ՀՄԸՄ-ի անդամներն օրինակելի քաղաքացիներ են, որոնք ծառայում են մեր ազգին ու հայրենիքին. Ալենուշ Գրիգորյանս

Այս տարի լրանում է ՀՄԸՄ Լոնդոնի մասնաճյուղի հիմնադրության 40-ամյակը: Այս առիթով «Հայերն այսօր»-ը զրուցել է միության ատենապետ Ալենուշ Գրիգորյանսի հետ:

– Հարգելի´ Ալենուշ: Կպատմե՞ք ՀՄԸՄ Լոնդոնի մասնաճյուղի հիմնադրության պատմությունը:

– 1979-ին Թեհրանի «Արարատ» մարզամշակութային կազմակերպության սկաուտ անդամներից մի քանի երիտասարդ, որոնք ուսանում էին Անգլիայում, միավորվեցին և հիմնեցին սկաուտական միություն, որը 1982 թվականին պիտի արմատներ գցեր ու վերածվեր Հայ մարմնակրթական ընդհանուր միության՝ ՀՄԸՄ Լոնդոնի մասնաճյուղ:

Անցնող 40 տարիների ընթացքում ՀՄԸՄ Լոնդոնի ամենամեծ ձեռքբերումը, նվաճումը ո՞րն է:

– 40 տարիների ընթացքում մեր միության շարքերից դուրս են եկել հազարավոր սկաուտներ ու մարզիկներ, որոնք բացի այն, որ անձնական կյանքի ասպարեզում դարձան կարևոր պաշտոնյաներ, ստանձնեցին նաև ազգային կարևորագույն պարտականություններ Անգլիայում և այլուր:

Ի՞նչ է կարողացել ՀՄԸՄն տալ լոնդոնյան համայնքին, հատկապես՝ երիտասարդներին:

– ՀՄԸՄ-ում երիտասարդները կազմում են մտերմիկ և ջերմ ընկերային շրջանակ: Միասնաբար մասնակցում են միութենական աշխատանքներին, ձեռնակներին և բանակումներին: Նրանք ստանում են զանազան գիտելիքներ արդիական և գործնական միջոցներով: Մեր «Բարձրացի´ր, բարձրացրո´ւ» նշանաբանը փոքր տարիքից նրանց սովորեցնում է՝ բարձրանալ և բարձրացնել թե´ ՀՄԸՄ-ի շրջանակներում, և թե´ կյանքի բոլոր ասպարեզներում:

Անցյալ տարի Հայաստանում մեծ շուքով նշվեց ՀՄԸՄի հիմնադրության 100-ամյակը: Կարծում եմ, Դուք ևս մասնակցել եք: Եթե այո, կպատմե՞ք, թե ՀՄԸՄ Լոնդոնի անդամներն ի՞նչ տպավորություններով են վերադարձել Հայաստանից:

– Համա-ՀՄԸՄ-ական բանակումները մեծ դեր են խաղում ամրապնդելու Սփյուռքի երիտասարդների կապերը հայրենիքի հետ: Նրանք վերադառնում են ավելի մեծ հպարտության զգացումներով` թե´ իրենց պատմության և արմատների, թե´ այս կազմակերպության անդամ լինելու համար:

Ինչպե՞ս եք նախատեսում տոնել հիմնադրության 40-ամյակը, ի՞նչ միջոցառումներ, ծրագրեր են նախատեսված:

– ՀՄԸՄ Լոնդոնի 40ամյակի տոնակատարությունները սկիզբ առան դեռևս հունվարին, երբ ընդունելություն կազմակերպեցինք մեր անդամների և համայնքի կազմակերպությունների նեկայացուցիչների և երևելի դեմքերի ներկայությամբ:

Մարտ 23-ին մեծ շուքով նշեցինք մեր տարեդարձը, որին ներկա էր ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, ինչպես նաև Եվրոպայի շրջանների ատենապետեր և վարչական անդամներ: Սույն ձեռնարկը տեղի ունեցավ Իլինկի քաղաքապետարանի սրահում, ուր նաև ներկա էին ավելի քան երկու հարյուր անդամներ և հյուրեր: Առաջիկայում պիտի տեղի ունենա ամառային Համաեվրոպական բանակումը, որը նվիրված է նաև մեր 40-ամյակին:

– Եվ վերջին հարցը. Ձեր կարծիքով ի՞նչ է ՀՄԸՄ-ն Սփյուռքում, մարզական, սկաուտական միություն, թե՞….

– ՀՄԸՄ-ի նպատակն է մարզական և սկաուտական միջոցներով համախմբել հայ փոքրիկներին, երիտասարդներին և ընտանիքներին: Նրանց միավորելով՝ ստեղծում ենք ավելի մեծ ընտանիք՝ կազմված քույրերից և եղբայներից, օժտված հայեցի դաստիարակությամբ և հարուստ գիտելիքներով, որոնք դառնում են օրինակելի, կարգապահ և ազնիվ քաղաքացիներ՝ ծառայելով մեր ազգին ու հայրենիքին:

Լուսինե Աբրահամյան

Scroll Up