Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ներկայացուցիչներին

Փետրվարի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում հյուրերը հատկապես շեշտադրեցին, որ հեղափոխությունից հետո ստեղծված նոր իրավիճակը նոր առաջնահերթություններ է ասպարեզ բերում և ընձեռում է բազմաթիվ հնարավորություններ, որոնք լավագույնս իրացնելու համար պետք է նախևառաջ ուսումնասիրել և հասկանալ երկրի կարևորագույն կարքիներն ու մարտահրավերները: Բանկի ներկայացուցիչներն այս առումով կարևորեցին հայկական սփյուռքի ներգրավածությունն ու նրա ներուժի ինտեգրումը Հայաստանում իրականացվող զարգացման ծրագրերին և գործընթացներին:

Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդգծեց, որ սփյուռքը Հայաստանում զարգացման ծրագրերի առումով մշտապես հետաքրքրված է, և այն նյութական ռեսուրսներից բացի տիրապետում է ահռելի մարդկային ներուժի, որը հետհեղափոխական Հայաստանի ծրագրերում, սփյուռքահայերին պետական կառավարման համակարգում ներգրավելու համար արդեն իսկ քայլեր արվել են:

Անդրադառնալով համագործակցության հետագա հնարավորություններին ու ուղղություններին՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումից հետո Սփյուռքի նախարարությունը վերակազմակերպվելու է՝ միանալով վարչապետի աշխատակազմին՝ ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Նա նաև անդրադարձ կատարեց Կառավարության ծրագրում սփյուռքին վերաբերող առաջնահերթություններին՝ ընդգծելով հատկապես  Հայաստանի զարգացմանը սփյուռքի ներուժի լիարժեք ներգրավումը, սփյուռքի հայ համայնքների՝ բնակության երկրի և Հայաստանի միջև կայուն հարաբերությունների կամրջող դերի մեծացումը, Հայաստան-սփյուռք գործակցության խորացման և ընդլայնման համար այնպիսի քայլերի ու ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն սփյուռքի մասնակցությանը՝ Հայաստանի հանրային կյանքին, հայրենադարձության  խթանումը և այլն:

Հանդիպման ավարտին կողմերը մշտական կապի մեջ լինելու և համագործակցելու պատրաստակամություն հայտնեցին նաև Սփյուռքի հարցերով զբաղվող նոր կառույցի ստեղծումից հետո:

Scroll Up