Տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց 2014թ. ծրագրի հանդիսավոր բացումը

Հուլիսի 15-ին, ժամը 15.30-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց 2014թ. ծրագրի հանդիսավոր բացումը (հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գլխավոր մասնաշենք, 6-րդ հարկ, Մշակույթի կենտրոն):
Ծրագրի մասնակիցներին կողջունի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Սփյուռք» ամառային դպրոցը 2014թ. կիրականացվի վեց ուղղություններով՝ «Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստում», «Սփյուռքի լրագրողների դասընթաց», «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց», «Հայոց լեզվի (արևելահայերեն և արևմտահայերեն) արագացված դասընթացներ», «Ազգային երգի, պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթաց»: Այս տարի ավելացել է «Սփյուռքի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների և աշխատակիցների վերապատրաստման» դասընթացը:
Հուլիսի 7-ից արդեն մեկնարկել են հայոց լեզվի արագացված դասընթացները, որոնց մասնակցում է 80 սփյուռքահայ աշխարհի 12 երկրից, և հուլիսի 14-ից՝ ուսուցիչների վերապատրաստման դասընթացը, որին 13 երկրից մասնակցում են 50 մանկապարտեզների ու դպրոցների ուսուցիչներ, տնօրեններ, կրթական գործի կազմակերպիչներ: