Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի մասնակիցները հյուրընկալվել են Պաշտպանության նախարարությունում
Սեպտեբերի 20-ին Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցները այցելեցին ՀՀ պաշտպանության նախարարություն և հանդիպեցին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, բարձրաստիճան զինվորականներ, նախարարության աշխատակիցներ: Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Պաշտպանության նախարարին ընդունելության համար և նշեց, որ կարևոր էր Սփյուռքի տարբեր համայնքներից ժամանած հյուրերի հյուրընկալվելը Պաշտպանության նախարարությունում՝ համոզվելու համար, որ Հայաստանի պաշտպանությունը վստահելի ձեռքերում է: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ողջունեց համաժողովի մասնակիցներին և կարևորեց, որ Հայաստան-Սփյուռք համաժողովներն անցկացվում են սեպտեմբերին` ՀՀ անկախության նախօրեին:
«Համաժողովներն օգնում են միասնաբար քննարկելու մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները և լուծման ուղիներ փնտրելու: Աշխատանքների իրականացման միակ ճանապարհը համախմբումն է: Այս աշխատանքներում կարևոր են նաև Սփյուռքի և Պաշտպանության նախարարության համագործակցությունը, որն այս տարիների ընթացքում շատ հաջող ստացվում է՝ շնորհիվ Հրանուշ Հակոբյանի գործելաոճի», – նշեց Սեյրան Օհանյանը:
Իր խոսքում Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաև Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, որոնք իրենց ազդեցությունն են թողնում մեր համայնքների և Հայաստանի վրա: «Աշխարհաքաղաքական ճգնաժամերը սպառնում են թե՛ հայկական պետությանը, թե՛ Սփյուռքի մեր գաղութներին: Իրաքի և Սիրիայի ողբերգությունները լուրջ հարված հասցրին այդ երկրների մեր համայնքներն: Դրան հաջորդեցին եգիպտական ճգնաժամը, Ուրաինայում ծավալվող վերջին իրադարձությունները: Այս ամենը մեզ ստիպում է լինել ավելի համախմբված՝ պատերազմական իրավիճակներում գտնվող երկրներում ապրող մեր հայրենակիցներին օգնելու համար,-ընդգծեց նախարարը և շարունակեց,- 2014 թվականը մեր զինված ուժերի համար լարված տարի էր: Հունվարին, հուլիս-օգոստոս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները լարվածություն մեջ պահեցին Արցախը և Հայաստանի սահմանամերձ շրջանները: Իր այդ քայլերով մեր ախոյանը վտանգեց 1994 թվականի մայիսին կնքված զինադադարի համաձայնագիրը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Սակայն հայկական զինված ուժերն իրենց առջև դրված քննությունը պատվով կատարեցին և կարողացան ի չիք դարձնել հակառակորդի բոլոր դիվերսիոն հարձակումները»:
Սեյրան Օհանյանը համաժողովի մասնակիցներին հակիրճ ներկայացրեց բանակաշինության փուլերն ու առաձնահատկությունները, Հայկական բանակի ձեռքբերումները:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց նաև համաժողովի մասնակիցների հարցերին:
Հանդիպման վերջում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Պաշտպանության նախարարին հանդիպումը կազմակերպելու համար և հավաստիացրեց, որ Հայաստանն ու Հայոց բանակը մշատպես զգալու են Սփյուռքի ներուժն ու աջակցությունը:
ՀՀ պաշտպանության նախարարությունից Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի մասնակիցներն ուղևորվեցին Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոն՝ դիտելու «Ոտքի´, դատարանն է գալիս» ներկայացումը: