Հայրենադարձ Ավետիս Դալդալյանը ցանկանում է Հայաստանում ներդրումային ծրագիր իրականացնել

Գործարար, հայրենադարձ Ավետիս Դալդալյանը ծնվել է Երուսաղեմում: Չնայած դժվարին տարիներին՝ ծնողները կարողացել են նրան օտար ափերում իբրև արժանապատիվ հայ մեծացնել, նրա հոգում առ Հայաստան սերն ու հոգատարությունը մշտավառ պահել:

Իսրայելում տիրող պատերազմական իրավիճակի պատճառով ընտանիքով Լիբանան են տեղափոխվել, որտեղ երկար տարիներ աշխատել է Ռամկավար ազատական կուսակցությունում: Հայրը նույնպես կուսակցության շարքերում է եղել:

1974 թվականից Ավետիս Դալդալյանը սկսել է Հայաստան այցելել՝ մշտական կապ հաստատելով Հայրենիքի հետ: Մինչև այդ` տասնհինգ տարի բնակվել է Գերմանիայում, բայց չի կարողացել ընտելանալ այնտեղի կյանքին: Արդեն երեք տարի է, որ կնոջ հետ ապրում է Հայաստանում:

«Արյան կանչով Հայաստան եկա, օդ ու ջրի պես զգում էի Հայրենիք վերադառնալու պահանջը, քանի որ ուրիշ ոչ մի երկրում ինձ հոգեպես հանգիստ ու ապահով չէի զգում»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Ավետիս Դալդալյանը՝ հավելելով, որ ուզում է իր կատարած աշխատանքով որևէ կերպ օժանդակել Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը:

Ավետիս Դալդալյանը, նկատելով Երևանում վերելակների  անմխիթար վիճակը, որոշել է ներդրում ունենալ հենց վերելակների վերանորոգման և նոր վերելակներ տեղադրելու ուղղությամբ, հնարավոր է նաև վերելակներ արտադրող ընկերություն բացի: Այս գաղափարը փորձելու է կյանքի կոչել համախոհ ընկերների հետ, որն էլ կնպաստի ինչպես Հայաստանի տնտեսական աճին, այնպես էլ աշխատատեղերի բացմանը:

Նախագծի հետ կապված հարցերը քննարկել է նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ:  Նախարարը կարևորել է նրա Հայրենիքին աջակցելու պատրաստակամությունը, հայրենասիրական դրսևորումն ու ապագային միտված ծրագրերը:

Ավետիս Դալդալյանի դիտարկմամբ՝ Հայաստանը դրական մեծ զարգացում է ապրում, օրեցօր ավելի է նկատում փոփոխությունները:

«Իհարկե, մեր երկրի առջև դժվարություններ, մարտահրավերներ կան ծառացած, սակայն ազգային համախմբվածության շնորհիվ կարող ենք լուծել այդ խնդիրները: Անկախ բոլոր դժվարություններից, երբ Լիբանանից ընկերներս զանգահարում, հետաքրքրվում են հայաստանյան կյանքից, նրանց պատասխանում եմ, որ Հայաստանը դրախտավայր է»,-զրույցն ամփոփեց Ավետիս Դալդալյանը:

Գևորգ Չիչյան

Scroll Up