Ռաֆիկ Հակոբյան. «Միշտ պատրաստ եմ սփյուռքից ժամանած երեխաներ հյուրընկալել իմ տանը…»

Ռաֆիկ Հակոբյանը երկար տարիներ է, ինչ «Մարաթուկ» համույթի երգիչներից է: Դեռևս  մանկության տարիներից նրան ուղեկցել է հայկական երաժշտությունը, քանի որ ծնողները նույնպես հայկական ազգային երգերը կատարելու մեծ փորձ են ունեցել: Ռաֆիկ Հակոբյանն արմատներով սասունցի է:

Խոսելով «Մարաթուկ» համույթի գործունեության մասին՝ պարոն Հակոբյանը պատմում է, որ կազմավորման ընթացքը համընկել է կոմունիստական տարիների ժամանակաշրջանի հետ, որի ընթացքում բազում խոչընդոտների են հանդիպել. նրանց վրա ճնշումներ են գործադրել, արգելել են ելույթներ ունենալ, սակայն համույթի անդամները չեն ընկրկել այդ ամենից եւ պատվով շարունակել են կատարել իրենց ստեղծագործական աշխատանքները: Այդ բոլորը իհարկե հայրենասիրության ու հայ երգին անդավաճան մնալու վճռականության արդյունք էր:

Այժմ Ռաֆիկ Հակոբյանը Մարտունիի մի շարք գյուղերում, տարիների ամբարած գիտելիքներն ու հմտությունները, որոնք ստացել է իր ուսուցիչներից՝ Թաթուլ Կրպեյանից, Մկրտիչ Սարգսյանից, պարուսույց Արտյուշա Կարապետյաինց, փոխանցում է մատաղ սերնդին. նա տեղում հիմնած խմբակներում, երիտասարդներին հայկական-աշուղական, գուսանական երգեր և հայկական պարեր է սովորեցնում:

«Մարաթուկ» համույթի գործունեության անքակտելի մասն է կազմում սփյուռքի տարբեր համայնքներում համերգային շրջագայություններով հանդես գալը: Հայկական գրեթե բոլոր համայնքներում նրանք ելույթներ են ունեցել՝ արժանանալով տեղի հայության ջերմ ընդունելությանն ու ծափահարություններին: Եղել են դեպքեր, երբ համերգի ավարտից հետո  մոտեցել են խնդրելու, որ տարազներն իրենց նվիրեն, և տեսնելով նրանց հուզական վիճակը՝ չեն կարողացել մերժել: Երգիչն առանձնահատուկ տպավորված է Այնճարի, Հալեպի, Դամասկոսի, Քեսապի և Լաթաքիայի հայ համայնքների ընդունելությունից. «Այս համայնքներում փառահեղ համերգներ ունեցանք, իսկ ստացած տպավորություններն անջնջելի հետ թողեցին ինձ վրա»,-նշեց պարոն Հակոբյանը:

Հակոբյանների ընտանիքը դեռևս 2009 թվականից ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի շրջանակներում իր տանը հյուրընկալում է ծրագրին մասնակից երեխաներին, որի մասին Ռաֆիկ Հակոբյանը հետևյալը պատմեց. «Առաջին անգամ հարսս պատմեց ինձ ծրագրի մասին, որը շատ հետաքրքրեց ինձ, ծանոթանալով պայմաններին՝ ինքնակամ որոշեցի սփյուռքահայ երեխաներ հյուրընկալել իմ օջախում, քանի որ այն հայրենիքիս հանդեպ հոգուս պարտքն եմ համարում կատարել, մինչև հիմա աշխարհի տարբեր երկրներից՝ Կիպրոսից, Դոնի – Ռոստովից, Վրաստանից և այլն, արդեն ութ երեխայի առջև եմ տանս դռները բացել, բոլորին հայկական երգն ու պարն եմ սովորեցրել: Պետք է ասեմ, որ սիրով և ոգևորությամբ էին սովորում, ամեն անգամ խնդրում էին ինձ, որ նոր երգեր ու պարեր սովորեցնեմ, չէի թողնում, որ տանն այլ լեզվով խոսեին, ստիպում էի միայն հայերենով շփվել մեզ հետ,իսկ ազատ ժամանակ զրուցում էի նրանց հետ, տանում զբոսանքի, ցույց տալիս պատմական շինություններն ու հուշարձանները, մի խոսքով՝ ամեն ինչ արել եմ, որ Հայաստանի հանդեպ նրանց մոտ սեր արթնացնեմ, միշտ պատրաստ եմ  սփյուռքից ժամանած երեխաներ հյուրընկալել իմ տանը, կոչ եմ անում բոլոր հայ ընտանիքներին հնարավորության դեպքում նրանք նույնպես այս նախաձեռնությամբ հանդես գան»:

 Գևորգ Չիչյան                                                                                                                

Scroll Up