«Արևմտահայերենի խնդիրներ և հեռանկարներ». քննարկում, որն անհրաժեշտություն էր

Մայրենիի օրվան նվիրված միջոցառումների շարքում իր առանձնակի տեղը գրավեց «Արևմտահայերենի խնդիրներ և հեռանկարներ» քննարկումը, որը նախաձեռնել էին ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան և Հ. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտը: Իսկ քննարկման հյուրերի շարքում էին նշանավոր լեզվաբաններ ու բանասերներ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամներ Աելիտա Դոլուխանյանը, Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ պրոֆեսորներ Վազգեն Գաբրիելյանը, Սամվել Մուրադյանը, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը, Մատենադարանի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանը, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանը, ՀՀ ԲՈՀ նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիլիթ Արզումանյանը, Լեզվի պետական տեսչության պետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը, ուրիշներ:

 ՀՀ ԳԱԱ նիստերի լեփ-լեցուն դահլիճում ներկաներին ողջունեց և արևմտահայերենի խնդիրներին անդրադարձավ ՀՀ Սփյուռքի նախարար, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանը: Նա կարևորեց այն ահռելի նշանակությունը, որն ունեցել է արևմտահայերենը գրական նոր լեզվի ձևավորման ճանապարհին, նպաստել արևմտահայության կրթական խնդիրների իրագործմանը, հարուստ գրականության գոյավորմանը: Արդի ժամանակներում արևմտահայերենը վտանգված է, առաջացել են բազմաթիվ խնդիրներ, անհանգստություններ, ուստի անհրաժեշտություն է ցանկացած քննարկում, որը կնպաստի խորապես արժևորելու արևմտահայերենը, ձևավորելու գործուն առնչություններ արևելահայերենի հետ, մշակելու փոխշփման եզրեր: Անընդհատ շփվելով Սփյուռքի ահռելի հայազանգվածի հետ՝ նախարար Հրանուշ Հակոբյանը տեղյակ է այն անհանգստություններին, որոնք հնչում են Հայաստանից դուրս: Ուստի այս քննարկումը մի նոր կամուրջ է մեր երկու գրական լեզվի միջև, նաև հանգրվան է՝ համակողմանիորեն վերլուծելու արևմտահայերենի գերակայությունները:

Մինչ գիտական զեկուցումների սկիզբը, ներկաներին ցուցադրվեց Formica ընկերության տնօրեն Շահեն Նազարենկոյի պատրաստած տեսանյութերի շարքը՝ նվիրված Մայրենիի օրվան: Ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում ևս Մայրենիի օր են հռչակել: Այսինքն՝ մեր ոսկեղենիկին,մեր հազարագանձին, դարերի փորձությունների միջով անցածին, որին Վահան Տերյանը ճկուն ու բարբարոս էր կոչում, տոն է նվիրվել: Հարգանքի, անգամ երկրպագության արժանի նախաձեռնություն, որը հաջորդում է գիրք նվիրելու օրվան: Ուրեմն, այսպես թե այնպես, աղերսվում է նաև մեծն Թումանյանին: Երևի աշխարհի ոչ մի ժողովուրդ չունի երկու գրական լեզու, չունի երկու աշխարհաբար: Մենք ունենք: Սա մեր հարստության ու նաև դաժան ճակատագրի մասին է խոսում: Մայրենիի օրվա հանդիսություններն արդեն մեր  իրականության անկապտելի մասն են դարձել, ու Շահեն Նազարենկոն արձանագրել է հրաշալի ակնթարթները, որոնք արդեն պատմություն են և իրենց շարունակականությունն ունեն:

Այնուհետև լսվեցին ուշագրավ զեկուցումներ, որոնց բոլորի առանցքում արևմտահայերենն էր: «Արևմտահայերենի հիմնախնդիրներ և հեռանկարներ», զեկուցող՝ Վ. Կատվալյան, «Արևմտահայերենի հիմնահարցեր և հեռանկարներ»,  զեկուցող՝  Յու. Ավետիսյան, «Գրական արևմտահայերենի նորմավորման խնդիրների շուրջ», զեկուցող՝ Վ. Համբարձումյան, «Արևմտահայ մամուլի ուսումնասիրության խնդիրներ», զեկուցող՝ Ն. Մարտիրոսյան: Առանձնակի հետաքրքրություն էին ներկայացնում ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանի «Արևմտահայերենի պահպանության ուղիների մասին», բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի «Արևմտահայերենի զարգացման ճանապարհները Հայաստանի կրթական համակարգում», բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանի «Սիրիահայերի լեզվական խնդիրների շուրջ» և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաքապետոյանի «Արևելահայերենի և արևմտահայերենի առնչությունների մի քանի հարցեր» զեկուցումները: Ուշագրավն այն էր, որ Սփյուռքում մշտապես հառնող արևմտահայերենի և արևելահայերենի բախումների խնդիրները գտան իրենց գիտական բացատրություններն ու հիմնավորումները:

Վերջում տեղի ունեցավ Հրաչուհի Փալանդուզյանի «Գործածական բառացանկ. Օտարամուտ բառերի հայերեն համարժեքներ» գրքի շնորհանդեսը:

 Գիտական այս քննարկումը նաև բարձրացրեց առհասարակ մայրենիի պահպանության հարցը:

Լևոն Մութաֆյան   

unnamed                           unnamed (2)               

Scroll Up