Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկում Համբուրգի «Բուցերիուս» բարձրագույն իրավաբանական դպրոցում

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից, մայիսի 5-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքի «Բուցերիուս» բարձրագույն իրավաբանական դպրոցում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանությունը, հոլոքոստը և այլ ցեղասպանությունները. որտե՞ղ են ավարտվում խոսքի ազատության սահմանները» խորագրով քննարկում:
Միջոցառման կազմակերպիչներն էին Գերմանիայի «Հանրային իրավունքի երիտասարդ գիտություն» կազմակերպությունն ու Միացյալ ազգերի գերմանական ընկերությունը՝ Բեռլինում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և Գերմանիայի Հեսսեն երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսի անմիջական ֆինանսական աջակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին իրավաբաններ, գիտահասարակական շրջանակների ներկայացուցիչներ, Բունդեսթագի և Համբուրգի քաղաքային խորհրդի պատգամավորներ:
Ողջույնի խոսքով հանդես են եկել Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանը և «Բուցերիուս» իրավագիտական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դորիս Քյոնիգը:
Հիմնական բանախոսներն էին Բոխումի «Ռուռ» համալսարանի Սփյուռքի և Ցեղասպանության հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Միհրան Դաբաղը, Բեռնի համալսարանի իրավաբանական ֆակուլտերի գիտաշխատող, դոկտոր Մաթիաս Ուֆֆերը, Գերմանիայի Հայդելբերգ քաղաքի Մաքս Պլանկի անվան Օտարերկրյա հանրային իրավունքների և ազգերի իրավունքների գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող Էլիֆ Ասկին, Ֆրայբուրգի «Ալբերտ-Լյուդվիգս» համալսարանի գիտաշխատող, դոկտոր Մաթիաս Հոնգը:
Միջոցառումը վարում էր Բեռլինի Հումբոլդթի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի գիտաշխատող Հաննա Բիրկենքյոթերը:
Տեղեկանք. Համբուրգի «Բուցերիուս» բարձրագույն իրավաբանական դպրոցը Գերմանիայի սահմաններից դուրս ևս բարձր հեղինակություն է վայելում: Այն Գերմանիայում առաջին մասնավոր իրավագիտական համալսարանն է, հիմնադրվել է 2000թ. «Ցայթ Էբելին և Գերդ Բուցերիուս» հիմնադրամի կողմից և հանդիսանում է Եվրոպայի հեղինակավոր և բացառիկ ուսումնական հաստատություններից մեկը: Հաստատությունը հանդիսանում է Գերմանիայի դաշնային և երկրամասային դատաիրավական համակարգի երեք անկախ փորձագիտական կենտրոններից մեկը: Աշխարհի 30 երկրներում «Բուցերիուս» բարձրագույն իրավաբանական դպրոցն ունի 100-ից ավելի գործընկեր համալսարաններ, որոնց թվում են Օքսֆորդի, Քեմբրիջի, Ելի և Կալիֆորնիայում Սթանֆորդի համալսարանները: