Ստորագրվեց համագործակցության հուշագիր
Օգոստոսի 3-ին նախարար ՀՀ սփյուռքի Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության պատվիրակությանը վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանի գլխավորությամբ: Նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը ստորագրեցին ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՄԸՄ միջև համագործակցության հուշագիր:
Նախարարը բարձր գնահատեց Հայ մարմնակրթական ընդհանուր միության հետ արդյունավետ համագործակցությունը և նշեց, որ նախորդ 5 տարիների ընթացքում կողմերն ակտիվորեն համագործակցել են: Այժմ հուշագրի ստորագրմամբ համագործակցությունը դրվում է իրավական հիմքի վրա: Հրանուշ Հակոբյանը նշեց, որ կատարելով Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությունը՝ ակտիվացնել համագործակցությունը համահայկական կառույցների հետ, սփյուռքի նախարարությունն այսօր ավելի բարձր մակարդակի է բարձրացնում համագործակցությունը համահայկական ամենախոշոր կառույցներից մեկի հետ:
Կարևորելով Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հեռանկարները, այդ գործակցությունում հայ երիտասարդության դերի և մասնակցության բարձրացումն ու ընդլայնումը՝ կողմերը համաձայնություն ձեռք բերեցին ՀՀ-ում, Արցախում և Սփյուռքում մշակել և համատեղ իրականացնել մարզամշակութային, կրթադաստիարակչական, ռազմահայրենասիրական ծրագրեր ու ձեռնարկներ, աջակցել սկաուտական բանակումների կազմակերպչական աշխատանքներին:
Համագործակցության առաջիկա փուլում կարևորվեց հատկապես տարածաշրջանային սպարտակիադաների, մրցումների, հավաքների կազմակերպումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրերի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև համահայկական բոլոր ձեռնարկների միջոցով մայրենիի պահպանումը և տարածումը խթանելուն ուղղված քայլերը: Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց այդ ուղղությամբ նախարարության ձեռնարկները: Հանդիպման ավարտին ՀՄԸՄ վարչության անդամները դիտեցին ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերի մասին պատմող տեսաֆիլմ:
«Հայ մարմնակրթական ընդհանուր միություն և սկաուտներ» կազմակերպությունը հիմնադրվել է 1918 թվականին Կ.Պոլսում: Միության նպատակն է ֆիզիկական առողջ դաստիարակություն տալ հայ անհատին` համակելով նրա միտքն ու սիրտը մարզական ազնիվ ոգով, սովորեցնել նրան լինել արի, օրինապահ, ազգասեր ու հայրենասեր, զարգացնել նրա մեջ պատասխանատվության և պատվի զգացում:
ՀՄԸՄ կենտրոնական Վարչութեան նստավայրը գտնվում է Լիբանանում: Այն ունի 105 մասնաճյուղ աշխարհի բոլոր հայաշատ համայնքներում:
Նշենք, որ այս տարի անցկացվում է ՀՄԸՄ համահայկական 10-րդ hոբելյանական բանակումը: