«Հայաստան-Սփյուռք» համաժողովի մասնակիցները հյուրընկալվեցին ՀՀ Ազգային ժողովում (լուսանկարներ)
Սեպտեմբերի 19-ին «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի մասնակիցները հյուրընկալվեցին Ազգային ժողովում և հանդիպեցին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ ԱԺ պատգամավորներ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ողջունեց համաժողովի մասնակիցներին եւ նախապես շնորհավորեց Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
Նա բարձր գնահատեց Սփյուռքի դերը հայոց պետականության կերտման գործում և մասնավորապես ասաց,- «Դուք կամրջում եք երկրներ ու լեզուներ, մշակույթներ ու պետություններ, կամրջում եք այնքան ամուր, որ նաեւ ձեր՝ աշխարհի տարբեր պետությունների օրինապահ ու արժանապատիվ քաղաքացիներիդ շնորհիվ Հայաստանի Հանրապետությունն ունի բարեկամների լայն շրջանակ, վստահելի գործընկերներ եւ միաժամանակ, հուսալի գործընկերոջ համբավ միջազգային հանրության բազմանդամ ընտանիքում: Մենք բարձր ենք գնահատում հայրենիքի հանդեպ ձեր նվիրումն ու աջակցությունը, ինչպես նաեւ հայրենիքում եւ սփյուռքում իրականացվող գործունեությունը»:
Աժ նախագահը հույս հայտնեց, որ որպես կատարած ծանրագույն հանցանքն ընդունելու եւ ապաշխարելու առաջին քայլ, Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցին, ի թիվս բազմաթիվ մարդկանց, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կայցելեն ոչ միայն թուրք արժանապատիվ մտավորականներ, այլեւ Թուրքիայի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ առանց կեղծարարի դիմակի: Գալուստ Սահակյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի բոլոր հայրենակիցներին այն ջանքերի ու նվիրվածության համար, որ նրանք գործադրում են հայոց ցեղասպանության միջազգայնացման, հայոց արդար դատը տրամաբանական ավարտին հասցնելու, հայապահպանությանը նպաստելու համար: