Դամասկոսում լույս է տեսել Նորա Արիսյանի «Հայերի տարագրությունը Դեր Զորում» վերնագրով գիրքը
Դամասկոսի «Աշ-Շարք» հրատարակչատունը արաբերեն լույս է ընծայել պատմական գիտությունների թեկնածու, պատգամավոր դոկտոր Նորա Արիսյանի «Հայերի տարագրությունը Դեր Զորում /XIXդարի վերջ և XX դարի սկիզբ» վերնագրով գիրքը:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, 135 էջից բաղկացած գրքի առաջաբանը գրել է Աշ-Շարք հրատարակչատան տնօրեն, պատգամավոր դոկտոր Նաբիլ Թոհմենը: Ինը գլուխներից բաղկացած գիրքը սկսվում է «Դեր Զորի մասին պատմական ակնարկ»-ով, ապա պատմական տվյալներ է մանրամասնում մնացած գլուխների միջոցով՝ «Դեր Զորի բնակիչները», «Դեր Զորը Օսմանյան կայսրության ժամանակ», «Դեր Զորի կարևորությունը», «Դեր Զորը հայկական աղբյուրներում», «Հայերի ներկայությունը Դեր Զորում ըստ սիրիական աղբյուրների», «Սիրիական մամուլը Դեր Զորի հայերի մասին» և «Վկայություններ Դեր Զորից»:
Գրքում Արիսյանը հանգամանորեն անդրադարձել է Դեր Զորում հայերի ներկայությանը, համայնքի կազմությանը, եկեղեցական և ընկերային կյանքի հոլովույթին և այլն: Առաջին անգամ արաբերեն լույս տեսած աշխատությունը գիտականորեն ուսումնասիրում է հայերի տարագրությունը Դեր Զորում և այդ շրջանում նրանց տեղակայումն ու հաստատումը՝ հենվելով սիրիական ուսումնասիրական նյութերի վրա:
Սույն գիրքը լուսաբանում է հայերի ներկայությունը Դեր Զորում, ինչպես նաև տիրող քաղաքական իրավիճակը, մանրամասներ ներկայացնում XIX դարավերջի և XX դարասկիզբի քաղաքի մասին:
Նորա Արիսյանի «Հայերի տարագրությունը Դեր Զորում» գիրքը համարվում է վավերագրկան գիտահետազոտական ուսումնասիրություն, հասցեագրված է Ցեղասպանության ժամանակաշրջանի սիրիահայության մասին ուսումնասիրողներին և հետաքրքրվողներին: