Օր 6-րդ. «Իմ Հայաստան» փառատոնը թևածեց Արմավիրի մարզում
ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին մասնակից պարային խմբերը մինչ կմեկնեին Արմավիրի մարզ՝ համերգային ելույթներ ունենալու, նախ այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Նրանք Մայր Տաճարում մոմեր վառեցին, աղոթեցին հաջող ելույթի համար, ապա պտույտ կատարեցին եկեղեցու բակում և ծանոթացան բակում գտնվող հարակից շինություններին: Հոգևոր մեծ ուժ ստացած Մայր Տաճարից՝ ուղևորվեցին դեպի Արմավիր քաղաք: Տեղի մշակույթի պալատը դռնբաց սպասում էր օտար ափերից Հայաստան ժամանած իր զավակներին, ովքեր հենց այդտեղ պետք է համերգային ծրագրով ներկայանային արմավիրցիներին: Կարճ ժամանակում դահլիճը մարդաշատ դարձավ և հնչեցին փառատոնի արմավիրյան ճյուղի բացումը ազդարարող ելևէջները: Համերգային ողջ ծրագիրն անցավ աշխույժ մթնոլորտում, պարողներն առանց շփոթվելու և հուզվելու մեկը մյուսի հետևից իրենց պատրաստած գեղեցիկ կատարումներն էին ներկայացնում հանդիսատեսին, որոնք զուգորդվում էին հանդիսավարի խրոխտ բանաստեղծություններով և Արմավիր քաղաքի պատանի երգիչների հայրենասիրական երգերի կատարումներով: Համերգին ներկա էր նաև Արմավիրի մարզպետարանի մշակույթի բաժնի պետ Արմեն Թովմասյանը: Իսկ փառատոնի ավարտին ողջույնի խոսք ասաց «Իմ Հայաստան» փառատոնի ղեկավարի տեղակալ Էդուարդ Եսայանցը. «Հային հայ պահելու համար պետք է հայ մշակույթին ծանոթացնել, որի մի մասն էլ հայկական պարն է կազմում, հենց դա է Սփյուռքի նախարարության նպատակը, որի առհավատչյան է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս միջոցով Սփյուռքին կապենք Հայաստանին: Այնպես պետք է անենք, որ մեր սփյուռքահայերը զգան Հայրենիքի բույրը»:
Պարոն Եսայանցը շնորհակալություն հայտնեց նաև Արմավիրի մարզպետարանին՝ ցուցաբերած ջերմ ընդունելության և համագործակցության համար:
Գևորգ Չիչյան