Օշականը պատրաստվում է հյուրընկալելու «Իմ Հայաստան» փառատոնի մասնակիցներին
Գեղեցիկ բնություն, օշականյան հյուրընկալություն, համեղ քաղցրավենիքներ, պար, երգ, տոնախմբություն… Այս ամենը ՀՀ Սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի շրջանակներում, երբ աշխարհի հեռու և մոտիկ վայրերից Հայաստան ժամանած պարախմբերը հուլիսի 5-ին կհյուրընկալվեն Օշականում և մասնակիցը կդառնան օշականյան ավանդական քաղցրավենիքի օր՝ «Գյուղի տատիկ» միջոցառմանը:
Գաղափարն այսպես է ծնվել. «Մի անգամ իմ բարեկամների հետ պարոն Հարոյանը («Իմ Հայաստան» փառատոնի ղեկավար-հեղ.) հյուրընկալվել էր մեր տանը: Տեսնելով ընդարձակ տարածքը, հյուրասիրությունը` որոշեց փառատոնի մեկ օրն անցկացնել Օշականում և հյուընկալվել «Գյուղի տատիկին»: Մենք սիրով համաձայնեցինք և մեծ ոգևորությամբ սկսել ենք նախապատրաստվել: Մեծ պատիվ է մեր գյուղում հյուրընկալելու սփյուռքահայ երիտասարդներին»,-մեզ հետ զրույցում ասաց «Գյուղի կին» հասարակական կազմակերպության նախագահ Վերա Զաքարյան-Գրիգորյանը, ով այս միջոցառման անմիջական կազմակերպիչներից է:
Տիկին Վերան պատմեց, որ Օշականում գեղեցիկ, ազատ տարածք ունեն` շրջապատված ծառերով: Դա կլինի յուրատեսակ բեմ, որտեղից կհնչի պար, ասմունք, երաժշտություն: Տարածքում կլինեն տաղավարներ, որտեղ կներկայացվեն օշականյան քաղցրավենիքներ, այն ամենն ինչն ավանդաբար պատրաստվում է Օշականում: Պարախմբերի անմիջական մասնակցությամբ տեղի կունենա սուջուխի պատրաստման արարողություն: Գյուղի տատիկները` 92-ամյա Թամար տատիկի գլխավորությամբ, իրենց պատրաստած սուջուխը կհրամցնեն սփյուռքահայ երիտասարդներին, նվերներ կտան` «համեմված» ծերունական մաղթանքներով և օրհնանքներով:
Սփյուռքյան պարախմբերի ելույթներին կմիանան գյուղի տարբեր սերնդի ներկայացուցիչները (մանկապարտեզի սաներ, դպրոցականներ, երիտասարդներ)` օշականյան երգ ու պարով, ասմունքով: Գյուղը հրաշալի ժողնվագարանների խումբ ունի (ղեկավար` Աշոտ Ամիրբեկյան), որը հանդես կգա իր հրաշալի կատարումներով, երիտասարդ քանդակագործները, նկարիչները կցուցադրեն իրենց գործերը: Կկազմակերպվի «Իմ Հայաստան» խորագրով նկարների ցուցահանդես, որին կմասնակցեն Օշականի Մշակույթի տան նկարչական խմբակի սաները:
«Կկազմակերպվի հյուրասիրություն արդեն ավագ սերնդի կողմից: Պատվախնդիր օշականցիները, բոլորն ովքեր տեղյակ են, փորձում են ինչ-որ կերպ օգտակար լինել: Շատ հետաքրքիր կլինի ամեն ինչ»,-հավելեց տիկին Վերան:
Բոլորին սիրով հրավիրում ենք Օշական` մասնակիցը լինելու այս հրաշալի տոնին: Այդ օրը Օշականում տեղի կունենա ազգային յուրատեսակ հանդիսություն, հոգու տոն: Սփյուռքահայերն իրենց պարով ու «կարոտով», հյուրասեր օշականցիները` բերք ու բարիքով, քաղցրավենիքով կջերմացնեն միմյանց ու ներկաներին: Պարի ոգով կկամրջվեն ոչ միայն Հայաստանն ու Սփյուռքը, այլև Սփյուռքի տարբեր գաղթօջախները:
Եվ այսպես` հանդիպում ենք հուլիսի 5-ին` Օշականում:
Լուսինե Աբրահամյան
Հ.Գ. Ժամը 16.00-ին փառատոնի մասնակից պարախմբերը Օշականում կայցելեն «Մեսրոպ Մաշտոց» եկեղեցի;
Ժամը 18.00-ին «Պարարվեստի օրերի» շրջանակներում Օշականում տեղի կունենա «Գյուղի տատիկ» խորագրով բացօթյա համերգ:
Լրագրողներին Օշական տեղափողող ավտոբուսը կշարժվի ժամը 16.30-ին, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի բակից: