Կներդրվեն բոլոր ջանքերը Հայաստանի Մխիթարյան կենտրոնի խնդիրները լուծելու համար
Ապրիլի 9-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց Հայաստանի Մխիթարյան կենտրոնի տնօրեն Հայր Եղիա վարդապետ Քիլաղպյանին և փոխտնօրեն Հայր Գևորգ վարդապետ Սարգիսյանին:
Ողջունելով հյուրերին՝ Բաբկեն Տեր Գրիգորյանն անգնահատելի համարեց Մխիթարյան միաբանության ներդրումն ու գործունեությունը Սփյուռքում և Հայաստանում: Էական կարևորություն ունի 1994 թվականից Հայաստանում գործող Մխիթարյան կենտրոնը, ուր գործում է Ժառանգավորաց դպրոց, կա նաև մատուռ և գրադարան:
Այսօր Ժառանգավորաց դպրոցը որոշ խնդիրներ ունի: Ըստ Հայր Եղիա վարդապետ Քիլաղպյանի՝ դպրոցի այն սաներին, որոնք հոգևոր ուսումնառությունը շարունակելու համար ավարտելուց հետո մեկնում են Սուրբ Ղազար, անհրաժեշտ է զինծառայությունից տարկետման իրավունք տրամադրել, մանավանդ որ նրանց թիվը շատ փոքր է: Բաբկեն Տեր Գրիգորյանը նշեց, որ հարցը կքննարկվի, լուծման բոլոր հնարավոր տարբերակներով աշխատանքներ կտարվեն, քանի որ այս հարցի կարգավորումը կնպաստի միության հոգևոր դասի սերնդահաջորդականության ապահովմանը, սփյուռքում ունեցած ժառանգության պահպանմանը:
Ժառանգավորաց վարժարանը, բացի ուսումնառությունից, իր աշակերտներին ապահովում է նաև գիշերակացով և սննդով, սակայն չունի հատուկ կարգավիճակ, ըստ որի՝ կենտրոնում միաժամանակ կգործեն և՛ եկեղեցին, և՛ դպրոցը, և՛ գիշերօթիկը՝ որպես իրավական մեկ մարմին: Բացի այդ՝ անհրաժեշտ է նաև կենտրոնին թույլատրել ուսումնական առարկաների համար կիրառել դասական ուղղագրությունը: Նախարարի պաշտոնակատարը խնդիրների վերաբերյալ նշեց՝ կուսումնասիրվեն իրավական կարգավորումները, նախարարությունն առաջարկներով և նախաձեռնությամբ հանդես կգա, կներդնի բոլոր ջանքերն առկա խոչընդոտները վերացնելու ուղղությամբ: