Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին
Փետրվարի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Ռաջեշ Վասուդևանին և բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գրիգոր Գյուրջյանին:
Շնորհավորելով Ազգային ժողովի կողմից կառավարության ծրագրի ընդունման առթիվ՝ հյուրերը վստահություն հայտնեցին, որ այն իրապես կարող է բազմաթի դրական փոփոխություններ բերել երկրի զարգացման գործընթացներում: Այնուհետև նրանք անդրադարձ կատարեցին Ասիական զարգացման բանկի՝ Հայաստանում իրականացրած և իրականացնելիք ծրագրերին ու ուղղություններին՝ շեշտելով, որ բանկը փոխգործակցում է ինչպես կառավարության, այնպես էլ մասնավոր հատվածի, հասարակական կառույցների, միջազգային գործընկերների հետ: Այժմ էլ բանկը մշակում է Հայաստանի հետ գործակցության 2019-2023 թթ. ռազմավարությունը:
Ողջունելով հյուրերին՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը նախ անդրադարձ կատարեց կառավարության կառուցվածքում իրականացվող փոփոխություններին, մասնավորապես շեշտեց, որ սփյուռքի նախարարությունը վերակազմակերպվելու և միանալու է վարչապետի աշխատակազմին՝ ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Այն իր առաջնահերթություններում ունենալու է Հայաստան-Սփյուռք փոխաջակցության, համահայկական օրակարգի ձևավորման, հայրենադարձության և ինտեգրման, Հայաստանի շուրջ սփյուռքի ներուժի համախմբման հարցերը:
Խոսելով Ասիական զարգացման բանկի հետ սփյուռքի գծով համագործակցության հնարավոր ուղղությունների մասին՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը նախևառաջ նշեց, որ բանկը կարող է իր յուրաքանչյուր նոր ծրագրի մշակման փուլում ներգրավել սփյուռքահայերին, նրանց հնարավորությունները, ներուժն ու գիտելիքները: Նա նաև նկատեց, որ սփյուռքի նյութական ռեսուրսների կողքին առկա են մարդկային անգնահատելի ներուժը, համահայկական գլոբալ ցանցը, մասնագիտական հայրենադարձություն իրականացնելու հնարավորությունները:
Նախարարի պաշտոնակատարը խոսեց նաև սփյուռքի պարտատոմսերի թողարկման գաղափարի մասին, որը դեռևս խիստ նախնական քննարկման փուլում է: Ըստ Բաբկեն Տեր Գրիգորյանի՝ սփյուռքն ակտիվորեն մասնակցում է Հայաստանի զարգացման գործընթացին, սակայն առկա է զարգացման հստակ և պրոֆեսիոնալ ծրագրերի ներդրման բացը:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկեցին համագործակցության հնարավոր ոլորտներին, ծրագրերում սփյուռքի բաղադրիչի ընդգրկմանն առչվող հարցեր: