Ավետման տոնը Ջավախքում

Սբ. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն վրդ Սալբիյանի անմիջական նախաձեռնությամբ և օրհնությամբ Ջավախքի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվեց տոնական Սբ. և Անմահ պատարագ: Տոնական օրվա պատարագիչը Ախալքալաքի Սբ Խաչ եկեղեցում Տ. Տաթև քահանա Մարուքյանն էր:

տոնի առիթով Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդություն գեղեցիկ անակնկալ մատուցեց Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի ծննդատան աշխատող կանանց և օրվա մայրերին: Տ. Տաթև քահանա Մարուքյանն անձամբ շնորհավորեց ծննդկաններին և բժիշկներին՝ նվիրելով մեկական վարդ և «Մանկական Աստվածաշունչ» մատյաններ:

Տեր հայրը բարձր գնահատեց ծննդատան աշախատակիցների կատարած գործը՝ նշելով. «Այստեղից է սկսվում կյանքը, և Դուք այն նվիրյալներն եք, ովքեր արժանապատվորեն իրականացնում են իրենց գործը»:

Հայ Առաքելական Եկեղեցու այս անակնկալ փոքրիկ ուշադրությունը ուրախությամբ լցրեց ներկաների սրտերը:

Տոնական օրվա ավարտին արդեն Ջավախքի Առաջնորդարանի դահլիճում կիրակնօրյա դպրոցի սաներն էին գորվերգում հայոց մայրերին: Կիրակնօրյա դպրոցի տնօրեն  Զարհուհի Բարբառյանի շուրջ 80 սաներ գեղարվեստական յուրօրնակ երեկո էին կազմակերպել իրենց մայրերի համար:

Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

 unnamed (1) unnamed (2) unnamed (3)

Scroll Up