«Մասիսի կարոտից շունչս կտրվում է, կարոտում ենք նույնիսկ Հայաստանի փոշին…». Իվան Գալստյան

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու առիթով ՀՀ սփյուռքի նախարարության հրավերով Հայաստանում էր Զելինոգրադի հայկական համայնքի նախագահ Իվան Գալստյանը, ում հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը: 

–  Բարո՛վ եք եկել Հայրենիք, պարո՛ն Գալստյան. կարծեմ մեկ տարի առաջ էր մեր նախորդ հանդիպումը, և Դուք խոսում էիք համայնքում խաչքար տեղադրելու մասին…

– Այո՛, հիշում եմ մեր զրույցը և իմ մտահոգությունը, որն այլևս երազանք չէ. խաչքարն արդեն տեղադրված է: Ապրիլի 21-ին խաչքարի տեղադրման բացման արարողությունն էր: Բացման և օծման արարողությանը Էջմիածնից ներկա էր այդ օրերին Մոսկվայում գտնվող Հայր Պողոսը, ում խնդրեցինք օծել խաչքարը: Արդեն 10 տարի է, ինչ խոսակցություն էր գնում խաչքար տեղադրելու մասին, որը կդառնար ազգային, եկեղեցական տոների, հիշատակման արարողությունների վայր, ուր կհավաքվեր Զելինոգրադի հայությունը: Փա՛ռք Աստծո, այդ թեմայով այլևս անցյալով չենք խոսի, այդ հարցը լուծվել է:

 – Որտեղի՞ց եք ձեռք բերել խաչքարը:

 -Համահայկական 5-րդ համաժողովին ես Հայաստանում էի գտնվում, հետաքրքրվեցի խաչքարագործ վարպետներով, նրանց աշխատանքներով, նրանք նույնիսկ ինձ տվեցին ռուսաստանաբնակ մարդկանց տվյալներ, որպեսզի նրանց ֆինանսական միջոցների օգնությամբ այդ խաչքարը բերվի ու տեղադրվի: Ես մտածեցի, որ ճիշտ կլինի խաչքարը կյանքի կոչվի, ձեռք բերվի համայնքի ողջ հայության ուժերով. դա էլ իր խորհուրդն ուներ: Հանգանակության տուփեր պատրաստեցինք, սկզբնական շրջանում մի քիչ դժվարություն կար, բայց վերջում այդ հարցը դրականորեն լուծվեց, որի արդյունքում այսօր մեր համայնքն ունի իր Սուրբ անկյունը, իր ուխտատեղին, իր խորհրդանիշը: Ես չկարողացա ապրիլի 24-ին համայնիք հետ խաչքար այցելել, որովհետև 22-ից արդեն Երևանում էի, սակայն խնդրեցի մեր տղաներին, որ պսակ պատվիրեն՝ այդ օրը խաչքարի մոտ տանելու համար: Ապրիլի 24-ին Զելինոգրադի հայկական համայնքը նույնպես խնկարկել է Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Պարո՛ն Գալստյան, Դուք ներկա եղաք Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների, տեսաք Հայաստանին ու հայությանը սևեռված աշխարհի ուշադրությունը… Հայկական հարցը ցնցեց աշխարհի հզոր գերտերություներին. Ձեր կարծիքով, այս ամենից հետո, պահանջատիրության հետ կապված ինչ-որ հարց կլուծվի՞: 

–  Ես դժվարանում եմ ասել, թե ինչ-որ հարց կլուծվի, բայց փաստ է, որ Հայոց ցեղասպանության թեման համաշխարհային ճանաչում գտավ: Աշխարհի տարբեր երկրներից ներկա պատվիրակությունների ներկայացուցիչներն այնպիսի՜ խանդավառությամբ էին խոսում, զեկուցումներ կարդում այդ թեմայով: Ցերեկային ժամերին մասնակցում էի զանազան միջոցառումների, երեկոյան հեռուստատեսությամբ հետևում էի աշխարհի տարբեր երկրներում Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող միջոցառումներին: Ինձ վրա շատ մեծ տպավորություն գործեց Դոնի Ռոստովի հայության կազմակերպած հիշատակի օրը. շատ լավ ելույթ ունեցավ նաև քաղաքապետը և իր ցավակցությունը հայտնեց հայ ժողովրդին: Մի աննախադեպ, հզոր շարժում է սկսվել, մի հսկայական ալիք է վեր խոյացել. 100-րդ տարելիցին ոչ միայն Հայաստանում, այլև հայկական ողջ Սփյուռքում այս շարժումը մի յուրօրինակ զարթոնք էր ապրում: 

–  Որպես Զելինոգրադի հայկական համայնքի նախագահ՝ ի՞նչ կասեք հայերի և տեղաբնակների հարաբերությունների մասին: Տեղացիները գիտե՞ն Հայաստանի մասին, Հայոց ցեղասպանության մասին:

–  Հայերը հարգված են, սիրված: Մերոնք շատ բարձր են պահում հայ ազգի, Հայաստանի պատիվը: Տեղացիներն, անշուշտ, գիտեն Հայաստանի և Հայոց ցեղասպանության մասին: Զելինոգրադում պաշտոնապես գրանցված են հայկական և թաթարական համայնքները: Մյուսները խմբավորումներ են և թույլ են զարգացած, համայնքային կյանք չկա: Բոլորի հետ բարիդրացիական հարաբերություններ են ձևավորված. մեր համայնքային միջոցառումներին հրավիրում ենք թաթարական համայնքից  մարդկանց, նրանք էլ մեզ  են հրավիրում:

 –  Թերթ, ռադիոժամ, հեռուստաժամ ունե՞ք:

 –  Ո՜չ, դա թանկ հաճույք է, և դեռ այդքան չենք զարգացրել մեր աշխատանքները, որպեսզի մամուլ, ռադիո կամ հեռուստաժամ ունենանք:

 –  Որքա՞ն հայություն է բնակվում Զելինոգրադում:

-Մի քանի տարի առաջ պաշտոնապես գրանցվել է 1450 հայ, իսկ այժմ իմ հաշվարկով՝ մոտավորապես 2500 հայ կա Զելինոգրադում: 

– Պարո՛ն Գալստյան, Դուք և Զելինոգրադում բնակվող հայերը չե՞ք մտածում Հայաստան վերադառնալու մասին:

-Շատ հայեր մեծ ցանկություն ունեն վերադառնալու Հայաստան, ես էլ՝ նրանց նման, սակայն աշխատատեղ ունենալու, գտնելու խնդիր կա: Հայաստանի բնակլիմայական պայմանները լավն են, Հայաստանում արև շատ կա. տարվա 368-369 օրերի ընթացքւոմ գրեթե միշտ արևոտ օրերն են գերիշխում… Ա՛յ, հիմա տեսե՛ք, թե ի՜նչ հրաշալի օր է, ի՜նչ հմայիչ գարուն է, իսկ այսօր զանգեցի Մոսկվա և տեղեկացա, որ այնտեղ մռայլ, անձրևոտ, գորշ օր է, և գերիշխում են այդպիսի օրերը:

Մեկ տարի անց ի՞նչ փոփոխություն եք տեսնում Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում. ի՞նչն է Ձեզ ուրախացնում, զարմացնում և ի՞նչն է տխրություն պատճառում ու հիասթափեցնում:

-Առանձնապես մեծ փոփոխություն չեմ տեսնում. միայն մի քանի տասնյակ կառույցներ են ավելացել, քաղաքն ավելի բարեկարգված է դարձել, սակայն թամանյանական ճարտարապետության դիմագիծը խաթարված է… Իսկ ի՞նչն է հիասթափեցնում. ես իմ աշխատանքային գործունեությունն սկսել եմ «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումից, թիվ 2 տեխնիկական ուսումնարանից: Այս օրերին, երբ անցա «Նաիրիտ»-ի մոտով, ասես մեռյալ մի վայր լիներ, իսկ ժամանակին «Նաիրիտ»-ում 6000-7000 մարդ էր աշխատում, հիմա՝ մի քանի հարյուր մարդ: Հետո անցա Ավտոդողերի գործարանի մոտով, որը բառի բուն իմաստով ավերակված է, անցա Հաստոցաշինականի մոտով, Հայէլեկտրոգործարանի, սակայն պատկերը նույնն էր… Սա՛ է ինձ տխրություն պատճառում և հիասթափեցնում, այդ գործարանների վերագործարկումը բազմաթիվ աշխատատեղեր կբացեր: Ժողովուրդը տխուր է, չի ժպտում, սակայն ես հավատում եմ, որ արարող ժողովուրդը կհզորանա, մեր պետությունը ոտքի կկանգնի ու մեծ առաջընթաց կապրի: Այս օրերին ես տեսա, որ ժողովուրդը շատ համախմբված է, և դա ինձ շատ ոգևորեց: Ես հավատում եմ, որ մոտ ապագայում ամեն ինչ լավ է լինելու, և Հայաստանում այլևս դատարկ բնակարաններ չեն լինելու:

– Նորից անդրադառնամ Զելինոգրադի հայկական համայնքին. այսօր ամենից շատ ինչի՞ կարիք ունեք:

-Ասեմ, որ մի ժամանակ մեր համայնքին տարածք էր պետք, ուր կարողանայինք հավաքվել, ծրագրեր մշակել, զրուցել: Հիմա պաշտոնապես այդպիսի տարածք չունենք, որովհետև մենք հասարակական կազմակերպություն ենք և վարձակալելու միջոցներ չունենք, սակայն, փա՛ռք Աստծո, կան գործարարները, ովքեր իրենց գրասենյակներում մեզ մի սենյակ են տրամադրում անվարձահատույց, որտեղ շաբաթը մեկ, ամիսը մեկ հավաքվում ենք: Խաչքարի տեղադրման, ընտրության հարցի քննարկման շուրջ համարյա ամեն օր էինք հավաքվում: Ձեռքիս կար խաչքարերի մասին մի հրաշալի գիրք, ուսումնասիրում էինք, կարծիքներ փոխանակում: Այդ գրքում տրված է խաչքարերի պատմությունը երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Գիրքը լույս է տեսել Քրիստոնեությունը որպես պետական կրոն Հայաստանում հռչակելու 1700-ամյակի առիթով, գրքերն իր միջոցներով մեզ տրամադրել է համայնքի առաջվա նախագահ Նորիկ Մուրադյանը: Հենց այդ գրքից էլ օգտվել ենք և այնտեղից վերցրած մի խաչքարի նկարի հիման վրա Գորիսից բերել ենք այսօր մեր համայնքում արդեն տեղադրված խաչքարը:

– Ինչպիսի՞ն է Զելինոգրադի հայության ոգին:

– Անկոտրո՛ւմ, լավատես, որովհետև ունենք հրաշալի երիտասարդություն՝ լավ ապագայի երաշխիք:

–  Պարո՛ն Գալստյան, ի՞նչ հանդիպումներ ունեցաք, ի՞նչ միջոցառումների եք մասնակցել:

–  Մասնակցել եմ Գագիկ Ծառուկյանի բարեգործությամբ կառուցված Նուբարաշենի եկեղեցու բացման արարողությանը, Աբովյան քաղաքում մասնակցել եմ Սուրբ Ստեփանոս եկեղեցու գիտակրթական հոգևոր կենտրոնի (այն հովանավորվում է Գրիգորյանների կողմից) երեխաների ուժերով կազմակերպված թատերականացված միջոցառմանը, որը ղեկավարում էր կենտրոնի տնօրեն Գայանե Առաքելյանը: Մեծ տպավորություն ստացա նրանց ասմունքից, ազգագրական երգերից. ես տեսա մեր հրաշալի ապագան կերտողներին: Ապրիլի 24-ին Վլադիլեն Բալյանի ծննդյան 90-ամյակն էր, ապրլի 26-ին Ֆրիդ Սողոյանի, Ռազմիկ Մադոյանի հետ այցելեցինք հայտնի երգահան-երաժշտին, շնորհավորեցինք, բոլորս միասին երգեցինք՝ ցանկանալով մի գեղեցիկ, անմոռաց օր պարգևել սիրված երգահանին: Բնականաբար, ապրիլի 24-ին գնացի Ծիծեռնակաբերդ… Ոչ մի բառով չեմ կարող ձևակերպել այդ օրվա ապրումներս: Եղա Հրազդանի շրջանի Մեղրաձոր գյուղում՝ հարազատներիս մոտ, որտեղ 100-րդ տարելիցի առիթով հուշարձան-խաչքար էին տեղադրել: Այնքա՜ն էի կարոտել հարազատներիս, Մեղրաձորին… Անվերջանալի կարոտը խեղդում է ինձ, Մասիսի կարոտից շունչս կտրվում է, կարոտում ենք նույնիսկ Հայաստանի փոշին, իսկ այնտեղ փոշի էլ չկա:

–  Պարո՜ն Գալստյան, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ՝ Զելինոգրադի հայկական համայնքի կյանքն ավելի հետաքրքիր ու միջոցառումներով լի հագեցած ծրագրեր իրականացնելու համար: Հուսամ, որ այդ մեծ ԿԱՐՈՏԻ ճանապարհները օտարության մեջ ապրող բոլոր հայերի համար մի օր կհատվեն Հայաստանում: 

Կարինե Ավագյան

01 02

Scroll Up