Սարատովում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը

ՌԴ Սարատով քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու տարածքում տեղի է ունեցել հիշատակի և ոգեկոչման արարողություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին:
Անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող միռոցառմանը մասնակցել են «Կռունկ» հայկական համայնքի ղեկավարությունը, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, ուսանողներ ու դպրոցականներ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կազմակերպիչները, «Կռունկ» հայկական համայնքի նախագահ Համլետ Շառոյանն իր բացման խոսքում նշել է, որ ժխտողականության դեմ պայքարը հաջողությամբ պետք է պսակվի, և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը վերջապես պետք է ընդունվի. «Պարտավոր ենք մշտապես վառ պահել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակն ու երբեք չհուսալքվել: Այսուհետ պիտի լինի միայն ապրելու ապրիլ»:

«Կռունկ» հայկական համայնքի փոխնախագահ Արայիկ Քոսանը նշել է, որ Հայոց պետականության շուրջ ողջ հայության համախմբվածությունը լավագույն երաշխիքն է, որ իրագործվելու են Հայաստանի բոլոր ազգային նպատակները՝ հզոր և ծաղկուն հայրենիքի կառուցումը, Արցախի անկախության ամրագրումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը:

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ  Արկադի Ստոլիպինի անվան կառավարման ինստիտուտի պրոֆեսոր Համբարձում Համբարյանը իր ելույթում կոչով դիմել է երիտասարդներին. «Հիշե´ք միշտ, որ միայն հզոր և միասնական ազգն է ի զորու նվաճել հարգանքի իրավունք»:

Այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հուշարձանին անթիվ ծաղիկներ են խոնարհվել ու ծաղկեպսակներ են դրվել:

Scroll Up