Քեսաբն ականազերծում են, Լաթաքիայում գտնվող քեսաբահայերը հավաքում են իրերը տուն վերադառնալու համար
Քեսաբից բռնի տեղահանված ու Լաթաքիայում բնակություն հաստատած սիրիահայերը ոգևորված են Քեսաբի ազատագրման նորությամբ և պատրաստվում են վերադառնալ իրենց բնակավայր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Ես երեկ խոսել եմ Քեսաբի քաղաքաքապետի` Վազգեն
Չափարյանի հետ, նա շատ ոգևորված է, գնացել էին Քեսաբ, իհարկե, որոշակի կորուստներ կան, բայց ընդհանուր առմամբ վիճակն ավելի տանելի է: Հիմա ականազերծում են տարածքը, դրանից հետո, բնականաբար, մերոնք տեղաշարժվելու են ու գնալու իրենց բնակավայրերը: Մեծ ոգևորություն կա, Լաթաքիայում արդեն բոլորը հավաքվում են, իսկ նրանք, ովքեր տեղափոխվել են Այնճար, Բեյրութ կամ Երեւան, իրենք կորոշեն իրենց հաջորդ քայլը: Կարևորն այն է, որ հնարավորությունն արդեն կա, ու նրանք կարող են մեկնել»,- ուրախությամբ փաստեց նախարարը:
Պատասխանելով հարցին, թե որն է լինելու համայն հայության հաջորդ քայլը, ինչպիսի օգնություն պետք է ցուցաբերվի քեսաբահայերին, Հրանուշ Հակոբյանը նշեց, որ նախ պետք է գնահատվի իրավիճակը, յուրաքանչյուր ընտանիքն ինչի կարիք ունի, որից ելնելով էլ օգնության բնույթը կորոշովի: «Մենք դիմել ենք մեր հայկական բոլոր համայնքներին, սփյուռքի կառույցներին հնարավոր հանգանակություն անելու համար: Մենք պարտավոր ենք օգնել Քեսաբին, որ այն ամբողջությամբ վերականգնվի, ամրանա, և Կիլիկիայի այդ հատվածն իրոք կարողանա միշտ հայաբնակ լինել»,-եզրափակեց նախարար Հակոբյանը:
Մանրամասները՝ armenpress.am կայքում: