Զարեհ Սիմոնյան. «Կարևորը հոգով հայ լինելն է…»
Կրոնափոխ հայերի թեման այսօր շատերին է մտահոգում: Հատկապես այն մարդկանց, ովքեր առիթ են ունեցել նրանց հետ շփվելու: Սիրիահայ բժիշկ, Ջեզիրեի շրջանի Շտապօգնության հանձնախմբի անդամ, ՀԲԸՄ-ի Կամիշլիի մասնաճյուղի ատենապետ Զարեհ Սիմոնյանը մեկն է այդ մարդկանցից, ով համաձայնեց իր մտահոգությունները կիսել «Հայերն այսօր»-ի հետ զրույցում.
– Առաջին անգամ կրոնափոխ հայերի խնդրին առնչվեցի 1988 թվականին, երբ մի քանի անգամ հանդիպեցի գրող Սերո Խանզադյանի հետ, ով համշենահայերով էր զբաղվում: Սերո Խանզադյանը շատ էր ցականում օգնել նրանց ու միշտ կրկնում էր` կարևորը հոգով հայ լինելն է: Մինչ այդ ես գաղափար չունեի համշենահայերի մասին:
Իսկ արդեն տասը տարի է` կրոնափոխ հայերի հարցն արծարծում ենք տարբեր հարթակներում: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ նույնպես այս հարցը քննարկել ենք:
Սիրիայում կան կրոնափոխ քրդեր, արաբներ, որոնք այսօր արդեն չեն վախենում բարձրաձայնել իրենց հայ լինելը և ցանկանում են վերադառնալ իրենց արմատներին: Այդ մարդիկ մեր աջակցության կարիքն ունեն, մարդիկ, ովքեր իրենց ապահովությունը վտանգելով, ցանկանում են հայ դառնալ, մկրտվել, և մենք որևէ ձևով պետք է օգնենք նրանց, աջակցենք:
Ես ո´չ Սասունն եմ տեսել, ոչ Արևմտյան Հայաստանը, բայց ինձ սասունցի եմ համարում, հպարտանում եմ իմ սասունցի լինելով: Այդպես են նաև այդ մարդիկ, նրանք թեև այսօր իսլամ են դավանում, բայց հպարտանում են իրենց ազգությամբ, արմատներով: Այդ ամենը մարդու ներսից է գալիս: Իսկ մեկ-երկու սերունդ հետո նրանց այսօրվա ոգևորությունը կարող է մարել:
Շատերս ենք անձնական օգնություն, աջակցություն ցուցաբերել, բայց այս հարցը միասնական լուծում է պահանջում: Առիթն օգտագործելով` ուզում եմ շնորհակալություն հայտնել Հասաքեի Կաթողիկե համայնքի առաջնորդ Անդրանիկ Այվազյանին, ով առանց վախի բոլորին նեցուկ է կանգնում, արդեն մկրտել է մոտ 50 իսլամացած հայի:
Կամիշլիում այսօր շատ քուրդ երիտասարդներ կան, ովքեր իրենց հայ են համարում: Ցանկանում են հայերեն սովորել: Սիրիական պատերազմից առաջ մենք դասընթացներ կազմակերպեցինք, բայց այս դեպքերի պատճառով չկարողացանք շարունակել:
Նրանք իրենց կամքով, գիտակցությամբ են խոստովանում իրենց հայ լինելը, այլ ոչ թե ցանկանում են օգտվել «հայությունից», ինչպես որոշ մարդիկ են մտածում: Նրանք հիմնականում զարգացած մարդիկ են` բժիշկներ, ինժեներներ: Համացանցում սկիզբ է առել «Ես հայ եմ» շարժումը, որը նպատակ ունի միավորելու կրոնափոխ հայերին:
Մի կարևոր հանգամանք ևս. նրանք` կրոնափոխ եղած այդ մարդիկ, Հայոց ցեղասպանության վկաները կարող են լինել Հայ դատի հաղթական գործընթացում:
Մի քանի պատմություններ պատմեմ: Մի անգամ մի արաբ եկավ մեզ մոտ ու ասաց, որ Դել Ահմադում ապրող իր տատիկը հայ է և Ձեզ տեսնելով շատ կուրախանա: Այցելեցինք նրան. 107-ամյա կին էր` խորշոմած դեմքով, բայց զգում էիր, որ մեջը հայութուն կա: Նա 6-7 տարեկան աղջիկ է եղել, երբ թուրքերը սպանել են ընտանիքի անդամներին: Նրան պահել-մեծացրել է մի արաբ ընտանիք, ով էլ հետագայում նրան արաբի հետ է ամուսնացրել: Այդ կինը 250 ժառանգ ուներ և անցյալ տարի դեռ ողջ էր:
Մի տուն էինք այցելել, տեսանք, որ տարիքով մարդիկ հուզմունքով հայկական հեռուստաալիք էին նայում, հարցրեցինք` հասկանում եք, պատասխանեցին` ո´չ, բայց կարևորը, որ մեր նախնիների լեզուն ենք լսում:
1995-96 թվականներն էր: Հիվանդանոցում երկու արաբի հանդիպեցի ու զարմանքով նկատեցի, որ իրար հետ հայերեն են խոսում, որ թանկ է ծառայությունը, ինչպես պետք է վճարենք: Կարծես երազի մեջ լինեի` արաբները խոսում են հայերեն: Մոտեցա նրանց: Էլ ավելի զարմացա, երբ իմացա, որ եղբայրների անունները Տիգրան և Սուրեն են: Հետաքրքրվեցի ու պարզեցի, որ նրանց մայրը, ով պառկած էր հիվանդանոցում, հայ է և նա է նրանց հայերեն սովորեցրել: Իսկ հայերեն են խոսել, որովհետև մտածել են, որ նրանց ոչ ոք չի հասկանա: Այցելեցի նրանց մորը, ու թեև մենք միայն հայ հիվանդներին էինք անվճար օգնում, նրան ասացի, որ կհոգանք հիվանդանոցի ծախսերը: Երկար ժամանակ կապ էի պահում ընտանիքի հետ: Բայց երբ տեղափոխվեցին Սաուդյան Արաբիա, կապը խզվեց:
Նման մարդիկ այսօր շատ են Սիրիայում: Եթե մենք չկարողանանք նրանց ճիշտ օգտագործել, նրանց էլ կարող ենք կորցնել: Իսկ այն հայը, ով եթե չհայանա, քրիստոնյա չդառնա, ավելի թունդ իսլամ կարող է դառնալ:
Հետևաբար, պետք է հոգ տանել նրանց մասին: Առ այսօր նրանց աչքաթող ենք արել, բայց դեռ ուշ չէ և պետք է մի ճանապարհ գտնել` նրանց օգնելու համար: Իհարկե, պետք է զգույշ լինել, բայց չպետք է վախենանք այս հարցը բարձրաձայնել:
Պատրաստեց Լուսինե Աբրահամյանը