Հերքել անհերքելին՝ հանցագործություն է

Պատմական մեծ ավանդություն ունեն ապրիլքսանչորսյան հավաքները «Թայմս Սքվերում»: Ամեն տարի հիշատակի այս միջոցառման հայտն ընդունվում և հարգվում է Նյու Յորքի քաղաքային իշխանությունների կողմից որպես բացառիկ իրադարձություն, և ահա տասնամյակներ շարունակ ապրիլի 24-ին հաջորդող կիրակի օրը «Թայմս Սքվերում» հնչում է Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջն ու հայ անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչումը:
Այս ավանդույթը սկիզբ է առել մոտ վեց տասնամյակ առաջ: Անցյալ դարասկզբին ԱՄՆ արևելյան ափում հանգրվանած եղեռնապուրծ հայ գաղթականների մի քանի ժառանգներ երդվում են պայքար սկսել հանուն Հայ դատի ճանաչման: Այս միությունը կոչվեց Վարդանանց ասպետների ուխտ, որի գործը փոխանցվում է ահա սերնդեսերունդ: Ուխտի վերջին ներկայացուցիչներից է թերևս Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Դենիս Փափազյանը, ով իր բացման խոսքում ողջունեց Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի հիշատակմանը ներկա բազմահազար հայությանը, հրավիրված ԱՄՆ ազդեցիկ սենատորներին, կոնգրեսականներին, Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելան թեմի հոգևոր բարձրագույն դասի ներկայացուցիչներին:
Ի դեպ, ապրիլի 27-ը հրեական Ողջակիզման զոհերի հիշատակման տարելիցի օրն է: Ոստի «Թայմս Սքվերում» հայերին միացել էին նաև Նյու Յորքի հրեական համայնքի ներկայացուցիչներ: «Այս հանգամանքը խոհրդանշում է հայ և հրեա ժողովուրդների ճակատագրերի նույնության և միմյանց սատարելու անհրաժեշտության մասին», – իր ելութում նշեց «Հրեական ձայն և կարծիք» պարբերաանի խմբագիր Սյուզան Ռոզենբլաթը:
Հայտնի է, որ ԱՄՆ-ն եզակի այն երկրներից է, ուր անմիջական ապաստան են գտել եղեռնազարկ հայության առաջին խմբերը: Մինչև օրս ամերիկյան արխիվներում պահվում են Հայոց ցեղասպանութան անցքերը փաստող բազմաթիվ վավերագրեր, ականատեսների վկայություններ, իրեղեն բազմաթիվ ապացույցներ, այդ թվում՝ վերջերս մեծ ուշադրության արժանացած՝ հայ որբերի հյուսած գորգը: ԱՄՆ-ը ամենաիրազեկ պետությունն է այս առումով և չունի թերևս լրացուցիչ ապացույցների կարիք: Այդուհանդերձ, Սպիտակ տունն ահա 99 տարի խուսափում է Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի դեմ իրագործված ոճրագործությանը անվանելու ճիշտ բառով՝ Ցեղասպանություն: Եվ սա այն դեպքում, երբ մարդու իրավունքների պաշտպանությունը այդ երկրի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկն է համարվում: «Թայմս Սքվերում» այս միտքն անցնում էր գրեթե ամեն ելույթ ունեցողի խոսքում: Կոնգրեսմեն ֆրենք Փալոուն հատկապես նշեց այն փաստը, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, սենատոր Մենենդեսի ջանքերի շնորհիվ, ձայների ճնշող մեծամասությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևը, ինչը վճռորոշ քայլ կարող է հանդիսանալ հետագայում Սենատում այս բանաձևի ընդունման դրական արդյունքի համար:
Անշուշտ, խոսվեց Թուրքիայի վարչապետ Էրդողանի սենսացիոն «ներողության» մասին: Երևույթը գնահատվեց դրական, բայց՝ ոչ լիարժեք, ոչ բավարար:
Հիշատակի արարողությանը հրավիրված կոնգրեսական Քերոլայն Մալոնին, հայտնի սենատոր Չաք Շյումերը կարևորեցին հայոց սփյուռքի, հատկապես ամերիկահայության ներդրած ահռելի ջանքերը, որի արդյունքում իրենց նախնիների պատմությանը առճակատվելու գործում այսօր նկատելի փոփոխություն է տեղի ունենում թուրք հասարակության մեջ: Մի քանի տարի առաջ հայերին հակազդելով՝ փողոց էին դուրս գալիս Նյու Յորքում ապրող հազարավոր թուրքեր: Այսօր դա այդպես չէ այլևս:
«Թայմս Սքվերում» հիշատակվեցին նաև այսօր Նյու Յորքի Հայոց տանն ապրող Ցեղասպանության վերջին մոհիկանների անունները: Նրանք արդեն երեքն են այլևս: 99 տարեկան Արշալույս Դադիրը՝ ծնված Շապին Գարահիսարում, 102 տարեկան Փերուս Գալուսդիանը՝ ծնված Խարբերդում և 100 տարեկան Ազնիվ Գիրագոսիանը՝ ծնված Ուրֆայում:
Սառա Գասպարյան
Նյու Յորք