ՀՀ սփյուռքի նախարարության 2014 թվականի «Մեր մեծերը» որոշված են
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/01/Без-имени-1.jpg)
Հաշվի առնելով համաշխարհային նորօրյա զարգացումները, որոնք ազգերին ու պետություններին թելադրում են գոյակցության, մրցակցության, առաջընթացի և հարատևության նորագույն մարտահրավերներ, ՀՀ սփյուռքի նախարարությունը Հայաստան-Սփյուռք գործակցության պետական քաղաքականության շրջանակում 2009 թվականից իրականացնում է «Մեր մեծերը» ծրագիրը, որի գլխավոր նպատակը մեր փառապսակ մեծերի հայրենանվեր գործունեությունը, բարոյական դասերը սերունդներին փոխանցելն է ու նրանցում հայրենասիրության, հայրենատիրության զգացում ձևավորելն ու բարձր պահելը:
Հայրենանվեր անհատների ճանաչողությունը նպաստում է հայապահպանության հիմնախնդրի լուծմանը, երիտասարդության լայն շրջանում ազգային արմատների ճանաչմանն ու պետականակերտման հոգեբանության արմատավորմանը, ազգային ինքնության ամրապնդմանն ու հայազորացմանը, մատաղ սերնդի հայեցի դաստիարակությանը:
«Մեր մեծերը» ծրագրում ընդգրկվել են հետևյալ անունները՝ 2009 թվական՝ Վազգեն Առաջին Վեհափառ, Շառլ Ազնավուր, Ալեք Մանուկյան, Քըրք Քըրքորյան, 2010 թվական՝ Միսաք Մանուշյան, Վարդգես Սուրենյանց, Պողոս Նուբար, Լազարյան եղբայրներ, Մխիթար Սեբաստացի, Լևոն Շանթ, 2011 թվական` Գարեգին Նժդեհ, Մոնթե Մելքոնյան, Պետրոս Դուրյան, Ջիվանի, 2012 թվական՝ Հովսեփ Օրբելի, Գարեգին Հովսեփյան, Մարշալ Բաղրամյան, Սայաթ–Նովա, Գառզու, 2013 թվական՝ Վիլյամ Սարոյան, Արշակ Չոպանյան, Գևորգ Զ Չորեքչյան, Նիկոլ Աղբալյան և Հայաստանի շախմատի հավաքական:
2014 թ. «Մեր մեծերն» են Գալուստ Գյուլբենկյանը, Հովհաննես Թումանյանը, Կոմիտասը, Սիամանթոն և Արշիլ Գորկին:
Ծրագրի շրջանակներում ՀՀ բուհերում և դպրոցներում, ինչպես նաև ԼՂՀ-ի, Սփյուռքի կրթօջախներում կազմակերպվում են մեծարման միջոցառումներ (համաժողովներ, պոեզիայի տոներ, շարադրությունների մրցույթներ, համերգներ, բաց դասեր, հրատարակվում են գրքույկներ, պատրաստվում են խտասալիկներ և այլն):
Իրականացվող միջոցառումների մասին տեղեկատվությունը տարվա ընթացքում պարբերաբար տրամադրվում է նախարարությանը, նյութեր են պատրաստվում և տեղադրվում «Հայերն այսօր» պարբերականում:
Սիրելի´ հայրենակիցներ,
Դարձե´ք ՀՀ սփյուռքի նախարարության հայապահպանական «Մեր մեծերը» ծրագրի իրականացման մասնակիցը, ձեր ձեռնարկներում անդրադարձե´ք 2014 թվականի «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկված անձանց, տարվա ընթացքում կազմակերպե´ք նրանց նվիրված միջոցառումներ:
Միջոցառումների մասին նյութերը կարող եք ուղարկել mshakuyt.diaspora@mail.ru, panarmenianyouthparliament@gmail.com հասցեներով: Դրանք կտեղադրվեն նախարարության կայքէջում և «Հայերն այսօր» պարբերականում (www.mindiaspora.am, hayernaysor.am):
Տեղեկությունների համար կարող եք այցելել ՀՀ սփյուռքի նախարարություն՝ Վազգեն Սարգսյան 26/1 հասցեով, կամ զանգահարել 585601 (117) հեռախոսահամարով:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի
համահայկական ծրագրերի վարչություն