«Հասկացա, որ հայրենիքում շատ անելիք կա». Արտո Թունջբոյաջյան

«Հայերն այսօր»-ի զրուցակիցը հայտնի երգիչ Արտո Թունջբոյաջյանն է: Նա ավանգարդ-ֆոլկ երաժշտական ոճի հիմնադիրն է, որի պատճառով էլ ընկերները նրան անվանում են «Միսթր ավանգարդ-ֆոլկ»:

Զրույցի ընթացքում Արտո Թունջբոյաջյանը խոսել է իր արմատների, ավանգարդ-ֆոլկ ոճի յուրահատկության, հայրենիք վերադառնալու, «Նայթ Արկ» խմբի հետ կապի, «Արմենիա Նեյվի բենդ»-ի ստեղծման, Հայաստան-Սփյուռք գործակցության, ինչպես նաև «Գրեմմի» ստանալու մասին:

– Արտո, որտեղի՞ց են սերում Ձեր արմատները:

– Արմատներս սերում են Սեբաստիայից: Հայրս եղել է հայտնի կոշկակար: Չնայած նա գրել-կարդալ չգիտեր, բայց կարողանում էր կարդալ մարդկանց հոգիները: Ծնվել եմ Ստամբուլում, սակայն երբեք ինձ այդ քաղաքի մասնիկը չեմ համարել: 24 տարեկանում տեղափոխվեցի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:  Նյու Յորքում բնակվելով, բնականաբար, ավելի հեշտ էր ապրել, քանի որ մարդիկ ավելի լայն էին մտածում: Որպես ջազային երգիչ՝ 1981 թվականին ամերիկյան մի շարք պրոդյուսերների կողմից առաջարկ ստացա:

– Ինչպե՞ս վերադարձաք Հայաստան:

– Խորհրդային կարգերի փլուզումից հետո կարծես թե հայկական երաժշտությունն ավելի երևելի էր դրսի հայության համար: Հասկացա, որ հայրենիքում շատ անելիք կա հենց երաժշտական ոլորտում: 1998 թվականի օգոստոսի 4-ին` 40 ամյակիս օրը, վերադարձա Հայաստան: Արվեստում կարևորում եմ յուրահատկությունը: Միշտ փորձել եմ տարբերվել և նոր ոճի մեջ հանդես գալ: Ավանգարդ-ֆոլկը, որպես երաժշտական ոճ, այդ շրջանում նորություն էր: Տարիների ընթացքում հասկացա միայն, թե որքան կապված եմ ավանգարդ-ֆոլկ ոճին:

-Ինչո՞ւ եք Ձեր երաժշտությունը ավանգարդ-ֆոլկ անվանում:

– Դա հոգիդ է, համդ ու այն ամենը, ինչ պատկերում է քո վաղվա օրը: Ջազ ասելով՝ կարծես մի մեծ ամերիկյան խմբի մեջ ես մտնում ու կորում… Եթե ուզում ես այդ կյանքի հետ կապ ունենալ, պետք է Ամերիկայում ապրես, որ հասկանաս` ինչ է ջազը. իրենք իրենց ցավը երաժշտությամբ դուրս են հանում: Իմաստի հետ կապ կա, բայց ձևաչափի հետ կապ չունի: Ինչպես թուրքերը լահմաջոյին ասում են` «Թուրքիշ պիցցա»: Կարծեցին` ես ջազին դեմ մարդ եմ: Ես եմ իսկական ջազիստը: Ապրածս կյանքը նայեք, այդքան լեգենդների հետ եմ նվագում: Անկախ այս ամենից մի անգամ ինձնից չես լսի` աֆրիկյան երաժշտություն ներկայացնեմ: Գուցե ընդհանուր կապ կա, բայց ես իմ «համով» եմ պատմում, իրենք էլ իրենց «համով» են երգում:

-Հայաստանում ինչպե՞ս կատարեցիք առաջին քայլերը:

– Երբ եկա Հայաստան, այդ ժամանակ նախատեսվում էր կազմակերպել մի փառատոն: Կազմակերպիչները ցասնկանում էին, որ փառատոնին ելույթ ունենար նաև «Նայթ Արկ» խումբը: 1998 թվականին «Նայթ Արկ» ամերիկահայ ջազ-քառյակը մեծ ճանաչում գտավ Հայաստանում: 1998 թվականի հոկտեմբերին ստեղծեցինք «Արմենիա Նեյվի բենդ»-ը (Armenian Navy Band), ձայնագրվեցինք «Քանաքեռ» ստուդիայում, հիմնական ոճը կրկին ավանգարդ ֆոլկն էր: Խումբը սկզբից կազմված էր 10 հոգուց, այնուհետև` 15: Խմբի երաժշտությունն իրենից ներկայացնում էր աֆրոամերիկյան ջազի, բլյուզի և հայկական ավանդական երաժշտության խառնուրդ։ Խմբի առաջին ալբոմը՝ «Բզդիկ զինվոր»-ը, թողարկվեց 1999 թվականին, որից հետո` 2000 թվականին, խմբով մեկնեցինք շրջագայության եվրոպական մի շարք երկրներ, որտեղ մեծ հաջողությունների հասանք։ «Արմենիա Նեյվի բենդ»-ի շրջանակներում ձայնագրեցինք շուրջ 350 երգ: 2006-ին «Արմենիա Նեյվի բենդ»-ը արժանացավ BBC-ի կողմից անցկացվող միջազգային World Music մրցանակաբաշխության՝ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի:

-Ձեր հաջորդ քայլը համագործակցությունն էր Սերժ Թանկյանի հետ, կպատմե՞ք այդ մասին:

-Մի օր զանգահարեցին ինձ և առաջարկեցին համագործակցել մետալ ռոք խմբի հետ: Փաստորեն, դա հենց «System of a down» խումբն էր` Սերժ Թանկյանի գլխավորությամբ: Անվան հետ կապված շատ հաջող ընտրություն կատարեցինք, մեր ալբոմը անվանեցինք «ՍերԱրտ»: Այն կարող ենք գործածել երկակի ձևով: Առաջին դեպքում պարզապես Սերժի և իմ անունների առաջին երեք տառերի միաձուլումն է: Իսկ երկրորդ դեպքում` սերը արվեստի նկատմամբ: Մեր համատեղ ալբոմը թողարկվեց 2003 թվականին: Ալբոմում երաժշտական հիմնական ոճը կրկին ավանգարդ ֆոլկն էր:

-Արտո´, տեղյակ ենք, որ Ձեր եղբայրը` Օննո Թունջը, մեծ ազդեցություն է ունեցել Ձեր կարիերայի և հետագա ճանապարհի վրա:

– 11 տարեկանում կատարեցի առաջին քայլերս եղբորս` Օննո Թունջի խմբում: Եթե նա չլիներ, միգուցե ես հիմա կոշկակար կամ ֆուտբոլիստ լինեի: Նա դեռևս փոքր տարիքից պայքարող տեսակ է եղել և իր երաժշտական ունակություններով աչքի ընկել հարյուրավոր երեխաների մեջ: Նա շուրջ 150 երգերի հեղինակ է, այդ շրջանում նրա երգերը մեծ պահանջարկ ունեին եվրոպական երաժշտական կյանքում: 1978 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթին Թուրքիայի մասնակիցներ Նիլուֆերի և Նազարի երգի հեղինակը հենց Օննո Թունջն է եղել: Ես ունեմ մի շարք երգեր` եղբորս նվիրված, որոնք զետեղվել են հենց «Օննո» ալբոմում, որը թողարկվեց 1996 թվականին:

-Արտո´, հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ներկայիս հայ երգարվեստի մասին:

Հայաստանում համատարած հնչում է ավելի խնջույքային, ռեստորանային երաժշտություն: Կուզենայի տեսնել ավելի շատ տարբերվող ոճեր: Եթե անկեղծ, ինձ համար ոճից առաջ կարևոր է նախ որակը: Արվեստում ես կարևորում եմ տարբերվող լինելը: Պետք է ոգևորել նոր սերնդին, որպեսզի կարողանան նոր ոճով հանդես գալ:

-Ինչպե՞ս կգնահատեք Հայաստան-Սփյուռք կապերը:

-Սփյուռքի մեր բարերարները Հայաստանին նվիրաբերելով միլիոնավոր դոլարներ՝ մի կողմ են քաշվում, կարծես կատարում են հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը: Իմ կարծիքով յուրաքանչյուր հայ պետք է մասնակցի Հայաստանի շենացմանը: Այս պատճառով դեռևս մի քանի տարի առաջ ես ՀՀ սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանին առաջարկեցի մի ծրագիր. Սփյուռքի հայկական խոշոր կառույցները հայկական համայնքներում կազմակերպեն դրամահավաք, իսկ դրամի չափը 1 ԱՄՆ դոլար լինի: Տիկին Հակոբյանը հավանության արժանացրեց այդ  ծրագիրը:

-Արտո´, Հայաստանում մեծ ոգևորությամբ ընդունեցին, երբ արժանացաք «Գրեմմի» մրցանակի:

– Կյանքում ամենակարևորը համբերությունն ու ինքնավստահությունն են. եթե վստահ ես ինքդ քեզ վրա, կարող ես շատ բաների հասնել և հեռուն գնալ: Յուրաքանչյուր մարդ ինքնին յուրահատուկ է և կյանքում պետք է անի ամեն ինչ, որպեսզի չկորցնի իր դեմքը: Ինձ ներկայացնելիս միշտ ասում են` «Գրեմմի» է ստացել: Կուզեմ ասել, որ իմ` մարդ լինելը «Գրեմմի»-ն կամ որևէ այլ մրցանակ չի փոխել: Հասկանում եմ, որ մրցանակները գործդ հարգելով են տալիս, սակայն ինձ համար մրցանակ շահելու գլխավոր իմաստն այն է, որ դու հասել ես այդ մակարդակին:

Սևադա Սաֆարյան

Scroll Up