Վահրամ Փիրջանյան. «Անմիջական շփման ընթացքում է հնարավոր միայն ցանկալի արդյունքի հասնել»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/09/15.jpg)
Սեպտեմբերի 19-20-ը Երևանում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կկայանա Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը: Համահայկական կառույցների ղեկավարներ և անդամներ, լրագրողներ, մշակույթի, կրթության գործիչներ, գործարարներ և հոգևոր դասի շուրջ 700 ներկայացուցիչ` ավելի քան 60 երկրից, կքննարկի համահայկական նշանակություն ունեցող հարցեր:
Համաժողովին մասնակցելու է նաև Հայկական առևտրային ցանցի (ՀԱՑ) և Հայ-կանադական առևտրի պալատի նախագահ Վահրամ Փիրջանյանը: Կանադահայ գործարարը, ով մասնակցել է Հայաստան-Սփյուռք նախորդ 4 համաժողովներին, ունի հստակեցված պատկերացումներ, ինչ և ակնկալում է նմանօրինակ համաժողովներից.
«Մեր ոլորտի մարդկանց համար Հայաստան-Սփյուռք համաժողովին մասնակցությունը կարևորվում է նախևառաջ համագործակցության խնդրով: Ինչպես տեղեկացա ծրագրից, համաժողովի ամենակարևոր հարցը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, բայց դրան զուգահեռ օրակարգում են նաև համահայկական նշանակություն ունեցող այլ հարցեր, ինչպես օրինակ` սիրիահայերի խնդիրը, Հայաստանի հետ համայնքների համագործակցության, ներդրումների հետ կապված հարցերը և այլն:
Իրականում, Հայաստան-Սփյուռք համաժողովին ներկա գտնվելու իմ ամենամեծ պատճառն այն է, որ կարողանամ մոտիկից ծանոթանալ այն երկրների աշխատանքներին, համայնքային կառույցներին, որտեղ Հայկական առևտրային ցանցն աշխատանքներ է իրականացնում: Օրինակ` եվրոպական կամ ամերիկյան երկրները, և վստահ եմ, որ այդ երկրներից ներկայացուցիչներ կլինեն համաժողովին: Նախորդ 4 համաժողովների ժամանակ ես նկատել եմ, որ մասնակիցների մեծամասնությունը գործարար ոլորտի ներկայացուցիչներ են կամ մարդիկ, որոնք իրենց համայնքներում, երկրներում նշանակալի դերակատարություն ունեն, համայնքների կարևոր անձերն են:
Դեմ դիմաց նստելը տարբեր հարց է, հեռախոսով, նամակագրությամբ ծանոթությունը, շփումը` տարբեր: Անմիջական շփման ընթացքում դու երկու, հինգ, տասը րոպեի ընթացում կարող ես հանգիստ զրուցել և ճիշտ ձևով բացատրել, թե որն է Հայկական առևտրային ցանցի գաղափարը, նպատակն ու առաքելությունը: Որ եթե նույնիսկ իրենք չեն պատասխանատուները, կարողանան իրենց համայնքներում ճիշտ ձևով ներկայացնել մեր աշխատանքները, խոսեն պատասխանատու անձերի հետ, որ վերջիններս ևս կարողանան մասնակցել ցանցի ծրագրերին: Հայաստան-Սփյուռք համաժողովին մասնակցելու իմ հիմնական նպատակը սա է»:
Հ.Գ. Վահրամ Փիրջանյանի հետ «Հայերն այսօրի» հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում:
Պատրաստեց Լուսինե Աբրահամյանը