«Հասկացա` որքան հայրենասեր եմ…». Հասմիկ Կարապետյան

Սիրված երգչուհի Հասմիկ Կարապետյանի հետ, որը վերջերս է վերադարձել Հայաստան, «Հայերն այսօր»-ի հարցազրույցը ծավալվեց նրա՝ Կանադայում անցկացրած կարոտաբաղձ օրերի, կանադահայ համայնքի, դստերՏաթևի և հետաքրքիր այլ հարցերի շուրջ:

-Հասմի՛կ, ֆեյսբուքյան Ձեր էջում հաճախ ենք կարդում գրառումներ, որոնց միջոցով արտահայտում եք Ձեր սերն ու կարոտն առ Հայրենիք: Դժվա՞ր է ապրել Կանադայում:

 -Արդեն հասցրել էի մեկ անգամ լինել Տորոնտոյում՝ մասնակցելու ամուսնուս ընկերոջ հարսանիքին: Սակայն, երբ աղջկաս հետ ընտանիքը վերամիավորելու համար մեկնեցի այնտեղ ապրելու, պատկերը բոլորովին փոխվեց: Այդ ժամանակ հասկացա, թե որքան հայրենասեր եմ: Կանադայում ապրած վեց ամիսներն ինձ համար հոգեպես շատ ծանր են եղել:

Հասկացա, որ օտարությունն ամենասարսափելի զգացողությունն է ինձ համար: Միշտ զարմանում էի դրսում ապրող այն մարդկանց վրա, ովքեր ասում էին, որ կարոտել են իրենց հողն ու ջուրը, քարն ու թուփը: Բայց հիմա այդ ամենը սեփական մաշկիս վրա զգացի: Կարծես՝ Աստված ինձ փորձության մեջ գցեց՝ տեսնելու՝ կդիմանամ արդյոք, թե՞ ոչ:

– Ձեր շուրջը հայկական միջավայր ստեղծե՞լ էիք:

– Ինձ՝ որպես հանրային մարդ, այդքան չէին ճանաչում, ինչն էլ, անշուշտ,  իր դրական ազդեցությունը թողեց: Սկզբնական շրջանում ապրում էինք Սարնիա քաղաքում, որտեղ հայեր չկային: Չնայած գտել էի Արամ պապիկին:

Մեր ծանոթությունը հետաքրքիր պատմություն ունի: Մի օր առևտրի մեծ կենտրոն էի աղջկաս տարել: Այնտեղ գտնվող մանկական խաղահրապարակի մոտ հանկարծ հայերեն խոսող տղամարդու ձայն լսեցի, որը շատ հարազատ թվաց ինձ: Շտապ այդ ձայնի հետքերով գնալով՝ տեսա նրան և միանգամից հարցրեցի՝ հա՞յ է արդյոք: Պարզվեց, որ լիբանանահայ է, Սարնիայում ճանաչված գորգավաճառ է և գորգերի խանութ ունի:

Ծանոթանալուց հետո սկսվեց մեր բարեկամական շփումը: Գրեթե ամեն օր իրենց տուն էի գնում, կնոջ հետ էլ մտերմացա: Կարծես՝ նրանք սփոփեցին Հայաստանի ու հարազատներիս  հանդեպ ունեցած կարոտս:

Չնայած օրվա մեծ մասը Տաթևի հետ էի լինում (ամուսինս աշխատանքից ուշ է տուն գալիս), սակայն մեզ այցելության էին գալիս նրա ծնողները, ազգականները և մեր ընկերները, որպեսզի ինձ մենակ չզգայի:

-Անձնական կյանքը դասավորելիս՝ մտածու՞մ էիք այն մասին, որ հայտնվելու եք տարբեր մշակույթ և մտածելակերպ ունեցող մարդկանց շրջապատում:

-Սկզբնական շրջանում մտահոգություն կար: Սակայն, ժամանակի ընթացքում այդ անհանգստությունը փարատվեց: Ամուսնուս ծնողները շատ լավ, բարեկիրթ մարդիկ են: Սկեսուրիս հետ ջերմ հարաբերություններ են ձևավորվել: Նա հետաքրքրվում է իմ երգերով, տեսահոլովակներն է դիտում, նաև հարցուփորձ է անում, թե երգարվեստում ինչ ձեռքբերումներ եմ ունեցել:

Իսկ ինչ վերաբերվում է ինձ ու ամուսնուս, ապա ինչպես բոլոր զույգերը, մենք նույնպես տարաձայնություններ ունեցել ենք, սակայն երկուստեք փոխըմբռման մթնոլորտում ներընտանեկան խնդիրները հարթել ենք: Ամենակարևորն այն է, որ նա ինձ ընդունեց այնպիսին, ինչպիսին որ կամ:

Առհասարակ, Շանթը հայրենասեր է, շատ է սիրում Հայաստանը:  Կարծում եմ՝ մոտ ժամանակներս մենք վերջնականապես կհաստատվենք Հայաստանում:

– Հասցրե՞լ եք կապ հաստատել  Տորոնտոյի հայկական համայնքայի հետ: Ձեր դիտարկմամբ, ինչպիսի՞ համայնք է գործում:

Այս ընթացքում ինչքան հասցրել եմ նկատել, Տորոնտոյի հայկական համայնքը բավականին կենսունակ, համախմբված,  հայաստանակենտրոն համայնքն է և ներգրավված է ազգապահպան աշխատանքներում, կազմակերպված գործում են համահայկական կառույցները, հայկական եկեղեցին, դպրոցները: Ապրելով հայրենիքից հեռու՝ տորոնտոյահայերը հետաքրքրված են այստեղ տեղի ունեցող իրադարձություններով և միշտ պատրաստ են օգտակար լինել Հայաստանին: Երիտասարդներն էլ հայրենասեր են, հաճախ այցելում են Հայաստան: Նրանք ձգտում են լավ մարդ դառնալու համար որակյալ կրթություն ստանալ:

Համայնքի հետ կապ հաստատելուն ինձ շատ օգնել է Տորոնտոյում բնակվող ընկերուհիս՝ Ալենուշը, ում հետ դեռևս Թեհրանում՝ համերգային շրջագայության ժամանակ էի ծանոթացել: Փորձեցինք այնտեղ համերգ կազմակերպել, սակայն հասկանալի էր, որ համայնքում ազգային, հայրենասիրական ոգի բարձրացնելու համար երգացանկս այնքան էլ չի համապատասխանում:

Խեղդվելու չափ կարոտել եմ բեմն ու հանդիսատեսին: Մինչև օրս այդ դատարկությունը զգում եմ: Իհարկե, մայրանալը սուրբ առաքելություն է, սակայն,  դա ինձ համար քիչ է: Աղջիկս մեծանա, նորից կվերադառնամ ստեղծագործական՝ ինձ այդքան հոգեհարազատ աշխարհ:

 -Հայաստան վերադառնալուց հետո առաջին քայլը ո՞րը եղավ:

– Առաջին հերթին ազգականներիս ու ընկերներիս հանդիպեցի, կարոտս առա: Ապա սկսեցի տարբեր նկարահանումների և հարցազրույցների մասնակցել:

Երևանյան փողոցներով զբոսնելիս՝ հասկացա, որ մարդկանց կողմից չեմ մոռացվել. առ այսօր տարբեր սերնդի ներկայացուցիչներ մոտենում, զրուցում են ինձ հետ, հաճելի խոսքեր ասում՝ հորդորելով այլևս չբացակայել Հայաստանից:

Անկեղծ շնորհակալությունս եմ հայտնում իմ երկրպագուներին և  հանդիսատեսին, որ տևական դադարից հետո այսքան ջերմ ու անկեղծ ընդունելության արժանացրեցին: Սա ամենամեծ պարգևն է ինձ համար:

Նկատեցի նաև, որ Թավշյա հեղափոխությունից հետո Երևանում փոխվել  է մթնոլորտը:

-Եվ ի՞նչ մթնոլորտ զգացիք:

Նախ ասեմ, որ կանադահայ համայնքը Թավշյա հեղափոխության օրերին Հայաստանի կողքին էր՝ սրտատրոփ սպասելով արդար հաղթանակի: Ես էլ էի հետևում Թավշյա հեղափոխության ընթացքին, հոգիս ու միտքս Հանրապետության հրապարակում էր, նույնիսկ մի պահ ցանկացել ենք տոմս գնել ու Հայաստան գալ. վերապրում էի ամեն մի պահ ու լաց լինում:

Վերադառնալուց հետո  նկատելի էր, որ մարդիկ հանգիստ ու խաղաղ են դարձել, նրանց աչքերում վերականգնվել է ապագայի հանդեպ հավատը: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ է լինելու. հայ ժողովուրդն արժանի է բարեկեցիկ կյանքով ապրելու:

-Զրույցն ամփոփենք Ձեր դստեր՝ Տաթևի մասին խոսելով: Ինչպիսի՞ երեխա է նա:

-Տաթևն էներգիայով լեցուն, աշխույժ երեխա է, արտաքնապես նման է հայրիկին: Նա ուժեղ անհատականությունը է, աչքի է ընկնում սկզբունքային, նպատակասլաց բնավարությամբ, շատ է սիրում բարձ տեղեր մագլցել:

Ամեն ինչ անելու եմ, որ Տաթևը հայեցի կրթություն և դաստիարակություն ստանա և չկտրի կապը Հայաստանի հետ: Նրան նվիրված «Իմ Տաթև» հուզիչ երգն եմ գրել, որի տեսահոլովակի նկարահանման աշխատանքները շուտով կսկսենք:

Հարցազրույցը՝ Գևորգ Չիչյանի

Լուսանկարները՝ Վահե Մինասյանի և Հասմիկ Կարապետյանի անձնական արխիվից

Scroll Up