Փոքրիկների դերակատարմամբ «Մկների ժողովը» ծիծաղ և ոգևորություն պարգևեց հանդիսատեսին

Մայիսի 24-ին Մոսկվայի «Հայորդյաց տանը» իրարանցում էր. դպրոցում «մկներ» էին հայտնվել։ Հայտնվել և քննարկում էին իրենց լինելիության հարցը։ Կարճ ասած՝ ժողով էին հրավիրել՝ «Մկների ժողով»։ Մեկը մեկից գեղեցիկ, մեկը մեկից խելացի, մեկը մեկից իմաստուն, բայց մեկը մեկից «վախկոտ»։ Իսկ վախն իր հիմնավոր պատճառներն ուներ․ Կոստան կատուն հյուրընկալվել էր մառանում և հասցրել էր մի լավ սպառնալ Եվո մկանը։

-Ըհը, տեսեք, ես մուկը ես, էս էլ Կոստանը։ Բռնեց ինձ ու ասաց՝ արի ծանոթանանք, ես Կոստանն եմ,- ահը սրտում սկսեց պատմել Եվո մուկը և մկների շրջանում սարսափն էլ ավելի սաստկացավ։ Բայց այն չտարածվեց Անո և Դինո մկների վրա։ Բլիթը վզից կախած Անո մուկն այն մտքին էր, որ Կոստանի հայտվելուց հետո էլ է հանգիստ և խաղաղ, իսկ Դինոն խաղաղ էր, քանի որ լավ չէր լսում, բայց լավ գաղափարներ ուներ․

-Էս զանգակը մեկն ու մեկը թող տանի,

Կախ տա վզից Կոստանի,

Որ բոլորս իմանանք

Գալուստն անխիղճ գազանի։

Բայց զանգակը կախելու փայլուն գաղափարն իրականացնող չկար ու չկար։ Ու ինչպես վերջում Դինոն ասաց․ «Ես քյառ եմ, էդ զանգակն ինձ համար եղած չեղած մեկ է, բայց ի՜նչ փայլուն գաղափար է կորչում»։ Ու մինչ մկները ժողովում ընդհանուր եզրակացության էին փորձում գալ՝ հայտնվեց Կոստանը և․․․ ներկայացումն ավարտվեց։

Միջոցառման հեղինակ Ջեմմա Կիրակոսյանն անասելի վարպետությամբ բոլորիս հայտնի հեքիաթը հագեցրել էր բովանդակալից երկխոսություններով՝ յուրաքանչյուր «մկան» համար ստեղծելով կերպար և բնավորություն։ Ներկաները պարզապես հիացած և անզուսպ ծիծաղով էին հետևում ներկայացմանը, որը Աթաբեկ Խնկոյանի ստեղծագործությունները ներկայացնող միջոցառման մասն էր կազմում։ Իսկ միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև մանկագրի առակներն ու առավել սիրված թարգմանություններն ու բանաստեղծությունները։

Գզիրի դերակատար մկնիկ Ինոն՝ Իննա Հովսեփյանը, ով անկրկնելի խաղով «կազմակերպեց ժողովը», մեզ հետ զրույցում ասաց․ «Տիկին Կիրակոսյանը շատ լավ էր երկխոսությունները կազմել։ Մենք բոլորս անհամբերությամբ և սիրով էինք գալիս փորձերին։ Նա մեզանից յուրաքանչյուրի հետ մանրակրկիտ աշխատում էր, ասում էր, ով ինչպես պետք է իրեն պահի։ Ասեմ, որ այս հեքիաթը ես ու իմ ընկերները միշտ կհիշենք տիկին Կիրակոսյանի բեմադրած տարբերակով»։

Աթաբեկ Խնկոյանի ստեղծագործությունները ներկայացնող միջոցառման ավարտին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ով ևս հիացած հետևում էր փոքրիկների խաղին՝ դիմելով ներկաներին,ասաց․ «Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլորիդ գեղեցիկ ելույթների համար, բայց ամենամեծ գնահատանքս միջոցառման հեղինակ Ջեմմա Կիրակոսյանին։ Մեր երեխաները միշտ էլ իրենց աստվածապարգև շնորհներով, ընդունակություններով, ոգևորել և ուրախացրել են մեզ։ Դուք մեր արևածաղիկներն եք ու այդ ծաղկի նման ձգտում եք դեպի լույսը, արևը, դեպի այն աղբյուրը, որը ձեզ պիտի սնի, մեծացնի և ձեր շնորհները կրկնապատկի։ Թող Աստված իր ամենազոր Աջը հովանի անի ձեր վրա, պահի պահպանի «Հայորդյաց տունը», խախաղության մեջ պահի աշխարհի մանուկներին, որ մենք էլ ձեր հանդիսություններով միշտ ոգևորված մտածենք ձեր կրթական հնարավորությունների ընդլայնման մասին»։

 Արմինե Կարեյան

a2a3 a4a5 a6

Scroll Up