Նիդերլանդներում հարգելու են Հայոց Մեծ եղեռնի 99-րդ տարելիցը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/452.jpg)
Հոլանդահայ կազմակերպությունները 2014 թվականին ևս պատրաստվում են լայնամասշտաբ կերպով նշելու Մեծ եղեռնի տարելիցը: Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն ողջ Հոլանդիայի տարածքով մեկ, անգամ այն բնակավայրերում, որտեղ սակավաթիվ հայեր են ապրում: Անմեղ զոհերի ոգեկոչման արարողություններն արդեն մեկնարկել են և շարունակվելու են ապրիլի 24-ից հետո էլ:
Ապրիլի 11-ին ՈՒտրեխտում Գլաձոր հայ ուսանողական միությունը Ցեղասպանության թեմայով ընթերցանության երեկոյին հյուր էր հրավիրել երիտասարդ գրող-տեսաբան Էնթոնի Հոլսլագին, ով հետազոտություն է կատարել Հայոց ցեղասպանության հետևանքների մասին: Նա հայ ուսանողներին է ներկայացրել Իր «In het Gesteente van Ararat» գիրքը:
Նույն օրը’ ապրիլի 11-ին, Նիդերլանդների հարավում գտնվող Օսթբուրգ քաղաքում բացվել է “T Armeense Hoekje” (Հայկական անկյուն) անունը կրող ռեստորանը: Dear Angel հոլանդահայ կազմակերպությունը Մեծ եղեռնին նվիրված թեմատիկ նյութեր է պատրաստում ցուցադրել այստեղ այցելող հաճախորդներին, իսկ ապրիլի 24-ին նախատեսված է ցուցադրել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմեր, նաև հարցազրույց է կազմակերպվելու մարզային ռադիոյով:
Ապրիլի 22-ին Հոլանդիայի Հայ դատի հանձնախումբը Հաագայում, համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների հետ համատեղ, Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված բողոքի ակցիա է իրականացնելու: Ցույցն սկսվելու է Հաագայի Պլեյն հրապարակում` Հոլանդիայի խորհրդարանի մոտից, այնուհետև շարունակվելու է երթով դեպի Թուրքիայի դեսպանատուն՝ Քեսաբի դեմ ագրեսիան դադարեցնելու ու նոր ցեղասպանությունը կանխելու կոչերով:
Նույն օրը’ երեկոյան, Հոլանդիայի Հայ դատի հանձնախմբի Հ.Յ.Դ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական կազմակերպության անդամներն ու նրանց համախոհները Դեն Հաագում իրականացնելու են գիշերային քայլարշավ և մոմավառություն:
Հաջոդ օրը’ ապրիլի 23-ին, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) Ապրիլ 24 հանձնախումբը կազմակերպում է հուշ երեկո: Այս միջոցառումը տեղի կունենա Ամստերդամի վերանորոգված Հայ Առաքելական Սուրբ Հոգի եկեղեցում, որի 300-ամյակը նշվելու է այս տարի: Ծրագիրը պարունակում է ելույթներ և երաժշտություն: Ելույթ կունենան Նիդերլանդներում Հայաստանի դեսպան տիկին Ձյունիկ Աղաջանյանը, Հոլանդիայի խորհրդարանի Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր պարոն Գերտ Յան Սեգերսը, Իսրայելի տեղեկատվական CIDI կենտրոնի նախկին տնօրեն պարոն Ռոնի Նաֆտանիելը և այլ անձինք:
Կցուցադրվեն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ցեղասպանության թեմայով հոլանդական թերթերում լույս տեսած նյութեր, այդ թվում՝ Հոլանդիայի դեսպանի զեկույցները: Այս ցուցահանդեսը ներկայացնելու է քաղաքական գործիչ Պետեր վան դեր Ֆելդենը: Կցուցադրվեն Հայոց ցեղասպանության մասին հրատարակված գրքերի հավաքածու:
Ապրիլի 24-ին, ժամը 11-ին տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն և ծաղկեպսակների զետեղում Ասենի Մեծ եղեռնի հուշարձանին, որը գտնվում է այդ քաղաքի «Դե Բոսկամպ» գերեզմանատանը: Այս միջոցառումը նախաձեռնել են Ասենի «Արմենիա» հաստատությունն ու հոլանդահայ Ֆեդերացիայի «Ապրիլ 24» կոմիտեն: Մեկ այլ վայրում՝ Ալմելո հայաշատ քաղաքում, բացվելու է Եվրոպայում իր տեսակի մեջ եզակի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրը: Այն կառուցվել է հայկական եկեղեցիների սխեմայով` տասնվեց սյուների վրա: Համալիրի հիմքը հանդիսացող տասնվեց տուֆից խաչքարերը պատրաստվել են Հայաստանում: Այդ օրը Նիդերլանդների, նաև հարևան երկրների հայաշատ վայրերից բազմաթիվ պատվիրակություններ են ժամանելու՝ հարգանքի իրենց տուրքը մատուցելու բարերար Քրիստիան Գելիջիի նախաձեռնությամբ հիմք դրված նահատակների հուշհամալիրին:
Ապրիլի 26-ին Վստերվորդում Հայ տիկնանց միությունը Արնեմի Հայ Եկեղեցու խորհրդի հետ համատեղ կազմակերպելու են հուշ-երեկո:
Հայոց Մեծ եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ տեղի կունենան Նիդերլանդների մեծ ու փոքր բնակավայրերում, ամենուր, որտեղ ապրում են հայեր:
«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»