Գրողների միությունը նշեց իր 80-ամյակը
Հուլիսի 4-ին մայրաքաղաք Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի գրողների միության հիմնադրման 80-ամյակին նվիրված հանդիսություն, որին մասնակցում էին ստեղծագործական միավորման գրեթե բոլոր անդամները, ինչպես նաև սփյուռքահայ գրողներ, որոնք վերջերս են անդամագրվել ՀԳՄ-ին:
Հանդիսությունը բացեց ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, ով համառոտ ներկայացրեց այն հիմնասկզբունքները, որոնք դրված են միության առջև: Սա հաշվետու կամ ճանաչողական զեկուցում չէր, այլ խոսք՝ նվիրված միությանը: ՀԳՄ-ն ստեղծվել է 1934 թվականին, Հայաստանում տվյալ ժամանակաշրջանում գործող մի շարք գրական միավորումների հենքի վրա և իր շուրջ համախբել բոլորին՝ իր շարքերում ունենալով հայ գրականության մեծեր Ավետիք Իսահակյանին, Դերենիկ Դեմիրճյանին, Ստեփան Զորյանին, Եղիշե Չարենցին, Ակսել Բակունցին, Վահան Թոթովենցին, Զապել Եսայանին, այլոց: Անցած ութսուն տարվա ընթացքում ՀԳՄ-ն գրողներին համախմբող, նրանց ստեղծագործական և ընկերային խնդիրները լուծող կառույց է հանդիսացել, նպաստել է գրական կյանքի կազմակերպմանը, գրողների ստեղծագործությունների հանրահռչակմանը, Սփյուռքում՝ հայապահպանությանը: Տասնամյակներ շարունակ հայ գրականությունն իր ներկայությունն է հաստատել նախկին ԽՍՀՄ գեղարվեստական կյանքում, ինչը ՀԳՄ-ի ջանքն ու ձեռքբերումն է եղել:
Էդուարդ Միլիտոնյանի խոսքից հետո ընթերցվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձը: Հրապարակվեցին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ողջույնի ուղերձները: Ապա բեմ հրավիրվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀԳՄ անդամներին ուղղված շնորհավորական ուղերձում հանրապետության վարչապետը, մասնավորապես, նշել է. «Միության հոբելյանը նշանակալից իրադարձություն է Հայաստանի հասարակական և մշակութային կյանքում։ Այն անգնահատելի դերակատարություն է ունեցել մեր ժողովրդի հոգևոր զարգացման, ազգային ավանդույթների պահպանման, հայրենասիրական գաղափարախոսության կերտման գործում։ Միության անցած ստեղծագործական ճանապարհը հեշտ չի եղել, սակայն գրողը մնացել է մտավորական, հայրենիքի նվիրյալ»։ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ միությունն ստեղծվել է դժվարին շրջանում, հայրենի գրականության նվիրյալներ Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի և մյուսների ջանքերով, իսկ հետագա սերունդները շարունակել և զարգացրել են նրանց ստեղծած գրական ավանդույթները՝ ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ մեր երկրի անկախության վերականգնումից հետո։ «Այսօր մեր գրականությունն, ինչպես և երկիրը, գտնվում է նոր իրավիճակում՝ իր խնդիրներով և մարտահրավերներով։ Ձեր առջև դրված խնդիրները և´ հին են, և´ նոր։ Հին, որովհետև գրականությունը մշտապես անդրադարձել է մարդուն, նրա ցավին ու հույսին, նոր, որովհետև համաշխարհայնացման պայմաններում մեր ինքնագիտակցության և ընկալումների մեջ տեղի են ունեցել տեղաշարժեր։ Ձեր խնդիրն է գեղարվեստորեն արտացոլել այդ նոր պայմաններն ու իրողությունը, սակայն շարունակել առաջնայինը համարել հայրենիքի ու նրա քաղաքացու շահերը», – ասել է Հայաստանի վարչապետը։ Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ՀԳՄ-ն իր ստեղծագործական ներուժով՝ ի դեմս բանաստեղծների ու արձակագիրների, ձեռնամուխ կլինի այդ բարձր առաքելության իրականացմանը։ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ չնայած ժամանակակից տեխնոլոգիաների և հաղորդակցության էլեկտրոնային միջոցների աննախադեպ զարգացմանը, տպագիր գիրքը մշտապես կմնա ընթերցողի հավատարիմ ուղեկիցը և կնպաստի մտավոր ու հոգևոր աշխարհի հարստացմանը: Վարչապետը հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունն իր հնարավորությունների շրջանակում մշտապես աջակցելու է միությանը և ստեղծագործական հաջողություններ ու քաջառողջություն մաղթել գրողներին:
Հայ գրականության մեջ ներդրած նշանակալի ավանդի համար և Հայաստանի գրողների միության 80-ամյակի առթիվ Հովիկ Աբրահամյանը ՀԳՄ անդամներ, արձակագիրներ Վահագն Մուղնեցյանին, Նելլի Շահնազարյանին, Սաթենիկ Մկրտչյանին, Թադևոս Տոնոյանին, Վահան Սևանին և Ռաֆայել Սահակյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: ՀՀ կառավարությունը Հայաստանի գրողների միությանը նաև նվիրել է ծառայողական ավտոմեքենա:
Մեծ թվով գրողներ պարգևատրվեցին ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, այլ գերատեսչությունների մեդալներով և շնորհակալագրերով:
Հոբելյանական հանդիսությանը մասնակցում էին նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Լևոն Մութաֆյան