ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ

«Մարդը պատուի մէջ էր ու չիմացաւ, հաւասարուեց անբան անասուններին
եւ նմանուեց նրանց» (Սաղմոս ԽԸ 13)

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնակատարում է Բուն Բարեկենդանը: Իսկ վաղվանից սկսվում է Մեծ պահքի 40-օրյա շրջանը, որը կշարունակվի մինչև Սբ. Զատիկ: Բուն Բարեկենդանը հիշատակն է մարդկային առաջին երջանկության` Ադամի ու Եվայի դրախտային կյանքի, որի մասին պատմում է Բարեկենդանին նվիրված «Օրհնություն» կոչվող շարականի 1-ին պատկերը.

Բանը, որ Հոր հետ նույնն է էությամբ, և Սուրբ Հոգու հետ` գոյությամբ,
Իր պատկերը խառնեց մեր հողանյութ բնությանը
Եվ այն, փառքով զարդարած, Եդեմական դրախտի մեջ դրեց:
Այնտեղ հրճվալից ցնծում էր տխրություն չճանաչող ուրախությամբ,
Քանզի միշտ տեսնում էր Աստծուն,
Ով Իր վեհ բարձունքից իջնում էր դրախտ,
Ումից ճառագայթող լույսը թափանցում էր նրա Անձը:

Տոնի խորհուրդը 

Բուն Բարեկենդանը թեև Մեծ պահքի հաշվեհամարում չկա, բայց, ըստ եկեղեցական օրացույցի, կազմում է նրա վեց կիրակիներից առաջինը` իբրև «Ա քառասնորդաց», այսինքն` 40-օրյա շրջանի 1-ին կիրակի:

Հայ Եկեղեցին, միակը բոլոր քրիստոնյա Եկեղեցիների մեջ, Մեծ պահոց կիրակիներին տվել է որոշակիորեն իմաստավորված հատուկ անվանումներ, որոնցից ամեն մեկը խորհրդանշում է սուրբգրային որևէ գաղափար կամ իրողություն, ինչպես Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան: Իսկ բոլոր կիրակիները միասին վերցրած` կազմում են մի գեղեցիկ շղթա` ամբողջացնելով Մեծ պահքի խորհուրդը: Կիրակիների այս շղթային անդրադարձը թողնելով իրենց ժամանակին`ասենք, որ Մեծ պահոց առաջին կիրակին, որն է Բուն Բարեկենդանը, չնայած իր անվանումով ուղղակիորեն չի առնչվում Աստվածաշնչյան որևէ հրահանգի կամ դրվագի հետ, սակայն Եկեղեցու հայրերն այն կապում եներջանկության գաղափարի հետ` նկատի ունենալով, ինչպես ասվեց, մարդկային առաջին երջանկությունը, որ ճաշակում էին մեր նախածնողները` Ադամն ու Եվան, Եդեմական դրախտի բերկրության մեջ մինչև արտաքսվելը: Ու թեև ո´չ Աստվածաշունչ մատյանի Ծննդոց գրքի համապատասխան գլխում և ո´չ էլ Բարեկենդանին նվիրված շարականի տողերում «երջանկություն» և «երջանիկ» բառերը չեն գործածված, սակայն ակնհայտ է, որ մեր նախածնողները երջանիկ էին: Նրանց համար երկիրը(այսինքն`Եդեմական դրախտը) մի անմահական պարտեզ էր, իսկ Աստծո հետ, Նրա անմիջական ներկայությամբ ապրելը` մեծագույն երջանկություն: Աստծո ձայնը նրանց ականջին էր հասնում, իսկ սերը` սրտին: Ադամին ու Եվային անծանոթ ու օտար էր որևէ կարիք, նրանք չգիտեին` որն է բարին և որը` չարը… Նրանք անմեղ էին: Սակայն անմեղությունը դեռևս սրբություն չէ. անմեղությունըաստվածային պարգև է, իսկ սրբությունը ձեռք է բերվում մարդու ջանքերով:

Դժբախտաբար, ինչպես գիտենք, նախաստեղծները անհնազանդ գտնվեցին` պատվիրանազանցության պատճառով անվերադարձ կորցնելով աստվածապարգև երջանկությունը: Սակայն, փառք Աստծո, Քրիստոս Աստվածորդու շնորհիվ մարդկությունը վերագտավ այն վերստին ունենալու կամ նրան վերադառնալու իր բնատուր ձգտումը, ինչը օրհներգում է Բարեկենդանին նվիրված շարականի 2-րդ պատկերը.

Այսօր նախաստեղծ Ադամի նման,
Որ դրախտում ուրախանում էր հրեշտակների հետ,
Մենք էլ հրճվենք հոգևոր օրհներգությամբ:
Այսօր աստվածաստեղծ մեր նախահոր հետ,
Որ Եդեմի պտուղներից ճաշակելով ուրախանում էր,
Մենք էլ ճաշակենք ԱՍՏԾՈ ՊԱՏՎԵՐՆԵՐԸ:
Այսօր անմեղության առաջին պատմուճանով,
Որով պճնված` փառավորապես զարդարված էր առաջին մարդը,
Նաև մենք զարդարվենք Աստվածային օրենքով:
Ցնծա´, Մարիա´մ, արդար արեգակի արևե´լք.
Եվ քեզնից ծնված Աստծուն աղաչի´ր մեզ համար,
Որ դրախտի ժառանգությանը վերստին արժանի անի մեզ:

Ծեսը և ժողովրդական սովորությունները` ըստԱրտակ արքեպիսկոպոս Մանուկյանի
«Հայ Եկեղեցու տոները» աշխատության (հատվածներ)

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն, ուրախություն, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներով վայելքի օր: Բարեկենդանների մեջ առանձնահատուկ է Մեծ պասի նախընթաց կիրակի օրը, որը կոչվում է Բուն Բարեկենդան: Այդ օրը վայելում են առատ ուտելիք, պատրաստում են ճոխ սեղան, կատարում են դիմակավոր խաղեր, զբոսանքներ, խրախճանքներ և այլն:

…Բուն Բարեկենդանի նախորդ օրը` շաբաթ երեկոյան ժամերգության ընթացքին, եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածկվում է, և այսպես շարունակվում է 40-օրյա պասի ընթացքին:

… Եվրոպական լեզվով Բարեկենդանը կոչվում է կառնավալ: Եվրոպայում և կամ այլ երկրներում Բարեկենդանը կատարվում է բացառիկ շուքով և հանդիսությամբ: Տեղի են ունենում հետաքրքրական տողանցքներ ու ցուցադրություններ և ժողովրդական խրախճանք:

… Քրիստոնեությունը չկարողացավ արգելք հանդիսանալ Բարեկենդանի սովորույթներին. ժողովուրդը պահեց Բարեկենդանի խրախճանքը, որովհետև այնտեղ ինքն էր մասնակցում, ուրախանում, խրախճանքներ կազմակերպում և դիմակ հագնելով, խաղեր կազմակերպելով` սովորական ապրելակերպին նոր ձև ու կերպարանք էր տալիս:

…Ժամանակին Բարեկենդանի խրախճանքները տեղի էին ունենում մեծահանդես տոնակատարությամբ. Այժմ նման խաղեր և ուրախություններ գրեթե տեղի չեն ունենում: Բանասերներն առանձին ուսումնասիրությունների մեջ նկարագրել են Բուն Բարեկենդանի խրախճանքները: Ահա դրանցից մեկը.

Բարեկենդանի արտասովոր խաղերն ու խրախճանքները մուտք էին գործել մինչև իսկ վանքերի պարիսպներից ներս: Այդ օրը վանքերում կոչվում էր Աբեղաթող : Բարեկենդանի շաբաթ և կիրակի օրերը սարկավագ, աբեղա, վարդապետ և եպիսկոպոս հավասարվում էին իրար, մի պահ մոռանում էին աստիճանի տարբերությունները, և բոլորը միասին կատարում էին խրախճանքներ: Սեղանատան ուրախությանը հաջորդում էր գիշերային պարն ու թափորը: Թափորի համար ընտրվում էր թափորապետ, որը նստում էր գահավորակի վրա` գլխին եպիսկոպոսական թղթե խույր` «չաթալ թագ», ձեռքին խոտից հյուսված գավազան, հագուստը` թղթից պատրաստված շուրջառ, որի վրա գրված էին լինում բոլոր միաբանների անունները: Գահը, որ պատգարակի ձև ուներ, շալակում էին չորս տիրացուներ` երգելով «Որ վերօրհնիս» շարականը: Սա Քրիստոսի` Երուսաղեմ մուտքի` Ծաղկազարդի շարականն էր: Երբ թափորը աբեղաների թաղն էր մտնում, երգում էին «Ամէն ալելուիա»: Տիրացուներից մեկը հարց էր տալիս թափորապետին, թե ինչի՞ համար է կատարվում այս հանդեսը. թափորապետը ծիծաղաշարժ պատասխան էր տալիս և յուրաքանչյուր անգամ, «Օրհնեսցիի» ժամանակ, կատակներ էր անում` ընդհանուր ծիծաղ առաջացնելու համար: Այդ օրվա կատակներից ոչ ոք չէր վիրավորվում: Թափորապետը ազատ-համարձակ ծաղրում էր բոլորին: Այս ամենից հետո երգվում էր «Ուրախ լեր, եկեղեցի» շարականը, այնուհետև թափորապետին էին ծաղրանքի ենթարկում և շալակելով տանում էին «թաղելու»: Ապա միասնաբար ասում էին. «Վե´ր կաց, Ղազարո´ս», և նա Ղազարոսի նման բարձրանում էր, ու ականատեսները փախչում էին: Այնուհետև ամեն մարդ իր սենյակն էր քաշվում, և այսպես վերջանում էր Աբեղաթողը:

… Բարեկենդանի խրախճանքին մասնակցում էին բոլորը. մինչևիսկ չքավորները ուշադրության առարկա էին դառնում և առատապես վայելում էին Բարեկենդանի սեղանը: Իսկ Բարեկենդանի կիրակի գիշերը` ընթրիքից հետո, նախքան քնելը, մածուն ու կաթնապուր էին ուտում և անկողնի մեջ խաշած ձու ուտելով` բերանները փակում էին` մաղթելով, որ Զատկին ձվով բարով բանան իրենց բերանները:

… Բարեկենդանի խրախճանքը հրապարակային դատավարության ձև էր ստանում, և ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը` մեծավորին զգացնել տալու համար, թե ինչպիսի նեղություններ է պատճառել ժողովրդին: Հետևաբար, Բարեկենդանը, բացի կերուխումի և խրախճանքի սովորույթից, նաև ազատության օր է, մեծավորին ծաղրանքի ենթարկելու, յուրովի «վրեժ լուծելու» և նրան հասկացնելու, թե ինչպիսի սխալ գործեր է կատարել:

Վերջաբանի փոխարեն 

Վաղվանից մուտք ենք գործում Մեծ պահոց 40-օրյա շրջան, որը կշարունակվի մինչև Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը` մինչև Սուրբ Զատիկ: Եկեղեցու սուրբ հայրերի հաստատած Մեծ պահոց, ապաշխարության և ինքնաքննության քառասնօրյա այս շրջանը մեզ բոլորիս հրավիրում է ներհայեցողության, ինքնամաքրման, ողջախոհության և առավել արթուն կյանքի, հրավիրում է հոգևոր և մարմնական պահքի, հարատև աղոթքի և բարի գործերի: Ահա թե ինչ է պատգամում մեզ սբ. Գրիգոր Տաթևացին իր «Բուն Բարեկենդանի քարոզի» վերջաբանում.

«Երբ պահքով հեռու ենք մնում աւելորդ կերակուրներից ու ըմպելիքներից եւ տքնութեամբ ու աղօթքով չարչարում ենք մեր մարմինը, ազտւում ենք խառնուածքի չարունակութիւնից, որ դէպի մեղքն է ձգում: Եւ սրբուելով մեղքերից` մեր մէջ վերստին պայծառանում է Աստուծոյ պատկերը, որն ունէինք ի սկզբանէ` նախքան մեղանչելը դրախտում:

Եւ քանի որ ճշմարիտ է այս, եղբայրնե´ր,  բռնադատե´նք մեր մարմինները, պնդանանք պահեցողութեամբ, յաճախակի աղօթենք: Մեր սրտերից հանե´նք չարիքը: Սիրե´նք միմեանց սուրբ սրտով եւ անկեղծ մտքով: Դառնա´նք առ Աստուած, եւ Նա կդառնայ դէպի մեզ: Ներե´նք միմեանց, որպէսզի Նա էլ մեզ ների: Գթա´նք աղքատներին, որպէսզի Նա էլ մեզ գթայ: Քաղցածների համար հաց լինենք եւ մերկերի համար` զգեստ, անտունների համար`օթեւան եւ հիւանդների համար` բժիշկ, որպէսզի Աստուած էլ մեր հոգու եւ մարմնի վէրքերը բժշկի` ծածկելով մեր ամօթալի գործերի մերկութիւնը, եւ մեզ ժողովի հայրական օթեւաններում` ամենքին արժանացնելով մշտաւէտ ցնծութեան եւ անտրտում ուրախութեան ի Տէր մեր Յիսուս Քրիստոս, որ օրհնեալ է յաւիտեան. ամէն»:

Պատրաստեց  Հայկ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Scroll Up