Սփյուռքի նախարարն ընդունեց ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչներին
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՅՈՒՆԻԴՈ) հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանին և Արդյունաբերության զարգացման և զբաղվածության ոլորտի միջազգային փորձագետ Սոմայա Մոլլին:
Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարարն իր գոհունակությունը հայտնեց կառույցի կողմից «Հայաստանում սիրիահայ փախստականների կենսամակարդակի բարելավում» ծրագրի իրականացման վերաբերյալ, որն ուղղված է սիրիահայ փախստականների ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը և նրանց զբաղվածության ապահովմանը։
Նախարարը նշեց, որ Սփյուռքի նախարարությունը սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի հետ սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև այլ ծրագրերի շրջանակներում:
Գերատեսչության ղեկավարը, ասաց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ևս ունեն բնակարանային և բարձր վարձատրվող աշխատանքի խնդիրներ, այդ իսկ պատճառով Սիրիայից տեղափոխված անձանց այդ խնդիրների լուծման գործում ակնկալվում է միջազգային կազմակերպությունների գործուն աջակցությունը: Նախ՝ նրանց գործ ստեղծելու և զարգացնելու նպատակով տրվող դրամաշնորհների ձևով, քանի որ փորձը ցույց է տալիս, որ վարկերի տրամադրումը հաճախ ավելի է բարդացնում փախստականների վիճակը և նրանց սկսած բիզնեսը պարզապես չի կայանում: Սփյուռքի նախարարը նշեց, որ Հայաստանում հաստատված սիրիացիների գերակշիռ մասը սիրիահայեր են և տիրապետում են հայոց լեզվին, ունեն ընդհանուր մշակույթ ու սովորություններ, նրանք ավելի արագ են ինտեգրվում հասարակությանը: Բացի դրանից, նրանք իրենց հետ բերել են բիզնեսի, հատկապես սպասարկման ոլորտի բարձր մշակույթ: Նրանց ճնշող մեծամասնությունը եկել է Սիրիայի խոշոր քաղաքներից և գերադասում է բնակվել մայրաքաղաքում: Որպես փաստարկ՝ նախարարը բերեց մեկ վիճակագրական տվյալ, որ եթե Երևանի դպրոցներում սովորում են 2000 սիրիահայ երեխաներ, ապա բոլոր մարզերում միասին՝ ընդամենը 12 երեխա է սովորում;
Գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ մեր բնակչության թվաքանակի հարաբերակցությամբ աշխարհում Հայաստանը երկրորդն է Սիրիայից ընդունած փախստականնների թվով՝ Գերմանիայից հետո և ներկայացրեց այն ծրագրերն ու աշխատանքները, որոնք իրականացվել են ՀՀ կառավարության, համահայկական կառույցների և միջազգային կազմակերպությունների կողմից՝ Սիրիայից Հայաստան տեղափոխված անձանց կրթական, առողջապահական, մշակութային, սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ: Միևնույն ժամանակ նախարարը նշեց, որ դեռևս առկա են որոշ դժվարություններ. հիմնականում լուծման կարիք ունեն աշխատանքի տեղավորման և բնակարանային խնդիրները:
Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց նաև բնակարանային խնդիրների լուծման ուղիներն ու հնարավորությունները՝ կարևորելով միջազգային կառույցների աջակցությամբ սոցիալական բնակարանների կառուցումը:
ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության խորհրդատու Սոմայա Մոլլին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և արդյունավետ համագործակցության համար, ներկայացրեց կառույցի կողմից իրականացվող «Հայաստանում սիրիահայ փախստականների կենսամակարդակի բարելավում» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրում։ Վերապատրաստման ծրագրերի և ինտեսնիվ դասընթացների միջոցով կտրամադրվի նաև ոչ ֆինանսական օգնություն:
Քննարկվեցին Հայաստանում հաստատված սիրիացիների հիմնախնդիրների լուծմանն առնչվող այլ հարցեր: