«Արի տուն»-ը՝ հայրենասիրական դաստիարակության դպրոց

Աստիճանաբար և օրավուր «Արի տուն» ծրագիրն ընդլայնում է իր գործառույթներն ու ընդգրկումները, բացի Սփյուռքում ապրող մեր հայրենակից պատանիների ու աղջիկների ամառային հանգիստը կազմակերպելու, հայրենաճանաչության որոշակի խնդիրներ լուծելու առաջնությունից՝ վերածվում նաև հայրենասիրական դաստիարակության դպրոցի: Հարուստ է մեր հայրենիքի ռազմական պատմությունը, բազմաթիվ ճակատարմարտեր և գոյամարտեր են արձանագրվել, հերոսության բազմաթիվ էջեր են գրվել, որոնք շրջածիրի մեջ են առել վասն հայրենյաց իրենց կյանքը ողջակիզած նշանավոր ու անանուն հերոսների, ճշմարիտ հայրենասերների, որոնց հյուսած փառքերը նոր ալեբախումներ դրսևորվեցին 20-րդ դարի մեր պատմության մեջ՝ սկզբում շողարձակվելով հերոսական Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում, ապա արդեն Արցախում, որը դարձավ մեր հերոսական պատմության բարձրակետը, որն առաջին ու մեծ քայլը եղավ պատմական հայրենիքի մի փոքր հատվածի ազատագրմամբ հասնելու մեր տեսլականներին:

Եթե անցած պատերազմների շատ ռազմիկներ գերեզմաններ չունեցան, եթե երկրորդ աշխարհամարտի ժամանակ զոհվածներն ամփոփվեցին եղբայրական գերեզմաններում՝ հաճախ անանուն ու անհայտ, եթե Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերի ռազմիկներին հավաքական հուշարձաններ կանգնեցվեցին, ապա Արցախյան ազատամարտի հերոսներն ամփոփվեցին Եռաբլուրում, որը, ի փոքր մասնիկը լինելով տասնյակ ու տասնյակ գերեզմանոցների՝ այստեղ հիշատակ ու խոնարհում է արձանագրում, և նաև՝ հպարտություն: Ուրեմն, Եռաբլուրը մեր ցավի ու մորմոքի, մեր հերոսության ու հպարտության հուշարձանն է՝ իրար կողքի շարված տապանաքարերի, խոնարհ հերոսների դիմանկարներով: Եռաբլուրը նաև քաջության ու խիզախության յուրատեսակ-բացառիկ դպրոց է, որովհետև այստեղ այցելելով՝ ափերդ բռունցքվում են, առավել թանկ ու սիրելի է դառնում հայրենիքը, առավել հպարտությամբ ես խոսում մեր ոգու և մեր էության մասին:

«Արի տուն» ծրագրի մասնակիցների համար էլ Եռաբլուրը հայրենաճանաչության մի նոր հանգրվան դարձավ, հայրենասիրական դաստիարակության անօրինակ դպրոց: Ծրագրի կազմակերպիչներն իրապես կարևորել էին  հայրենիք եկած պատանիների ու աղջիկների այցելությունը Եռաբլուր, որովհետև այստեղ նրանք հնարավորություն ունեցան տեսնելու հերոսների շիրմաքարեր, որոնց վրա ամեն օր թարմ ծաղիկներ են դրվում, որոնց մասին շատ քիչ բան գիտեն հայրենիքից հեռու ապրող մեր պատանի հայրենակիցները: Ու վերադառնալով իրենց երկրներ՝ նրանք իրենց հետ այդ անունները կտանեն՝ միշտ հիշելու և հպարտանալու: «Գալով Եռաբլուր`  լցվեցի հայրենասիրական ոգով : Մենք այստեղ տեսանք հերոսների , որոնք իրենց կյանքն են զոհել հանուն Հայրենքի : Նրանցից շատերը, չնայած նրա, որ ապրել են հայրենիքից հեռու , եկել և կռվել են : Ես հպարտ եմ , որ նրանց հայրենակիցն եմ»,- ասել  է ծրագրի մասնակիցներից մեկը: Երեխաներն իրենք են կարևորել հայրենասիրություն հասկացությունը, որովհետև հայրենասիրությունը կոչ ու կեցվածք չէ լոկ, դա հիշողության հեռվից եկող ու քո սրտում ու ունկերում աղաղակող զգացում է, պատգամ է, կոչ ու հավատամք: Գուցե մի քանի տասնյակ դասախոսություն ու զրույց այնքան ազդեցիկ ու տպավորիչ չլինեին, որքան այցելությունը Եռաբլուր: Երեխաները մոմեր են վառել շիրմաքարերի մոտ, ծաղիկներ դրել՝ այսպես առավել հարստացնելով իրենց հիշողությունները: Ու վաղը, մյուս օրը՝ իրենց տներում նրանք պիտի պատմեն այդ տպավորությունները, պիտի հպարտանան, որ այս բզկտված ու բաժան-բաժան եղած հողը դեռ հերոսներ է ծնում: Իսկ այդ հերոսների մեջ քիչ չեն նրանք, ովքեր եկել էին սփյուռքից, եկել էին կռվելու հայրենիքի համար: Նրանք մեծ ազգահավաքի էին եկել՝ այսպես նաև մեր հարյուրամյակների վրեժը լուծելու:

Եռաբլուրին հաջորդողն արդեն Ծիծեռնակաբերդն է՝ Ցեղասպանության զոհերի հուշարձանը, որը նույնպես յուրովի է անդրադարձվում մեր պատանիների ու աղջիկների մտապատկերում, հարյուրավոր անգամներ լսած լինելով Ցեղասպանության մասին, նրանք այստեղ յուրովի են ընկալում եղեռնի ցավն ու մորմոքը, իրենց մտքերով անգոսնելով բռնություն ու կոտորած՝ երդվում են միշտ ուժեղ լինել, միասնական լինել, միշտ գուրգուրանքով վերաբերել մեր պատմությանն ու լեզվին, որպեսզի ոչ ոք չկարողանա մեզանից խլել մեր լեզուն, մեր ինքնությունը, մեզ տանի ուծացման: 2015-ին հայությունը՝ միակամ ու միասնական,պիտի նշի Մեծ եղեռնի 100-ամյակը, պիտի աշխարհից պահանջի խոնարհում ու արդարություն, դատապարտում ու ճանաչում: Այս պատանիներից ու աղջիկներից ամեն մեկը կկանգնի ավագների կողքին, որովհետև այստեղ՝ Ծիծեռնակաբերդում, տեսել է Ցեղասպանության նյութականացած կերպարը…

Ծրագրում կարևորագույն տեղ է գրավում նաև մասնակիցների այցելությունը զորամասեր, ծանոթացումը զինվորների առօրյային: Այս տարի էլ երեխաները եղան մի քանի զորամասում, զինվորների հետ կողք-կողքի՝ վայելել զինվորական ճաշը, հետևել զինվորական վարժություններին, ապա դասախոսություններ լսել մեր բանակի ու ազատամարտի հերոսների մասին: Մենք միշտ խոսում ենք մեր բանակի ուժի և հզորության մասին, կազմակերպվածության մասին, և ահա ծրագրի մասնակիցներն ականատես են լինում այս ամենին, տեսնում արևահար դեմքերով մեր 18-20 տարեկան զինվորներին, որոնք բանակն ու հայրենիքն են խորհրդանշում: Պատահական չէ, որ սփյուռքահայ պատանիներ հայտարարել են այն մասին, որ գալու են ծառայելու հայկական բանակում, պահպանելու մեր սահմանները: Ուրեմն, ծրագրի նպատակը ոչ միայն արդարացված, այլև հիմնավոր է, մոտ ու հարազատ մեր պատանիներին: Ու չի բացառվում, որ նրանցից ոմանք մի նոր Մոնթե կդառնան, կգան հեռուներից և զենքը ձեռքերին՝ կպաշտպանեն Հայաստանը, կպաշտպանեն մեր բիբլիական հայրենիքը, որի ակունքը այս փոքրիկ հողն է, իսկ ոգեղեն սահմանները ձգվում են բոլոր միջօրեականներում, այնտեղ, որտեղ հայերեն ենխոսում, որտեղ հայ սիրտ է բաբախում…

Լևոն Մութաֆյան

10368841_491663294269608_7027469430654823341_o 10409630_491643987604872_4843234640794028832_n Capture unnamed28 unnamed-137 unnamed-520 unnamed-712 unnamed-812 unnamed-1113

Scroll Up