Մի ամբողջ կյանք Սփյուռքում ապրելուց հետո ամուսինները Հայաստան են տեղափոխվել
Մալվինա Արտահալջյանը ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Հայրը Արևմտյան Հայաստանի Սեբաստիա գավառի Իզմիր գյուղից է եղել, իսկ մայրը՝ Գալիպոլիից: Նրանք Հայոց ցեղասպանությունից մազապուրծ լինելով՝ գաղթի ճանապարհներով փոքր տարիքում հասել են Եգիպտոս, որտեղ հետագայում ծանոթացել են և ամուսնացել՝ ունենալով մեկ տղա և երկու աղջիկ:
Մալվինա Արտհալջյանը լուսավոր հիշողություններ ունի Ալեքսանդրիայի հայկական համայնքից, տպավորված է տեղի հայերի ազգասեր, միասնական և կուռ լինելուց: Այնտեղ ապրելու տարիներին էլ նրա հոգում ամրապնդվել է ազգային դիմագծի և ինքնության պահպանումը: Հիշում է նաև ծնողներին, հատկապես՝ աշխատասեր հայրիկին, որը մշտապես մտահոգվել է Հայաստանի ապագայով և ցանկացել է Հայրենիք վերադառնալ: Նույնիսկ 1946-1948 թթ. «Մեծ հայրենադարձության» տարիներին վերադառնալու համար դիմում է ներկայացրել, որը, ցավոք, մերժվել է:
Մալվինա Արտհալջյանն ամուսնու՝ Փոլի հետ Բեյրութ է գնացել, միասին անցել են լիբանանյան պատերազմի թոհուբոհով, սակայն չեն ընկրկել դժվարությունների առաջ, հաշտուհամերաշխ մեծացրել են իրենց հինգ զավակներին, հայկական վարժարան ուղարկել՝ նրանց դաստիարակելով իբրև արժանապատիվ հայորդիներ: Այնուհետև նրանք տեղափոխվել են ԱՄՆ:
«Ես 80 տարեկան եմ, իսկ ամուսինս՝ 90: Քսան տարի Ամերիկայի Միացյալ Նահագներում ապրելուց հետո վերջնական որոշում կայացրինք և տասն օր առաջ հայրենադարձվեցինք: Հայրիկիս բաղձալի երազանքը ես կատարեցի, որի համար հոգեպես ինձ հանգիստ եմ զգում»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Մալվինա Արտհալջյանը՝ հավելելով, որ մինչ այդ Հայրենիքի հետ կապը, բնավ, չեն խզել. գրեթե ամեն տարի զբոսաշրջության նպատակով այցելել են և տարբեր պատմամշակութային վայրերում եղել, վայելել են գեղեցիկ բնությունը, մաքուր օդը, ինչպես նաև համտեսել են հայկական ավանդական ճաշատեսակները:
Մալվինա Արտհալջյանը նշեց, որ ամեն անգամ հայրենադարձվելու միտքը հիշելիս՝ ակամայից հպարտությամբ է լցվում: Այժմ ամուսինները Հայաստանում իրենց շատ լավ են զգում, շրջապատված են հարազատների և երկու երեխաների ջերմությամբ, որոնք տարիներ առաջ են վերադարձել Հայաստան (մյուս երեխաները բնակվում են արտերկրում): Նրանց հուզմունքն աննկարագրելի է եղել այն պատճառով, որ հայրենի հողում հնարավորություն են ունեցել ընտանիքի հետ առաջին անգամ նշել Ծաղկազարդն ու Սուրբ Զատիկը՝ վայելելով տոնական մթնոլորտը:
«Հավատացած եմ, որ Հայաստանում ամեն ինչ լավ է լինելու, ունենալու ենք զարգացող երկիր, իսկ մարդիկ ապրելու են առավել բարեկեցիկ և ապահով կյանքով, նամանավանդ որ ղեկավար պաշտոններում ներգրավված են երիտասարդները, որոնց պետք է խրախուսել և աջակցել»,-ամփոփիչ խոսքում ասաց Մալվինա Արտհալջյանը և ընդգծեց, որ հայերը խելացի ու ստեղծարար ազգ են, և իրենց ներուժը ճիշտ օգտագործելու դեպքում՝ կարող են մեծ բարձունքներ նվաճել:
Գևորգ Չիչյան