ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ցավակցական նամակ է հղել Հայր Րաֆայել վարդապետ Անտոնյանի մահվան առիթով

Մխիթարյան միաբանության աբբահայր  Եղիա Ծ. Վրդ. Քիլաղբյանին. 

Հոգեշնո՛րհ Հայր,

Խորը վշտով և ցավով տեղեկացանք Մխիթարյան միաբանության անդամ Հայր Րաֆայել վարդապետ Անտոնյանի մահվան մասին:

Մեծ է նրա վաստակը հայկական սփյուռքում հոգևոր կրթության զարգացման և տարածման գործում: Հավատարիմ հայ մանկավարժի բարձր կոչմանն ու ազգանվեր գործին, ամենայն պատասխանատվությամբ և բծախնդրությամբ պաշտոնավարելով Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան և Փարիզի Սամուել Մուրադյան  վարժարաններում՝ Հայր Րաֆայելը կրթել է մատաղ սերնդին՝ նպաստելով հայ հոգևորականների պատրաստմանն ու կայացմանը, և որ շատ կարևոր է, իր սեփական օրինակով դարձել բազմաթիվ սաների համար հայ հոգևորականի ընդօրինակելի կերպար: Տարիներ շարունակ նա իր սաներին ոգեշնչել է հայրենասիրությամբ ու ազգասիրությամբ:

Անգնահատելի են նվիրյալ հոգևորականի ջանքերը Եվրոպայում հայաստանաբնակ աշակերտների կրթության կազմակերպման գործում: Նրա բազմաթիվ սաներն այսօր զբաղեցնում են պետական պաշտոններ՝ իրենց մեծ նպաստը բերելով Հայաստան-Իտալիա, Հայաստան-Վատիկան հարաբերությունների զարգացման գործին:

Հայր Րաֆայելը ապրեց Հայրենի պետության հոգսերով և մշտապես սատար կանգնեց կարիքավորին: Այս տողերը գրելիս չէի կարող չհիշել, որ Իտալիայի Վենետո նահանգային խորհրդի աջակցությամբ և հոգեշնորհ հոր անմիջական նախաձեռնությամբ Սպիտակի երկրաշարժի տարիներին աղետի գոտու 100 երեխա ամիսներ շարունակ բարոյական ու նյութական օժանդակություն ստացավ՝ օթևանելով օտար պետության տանիքի տակ:

Հայ տպագիր մամուլում՝ մասնավորապես «Բազմավէպ»-ում, հրատարակված նրա բազմաթիվ հայագիտական հոդվածներն արժեքավոր են ազգային ինքնության պահպանման, հայ մշակույթի զարգացման ու տարածման տեսանկյունից:

Լուսահոգի վարդապետն Ամերիկայի հեռավոր ափերում ապաստան գտած Բելմոնթի Հայ Կաթողիկէ Սուրբ Խաչ եկեղեցու հավատացյալներին ազգային հոգևոր արժեքների քարոզմանն ու ամրապնդմանն ավելի քան քսան տարի նվիրվելով՝ հաստատեց իր ուրույն տեղը սփյուռքի ազգանվեր մանկավարժ-հոգևորականների շարքում:

Խորապես ցավակցում ենք Ձեր ողջ հոգևոր դասին և հավատացյալ հոտին: 

 

ՎՇՏԱԿՑՈՒԹՅԱՄԲ` 

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Scroll Up