Լինել միայնակ ու բախտավոր` Սասունի լեռներում…
Մեզանից շատերը հայ են, որովհետև ծնվել են հայ ընտանիքում, մկրտվել են հայկական եկեղեցում: Հայ են, որովհետև խոսում են հայերեն: Կան մարդիկ, ովքեր ոչ թե հայ են, այլ պարզապես ունեն «հայկական ծագում» և այլն… Յուրաքաչյուրն ինքն է սահմանում իր ինքնությունը և ընտրում այն ներկայացնելու ձևը… Բայց կան նաև մարդիկ, ովքեր հայ են ոչ թե որովհետև այդպես իրենք են սահմանել կամ ունեն վերոնշյալ «առավելությունները», այլ հայ են, որովհետև… դիմադրել են:
Ծպտյալ հայերի մասին խոսելիս մենք միշտ շոշափում ենք կորստի, զրկանքների, սեփական մշակույթից և լեզվից հեռու մնալու ցավոտ թեմաները: Սակայն սա պատմություն է սահմանից այն կողմ մնացած հայի առավելությունների մասին…
Դավիթը մեծացել է Մարաթուկ սարի փեշերին, ամեն օր վաղ առավոտյան արթնանում ու գնում էր իրենց կենդանիներին արածեցնելու այնտեղ, ուր հայկական եկեղեցու ավերակները հուշն էին այն բանի, որ մի ժամանակ այստեղ իր պես էլի հայեր են եղել: Մարաթուկի Սբ. Աստվածածին վանքը առեղծվածներով լի մի վայր էր բոլորի համար, նույնիսկ մահմեդականները վախենում էին եկեղեցու դիմացի ծառերից պտուղ քաղել` ասելով` մեղք է: Մարաթուկը սրբավայր էր ոչ միայն հայերի, այլև տեղի արաբների ու քրդերի համար, իսկ նրանք, ովքեր անհարգալից էին նրա նկատմամբ, «ստանում էին իրենց պատիժն Աստծուց»: Դավիթը հիշում է, թե ինչպես է եկեղեցու մոտ երկար ժամանակ ոսկի փնտրող քուրդը վերջապես գտել հայկական գանձերը, տարել տուն, իսկ որոշ ժամանակ անց համրացել է:
Դավիթը, ում ընտանիքը միակ քրիստոնյա հայ ընտանիքն էր ամբողջ գյուղում, լուռ հետևում էր, թե ինչպես էին մի ժամանակ հայերին կոտորած քրդերի անասունների հոտերը սատկում, չորանում, և այլևս բերք չէին տալիս արտերը:
Դավիթն այն ժամանակ դեռ չգիտեր, թե ինչով է նա տարբեր գյուղի իր մյուս ընկերներից, միայն գիտեր, որ ինքը հայ է, իսկ մյուսները` մահմեդական: Նաև չէր հասկանում, թե իրենց արաբ կոչող գյուղի մեծերն ինչպես էին կարողանում խոսել «իր պապիկի լեզվով…»: Դա երևի հայերեն է, որը նա չի հասկանում…
Թեև Սասունում գործող եկեղեցի ու քահանա չլինելու պատճառով ընտանիքը չէր կարող մկրտվել, բայց տատիկը և պապիկը Զատկի տոնից առաջ 40 օր պաս էին պահում, հետո մայրիկը ձու էր ներկում Զատկի օրերին, հյուրասիրում էին գյուղի արաբ ընկերներին, նրանց հետ ձու էին կռվեցնում, իսկ իսլամական տոների ժամանակ այցելում էին հարևաններին և շնորհավորում: Երբեմն գյուղ էր գալիս ՆԱ: Նրա անունը բարձրաձայն չէին տալիս. վախենում էին. մի հաղթանդամ, ուժեղ մարդ էր, բոլորը սարսափում էին, երբ նա գյուղ էր մտնում, ասում էին` արաբ է: Բայց երբ Դավիթի պապիկը հայերեն էր խոսում, «Արաբը» նրան շատ լավ էր հասկանում: «Արաբը» գալիս համբուրում էր փոքրիկ Դավիթի ձեռքն ու գյուղում բոլոր մահմեդականներին ասում. «Եթե այս ընատնիքին նեղացնեք, բոլորիդ կվառեմ»: Դավիթի պապիկն ասում էր. «Նրա հայրը փրկել է մեզ 1915-ին»:
Դավիթի պապի հայրը` Սարգիսը, մեկ այլ գյուղի քահանա էր:
«Երբ սկսվում է կոտորածը, զինվորները պապիկիս հորը տանում են աշխատեցնելու, այդ ժամանակ ծանոթ մահմեդական մի կին հարցնում է. «Ի՞նչ ես անում, Սարգի´ս», նա էլ ասում է. «Աշխատում եմ, որ կյանքս փրկեմ»: Կինն ասում է, որ փախչի, այլապես իրեն էլ կսպանեն, Սարգիսն էլ ամեն ինչ թողնում ու վազում է: Հասնում է մի գյուղ, ուր մի բարի արաբ նրան իր տանն է պահում, մի որոշ ժամանակ թաքցնում է, հետո իրենց գյուղում հող է տալիս, ասում է` մնա´ մեզ հետ: Սարգիս պապն ասում է, որ ինքը կրոնափոխ չի լինի, արաբներն էլ ձայն չեն հանում: Գյուղում բոլորը մատով էին ցույց տալիս մեր ընանիքին: Պապս շատ հարգված մարդ էր: Գյուղում գորգ էր գործում, հատուկ մեքենա ուներ, պատկերացնու՞մ եք: Այն ժամանակ գյուղում ո՞վ գիտեր` գորգ պատրաստելու մեքենան ինչ է… Հետո Հարութ պապիկս էլ շարունակեց իր հոր գործը, նա էլ էր գորգ գործում,- պատմում է Դավիթը:
Այդ ժամանակ գյուղում կային պատսպարված մի քանի հայ ընտանիքներ, ժամանակի ընթացքում բոլորն իսլամ ընունեցին կամ էլ քրիստոնյաների հանդեպ ճնշումներից ազատվելու համար արտագաղթեցին Ստամբուլ, մկրտվեցին, մտան հայկական համայնք, հայկական դպրոցներ… Մնաց միայն Սարգիսի ընտանիքը: Ժամանակին, երբ մարդահամար կատարեցին և իրենց ինքնության փաստաթուղթ տվեցին, ընտանիքը ցանկացավ, որ կրոնի բաժնում գրվի «քրիստոնյա»: Սակայն բնակչության գրանցման հարցերով ղեկավարը հրաժարվեց և փաստաթղթերում «մահմեդական» գրեց: Ստիպված էին վիրավորանքը կուլ տալ, սակայն այս հանգամանքը փրկություն եղավ Դավիթի համար, երբ նա ծառայում էր թուրքական բանակում:
«Ինքնության քարտում «մահմեդական» էր գրված: Բայց բարձրաստիճան սպաները գիտեին, որ ես հայ եմ: Շատ հանգիստ եմ անցկացրել զինվորական ծառայությունս: Քաղաքական ակտիվիստ չեմ եղել, խոսակցությունների չէի խառնվում: Հետո ամենամոտ ընկերներս իմացան: Մեկն իր ընաինիքին ասել էր, թե հայ ընկեր ունի բանակում: Նրա մայրը եկել ինձ ասել էր «Դուք մեզ պես նորմալ մա՞րդ եք…»: Հետո, երբ մոտիկից ծանոթանում էին, ուրախ էին լինում, որ հայ ընկեր ունեին»:
Հետագայում Դավիթն իր քույրերի և եղբայրների հետ տեղափոխվում է Ստամբուլ, մկրտվում ու փաստաթղթերում «քրիստոնյա» գրանցվում: Հիշում է, որ երբ հեռանում էին գյուղից, մահմեդական հարևանները լաց էին լինում:
«Տատիկս չեկավ մեզ հետ. նա, Սասունից բացի, չի կարող որևէ այլ վայրում ապրել: Մայրս էլ մնաց նրա մոտ: Երբ ձմռանը գալիս են մեզ մոտ՝ Ստամբուլ, տատս ամբողջ ժամանակ բողոքում է. «Ի՞նչ գործ ունեմ ես Ստամբուլում, այստեղի օդը պղտոր է, ջուրը պղտոր է, ոտքերս ցավում են այստեղ, Սասունի պես տեղ չկա այս աշխարհում, լա´ո»:
«Այստեղ կարծես թե միայնակ չենք, – շարունակում է Դավիթը, – բայց դա միայն թվում է: Իրականում Ստամբուլի հայերը մինչև այսօր էլ չեն ուզում մեզ ընունել որպես իրենցից մեկը, որովհետև մենք մահմեդականների մեջ ենք մեծացել: Այստեղի հայերը մեզ աղջիկ չեն տալիս, ինձ ասում են. «Դու չոբան ես եղել փոքր ժամանակ»: Նրանց համար նշանակություն չունի, որ պապս մինչև կյանքի վերջը պայքարել է իր կրոնը պահելու համար, նրանք չեն պատկերացնում` ինչ է նշանակում մեկուսացած լինել ու ամբողջ մի գյուղի միակ քրիստոնյա ընտանիքը մնալ: Գիտե՞ք ինչ` այդ գյուղում բոլորի պապերն էլ հայ էին: Մեծերը հայերեն գիտեին: Բայց միայն մենք ենք մեզ հայ ասել: Որոևվհետև միայն մենք քրիստոնյա մնացինք: Մնացած քրիստոնյա հայերը շատ ավելի վաղ լքեցին գյուղը: Դա ինքնության անձայն կռիվ է. գոյատևում է նա, ով կարողանում է ավելի երկար դիմադրել: Այլ գյուղերում էլ կան քրիստոնյա հայեր, բայց մի քանի ընտանիքով միասին են ապրում, իսկ մենք ամբողջ գյուղում մենակ էինք:
Տատս առաջին անգամ եկեղեցի մտավ, երբ պապիկիս մահվան տարելիցին նրան տարա Ստամբուլի եկեղեցիներից մեկը:
Գյուղում մեզ պաշտպանում էր այդ արաբը: Մենք մենակ էինք մնացել, բայց եթե շատ լինեինք, մահեմդականներն իրենց ատամները ցույց էին տալու. ոչինչ չի փոխվել: Երբ պապիկս մահացավ, Սասունում անգամ քահանա չգտնվեց, որ քրիստոնեական ծեսով թաղեինք նրան: Պապիկս մինչև վերջին շունչը իր կրոնին տեր կանգնեց, հորաքրոջս ասաց. «Ուշադի´ր եղիր, եթե գիտակցությունս տեղը չլինի, հանկարծ սրանք ինձ մահմեդկան աղոթք արտասանել չտան»: Պապս մահացավ, գյուղի մահմեդականները գնացին իմամ բերեցին, վիճեցինք, թույլ չտվեցինք: Հետո էլ պապիկիս գերեզմանին մահմեդական գրություններ էին արել… Դա կյանքիս ամենացավոտ հիշողությունն է, պապս դրան արժանի չէր»:
Դավիթի մեծ եղբայրն ամուսնացավ իր գյուղից մի աղջկա հետ, ում ընտանիքն արմատներով հայ էր, սակայն նրանք էլ վաղուց իսլամ էին ընդունել:
«10 տարի պայքարեցին: Աղջկա ընտանիքը չէր ուզում, մերոնք էլ չէին ուզում: Կրոնը տարբեր է: Նրանք էլ հայ էին, բայց` մահմեդական: Նույնիսկ շատ հեռու ազգական էին մեզ, և դա բոլորը գիտեին: Բայց եղբորս ասացին. «Գնա նամա´զ արա մզկիթում՝ աղջկան կտանք»: Մենք չընդունեցինք: Եղբայրս մզկիթ չգնաց, բայց չմկրտվեց էլ… Եկեղեցի գնում է, մոմ է վառում, բայց մկրտված չէ: Չի ուզում, որ աղջկա ընտանիքը գյուղում խնդիրներ ունենա: Ի վերջո ամուսնացան: Բայց 10 տարի սպասեցին իրար: Աղջիկն ասաց իր ընտանիքին, որ ուրիշ ոչ մեկի հետ երբեք չի ամուսնանա. տարիներով համառեց, ստիպված համաձայնեցին… Հիմա մեզ հետ շատ երջանիկ է: Մեզ հետ նշում է մեր տոները»:
Ամեն կիրակի Դավիթը եկեղեցում 3 մոմ է վառում. մեկը` ընտանիքի համար, մեկը` ճիշտ ճանապարհից չշեղվելու համար, մեկն էլ՝ Մարաթուկի համար:
«Մենք չենք լքել մեր գյուղը, մեր հողը, մեր վանքերը: Հիմա կարոտով եմ հիշում մանկությունս, սարերը, արտերը… Մարաթուկը յուրահատուկ ուժ ունի: Չգիտեմ` ինչու են հայերը սրբացրել այն, բայց կա մի գերբնական ուժ: Մարդիկ վանքի մոտ ընկած քարերը հավաքում ու իրենց գրպանում են պահում, որ իրենց հիվանդություններից պաշտպանեն: Հիմա եկեղեցին ավերվել է. անաստված մարդիկ ամենուր են: Երկու տարի առաջ գնացի Սասուն. մեկը բարձրացել և եկեղեցու վերևի հատվածից ուզում էր քար հանել, որ տանի և որպես շինանյութ օգտագործի: Ասացի. «Ի՞նչ ես անում, հենց հիմա իջի´ր: Պտտվեց, նայեց. «Օ~, դու Հակոբի տղան չե՞ս: Հա~, ես լավ գիտեի հայրիկիդ»,- ասաց ու շուռ եկավ գնաց…
Երբ հայերն այլ երկրներից գալիս են Սասուն, վերադառնալուց հետո իրենց ազգականներին ու ընկերներին պատմում են. «Այնտեղ մի քանի թրքացած հայ տեսանք…»: Եթե անգամ կարողանում ենք համոզել, որ մենք թրքացած կամ քրդացած չենք, միևնույնն է, իրենց թվում է, որ մենք որպես հայ այստեղ խեղճ ենք, անձայն ենք, մտածում են` ի~նչ մեղք են այս մարդիկ: Նրանց թվում է, որ ես չափազանց դժբախտ եմ, որովհետև հայերեն չեմ խոսում: Ինձ մի օր հարցրին. «Քո կարծիքով մե՞նք ենք ավելի դժբախտ, որ պահպանեցինք մեր լեզուն ու մշակույթը, բայց հավերժ հայրենիքի կարոտ մնացինք, թե՞ դուք, որ մնացիք ձեր հողում, բայց հայերեն չգիտեք, անգամ մկրտվել չեք կարող»: Մարդիկ խենթություն են համարում մնալ այդ լեռներում և 100 տարուց ավելի այնտեղ միայնակ դիմադրել: Կարծում եմ, որ ես բախտավոր եմ: Այո´, ես հայերեն չգիտեմ, բայց դրա սովորել-չսովորելը ինձանից է կախված. սովորում եմ: Մի քանի տարի առաջ մկրտված էլ չէի, բայց այդ խնդիրն էլ եմ հաղթահարել… Իմ պատմության փշուրները ես ի զորու եմ հավաքել, այդ ճեղքվածքը կարող եմ ծածկել. իմ փոքր քույրիկը Ստամբուլում հայկական դպրոց է գնում, դա իմ ամենամեծ հաղթանակն է, իմ երեխաներնին էլ կուղարկեմ հայկական դպրոց: Հաճախ հարցնում են. «Ինչու՞ չեք գաղթել, գոնե այսքան դժվարություններ չէիք ունենա», իսկ ես պատասխանում եմ. «Քո երեխաներն ավելի քիչ դժվարություն ապրեցին, բայց այսօր դու եկել ու լաց ես լինում պապիկիդ տան ավերակների վրա, գալիս ես որպես հյուր, իսկ ես քեզ հրավիրում եմ իմ տուն: Այո´, հենց Սասունում իմ տունը կանգուն է»:
Ես շատ բան չունեմ, ինչը իմն է եղել ի ծնե: Բայց միշտ ունեցել եմ այն, ինչի համար դուք 100 տարի արտասվում եք…
ՍՈՖՅԱ ՀԱԿՈԲՅԱՆ