ հաջողություններ ու կստանան համալսարանի ու համայնքի կողմից երաշխավորագիր ու դրական բնութագիր: Նմանատիպ կենտրոն մեր ինստիտուտը հիմնել է Դոնի Ռոստովում: Պարբերաբար ԵՊՀ-ի դասախոսները մեկնում են Դոնի Ռոստով` դասախոսություններ կարդալու, փորձի փոխանակման, գիտական ֆորումներ, թեմատիկ համաժողովներ, սեմինարներ անցկացնելու նպատակներով: Սոչիում ևս մեզ ընդունեցին գրկաբաց: Մենք շատ ուրախ ենք, որ այսպիսի առաջարկ ստացանք հայկական համայնքից, քանի որ վաղուց էինք կապեր որոնում Սոչիում մեր կենտրոնը բացելու համար: Զգացված եմ, որ համալսարանի Սոչիի մասնաճյուղում ճիշտ ըմբռնեցին մեր կողմից առաջ քաշած ծրագիրը և ընդունեցին առանց զգալի փոփոխությունների: Հետագա հանդիպումներն ու գործընթացները ցույց կտան համատեղ աշխատանքի արդյունքները: Հուսով եմ նրանք կարդարացնեն մեր հույսերն ու սպասելիքները»:

Սոչիի մասնաճյուղի տնօրեն Նադեժդա Կոզլովան նույնպես արտահայտեց իր մտքերը` առանձնապես շեշտելով Երևանում ստացած տպավորությունները. «Ես անկեղծորեն զարմացած եմ հայ ժողովրդի գրքասիրության,  գրի, գրականության, մտավոր աշխատանքի նկատմամբ հարգանքի, ակնածանքի, մեծարման գերագույն զգացմունքի վրա: Ինձ ճիշտ հասկանալու համար հարկավոր է թեկուզ մեկ անգամ կյանքում այցելել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան` հնագույն ձեռագրերի գրապահոց: Մատենադարանի գիտաշխատողը, ծանոթացնելով մեզ գրապահոցի ձեռագրերի հետ, պատմեց, թե ինչպես են կյանքի գնով պահպանվել ու ապագա սերունդներին հասել ազգի հոգևոր գանձերը, որոնք համաշխարհային արժեք ու նշանակություն ունեն: Թե ինչպես են Ցեղասպանությունից մազապուրծ հայ կանայք ծանրության պատճառով երկու մասի բաժանել «Մշո ճառընտիրն» ու փրկել ոչնչացումից: Նրանք գերադասել են սովից մեռնել մահվանն  ու հալածանքների ճանապարհներին, բայց կյանքի գնով փրկել հայ մտքի վսեմ արտացոլանքը: Ինձ վրա հաճելի տպավորություն թողեց Երևանի երիտասարդությունը, ովքեր փայլում են իրենց դաստիարակությամբ, մեծահասակների հանդեպ խորին հարգանքով: Ուսանողների կարգապահությունը, պատասխանատվության զգացողությունը, ուսումնատենչ ոգին: Զգացվում է կրթության, գրագիտության հանդեպ ծարավն ու հարգանքը: Մենք,  ԵՊՀ-ի ռեկտորի` պարոն Սիմոնյանի հետ , անմիջապես գտանք ընդհանուր լեզու Սոչիում մեր համալսարանի բազայի վրա հայագիտական կենտրոն բացելու հարցում: Նա խրախուսեց մեր նախաձեռնությունն ու  խոստացավ աջակցել: Առաջարկությունը դուր եկավ նաև գլխավոր բուհի РУДН ռեկտորին՝  Վլադիմիր Ֆիլիպպովին, ով նույնպես ասաց, որ ամեն ինչով կաջակցի նախագծի իրականացմանը: Ես շատ շնորհակալ եմ Սոչիի հայկական համայնքի ղեկավարությանը, մասնավորապես համայնքի նախագահ Հրաչ Մակեյանին, ով հանդիսանում է այս նախագծի հեղինակն ու գլխավոր դերակատարը: Ապագա հայագիտական կենտրոնը գտնվելու է հայ ազգի նվիրյալ զավակի` Հովհաննես Մակեյանի  հուսալի ձեռքերում»:

Իր խոսքում  Հրաչ Մակեյանը մասնավորապես նշեց. «Սոչիի հայկական համայնքը Ռուսաստանի Դաշնության ամենակայուն, ամենամեծ ու հասարակության մեջ իր դիրքերն ամրապնդած կազմակերպություններից է: Համայնքի հետ, որպես կայացած հեղինակավոր օրգանի հետ, հաշվի են նստում քաղաքի բոլոր պետական, վարչական օրգանները, հասարակական կազմակերպությունները, հիմնարկությունները և այլն: Մենք ակտիվորեն մասնակցում ենք երկրի հասարակական-քաղաքական, հոգևոր, մշակութային  կյանքին, խթանում քաղաքաշինությանը, տնտեսության բարգավաճմանը: Սակայն մեր գերագույն նպատակը հայկական մշակույթի, հայոց լեզվի, գրականության, հայ ժողովրդի պատմության պահպանումն ու տարածումն է: Ամեն մի հայ` ապրելով արտերկրում, պետք է իր առջև նպատակ ունենա հնարավորինս պահպանել դարերի խորքից մեզ հասած ազգային արժեքները, ժողովրդի հոգևոր գանձերը: Ստեղծելով նյութական հարստություն, կառուցելով քաղաքներ ու պողոտաներ ուրիշ երկրներում, մենք չպետք է մոռանանք մեր հիմնական առաքելության մասին մեր ժողովրդի, մեր պապերի ու նախնիների հանդեպ: Մենք պետք է կարողանանք անխաթար պահել մեր հոգու տաճարի սուրբ խորանը, որի հենասյուներն են հայերենը, հայ մանուկի հայեցի դաստիարակությունը, հայկական կրթությունը, մշակույթը,  հայ դպրանոցների ստեղծումը: Մտքերիս մարմանցուն հայագիտական կենտրոնի հիմնադրումն է Սոչիում: Ինչ գնով էլ լինի հարկավոր է այս մտահղացումը կյանքի կոչել, քանզի հայ սերունդները` մեծանալով տարբեր ազգերի ու ազգությունների մշակութային միջավայրում, ենթարկվում են ուծացման ու կտրվում արմատներից: Մեր պարտքն է համապատասխան հող ստեղծել նրանց հայեցի դաստիարակելու ու պրոֆեսիոնալ մակարդակով հայագիտական առարկաներին ծանոթացնելու համար: Այս հարցում մեզ կարող է օգնել միայն մայր հայրենիքը և մայր բուհը, իհարկե: Մենք շատ շնորհակալ ենք ԵՊՀ-ի ղեկավարությանը` հանձինս պարոն Սիմոնյանի, և պատվիրակությանը` հանձինս պարոն Հովհաննիսյանի, ովքեր սիրով ընդունեցին մեր առաջարկը և անմիջապես ընդառաջ գնացին մեր նախագծին: Սա առաջին կամ վերջին հանդիպումը չէ: Երկուստեք այցելություններն ու հանդիպումները կկրկնվեն այնքան ժամանակ, մինչև հայագիտական կենտրոնը կսկսի գործել: Այսուհետ մենք բարեկամներ ենք ԵՊՀ, РУДН, Սոչիի հայկական համայնքը»:

Մի շարք հանդիպումների շարքում պարոն Հովհաննիսյանը հայագիտության թեմայով դասախոսություն կարդաց Ադլերի թիվ 31 հայկական դպրոցի բարձր դասարանցիների համար և պատասխանեց սովորողների ու ուսուցիչների հարցերին:

Սոչիում Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության  համալսարանում հայագիտական կենտրոնի հիմնադրման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: Անհամբեր սպասում ենք, թե երբ այն  դռները կբացի իր առաջին այցելուների առջև…

Անահիտ Անտոնյան

ՌԴ, Սոչի

unnamed (2) unnamed (3)

Scroll Up