Ուրուգվայի Հայ Դատի հանձնախումբը դատապարտում է Քեսաբի տեղահանությունն ու Սիրիայում Թուրքիայի ապակայունացնող քայլերը

Հարավային Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն վճռականորեն դատապարտում է հայահոծ Քեսաբի վրա հարձակումը և մերժում է ցանկացած փորձ՝ շարունակելու 100 տարի առաջ Թուրքիայի նախաձեռնած ցեղասպանության ծրագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին հիշեցրին Ուրուգվայի Հայ Դատի Հանձնախմբից, 1915 թվականին Քեսաբի ողջ բնակչությունը՝ մոտ 5 հազար մարդ, տեղահանվել է և սպանվել: «Ներկայում ահաբեկչական խմբավորումների կողմից հետապնդումները դատարկել են քաղաքն իր պատմական բնակիչներից, և Քեսաբի հայության գլխին վերստին կախված է ոչնչացման վտանգը: Մենք ցանկանում ենք տարածաշրջանի երկրների ղեկավարների, միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել քաղաքի բնակչության անվտանգությունն ապահովելու և իրենց օջախները վերադառնալու հարցերին, ինչպես նաև դատապարտել սիրիական հակամարտությանը Թուրքիայի ապակայունացնող միջամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող հայկական հոծ բնակչություն ունեցող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին, Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում բնակիչներ գրեթե չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Քեսաբի հայաթափությունը համախմբել է համայն աշխարհի հայության ջանքերը:

Մանրամասն՝ armenpress.am-ում:

Scroll Up