ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով է պարգևատրվել պոլսահայ հայտնի մտավորական Սևան Նիշանյանը

 Օրերս պոլսահայ բազմատաղանդ մտավորական՝ լեզվաբան, գրող, հրապարակախոս Սևան Նիշանյանը արժանացավ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության բարձր պարգևի՝ աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի անվան մեդալի: Դրանով ՀՀ սփյուռքի նախարարությունն ըստ արժանվույն է գնահատում Սևան Նիշանյանի ազգանվեր գործունեությունը, որն ամբողջությամբ հայապահպանության, հայոց լեզվի և հայ մշակույթի պահպանմանն ու զարգացմանն անմնացորդ նվիրում է: Լինելով պոլսահայ մշակույթի բարձր արժեքների ճշմարիտ կրողը՝ Սևան Նիշանյանը իր հարուստ փորձն ու գիտելիքները ծառայեցրել է նաև համամարդկային խնդիրների լուծման կարևոր գործին: Դրա վկայությունն են նրա «Փոքր հյուրանոցների գիրք»-ը, «Բառերի տոհմածառ»-ը, մի շարք այլ հիմնարար աշխատություններ: Տաղանդավոր գիտնականը մեծ ներդրում ունի նաև թուրքերենի ուսումնասիրրության և զարգացման գործում: Նրա «Թուրքերենի ծագումնաբանական բառարան» հիմնարար աշխատությունը աննախադեպ է թուրքերենի ողջ պատմության համար:

ՍԵՎԱՆ ՆիՇԱՆՅԱՆ

Ծնվել է 1956 թվականին, Կ. Պոլսում: Նախնական ուսումը ստացել է Պոլսի Պանգալթը թաղամասի Մխիթարյան վարժարանում: Միջնակարգ ուսումը սկսել է «Ըշըք լիցեյում», հետո շարունակել և ավարտել է «Ռոբերտ» քոլեջը:

1974 թ., բարձրագույն ուսում ստանալու նպատակով, մեկնել է ԱՄՆ, որտեղ Յել /YALE/ և Կոլումբիա /COLUMBIA/ համալսարաններում ուսանել է պատմություն, փիլիսոփայություն և Հարավային Ամերիկայի քաղաքական պատմություն:

1984-85 թ.թ. Կոմմոդոր /Commodore 64/ անուն համակարգիչը առաջին անգամ Թուրքիա բերող, համակարգչային այդ ընկերության մասնաճյուղը ստեղծողը և համակարգչային նույնանուն առաջին ամսաթերթի հրատարակողն է:

Ճամփորդել է աշխարհի տարբեր երկրներում և ճանապարհորդությունների ընթացքում իր տեսած վայրերի մասին բազմաթիվ գրքեր է գրել, բրիտանական և ամերիկյան մեծանուն ընկերությունների համար զբոսաշրջությանը և հետաքրքիր ուղևորություններին վերաբերող գրքեր է հեղինակել:

1998 թ. հրատարակվել է Ս. Նիշանյանի հեղինակային «Փոքր հյուրանոցների գիրք»-ը, որից հետո` նմանատիպ գրքեր 1, 2, 3 …  հերթական թողարկումների բազմաթիվ տպագրում է եղել:

 1996 թ. հաստատվելով նախկինում հունական Նէա Էֆեսոս, այժմ Շիրինջե կոչվող փոքրիկ գյուղում` այստեղ կառուցել է հյուրանոց և սկսել այս ոլորտում աշխատելով վաստակել: Նույն գյուղում պատմամշակութային արժեք ներկայացնող բազմաթիվ շինարարական աշխատանքներ է կատարել, տասնյակ տներ է վերականգնել, վերակառուցել, ինչի համար լուրջ խնդիրներ է ունեցել թուրքական իշխանությունների հետ:                                                                                                       

Ս. Նիշանյանի հրատարակած գրքերի ոչ ամբողջական ցանկը. 

«Փոքր հյուրանոցների» գրքեր

«Անկարայից արևելք գտնվող Թուրքիա»

«Հետաքրքրվողների համար՝ Արևելյան Թուրքիա»

«Բոլորի չիմացած արտակարգ վայրեր»

«Բառերի տոհմածառը»

«Բառերի աճպարար»

«Էլիֆի եզը կամ անակնկալների գիրքը»

«Սև ծով»

«Անունը մոռացված երկիր»

 Սխալ Հանրապետություն և «Աթաթուրք և քեմալիզմի առթիվ 51 հարց»

«Առյուծով ճանապարհ»

«Թուրքերենի ծագումնաբանական բառարան»

Scroll Up