Նախատեսվում է սփյուռքի նախարարության աջակցությամբ «Ազգի պարծանքներ» անվանումով մրցանակաբաշխություն կազմակերպել

Սեպտեմբերի 10-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպեց «Արմենիա պրոդակշն» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանի հետ:

Ներկայացնելով իր գործունեությունը՝ հյուրը նշեց, որ նոր շունչ է առկա Հայաստանում, ստեղծվում են իրական արժեքներ, և այս ամենը նոր մի բանի մասին մտածելու, նոր նախաձեռնություններով հանդես գալու ազդակներ է տալիս:

Վալերի Սահարյանը նախարարին տեղեկացրեց, որ նախատեսվում է նոր ձևաչափով մրցանակաբաշխություն կազմակերպել, որը կկրի «Ազգի պարծանքներ» անվանումը, ամեն տարի կիրականացվի հայկական խոշոր համայնքներ ունեցող երկրներից մեկում և կբացահայտի, կհանրահռչակի տաղանդավոր հայերին: Նրանք կարող են ներկայացնել տարբեր բնագավառներ՝ մշակույթ, բժշկություն, բիզնես և այլն: Որպես օրինակ` Վալերի Սահարյանը ներկայացրեց ամերիկահայ սրտաբան Հրայր Հովակիմյանին, ով բազմաթիվ կյանքեր է փրկել և իրական հերոս է: Մխիթար Հայրապետյանը, համաձայնելով Վալերի Սահարյանի հետ, նշեց, որ Հրայր Հովակիմյանի օրինակը իրոք շատ ոգևորիչ է, և նրա մասին ֆիլմ նկարահանելու առաջարկ արեց:

«Հեղափոխությունից հետո այսպիսի մրցանակաբաշխություն անցկացնելու գաղափարը ծնվեց»,-ասաց հայտնի պրոդյուսերը և հավելեց, որ ցանկություն կա այն իրագործել սփյուռքի նախարարության հետ համատեղ: «Մրցանակակիրների ընտրության հարցում է մեզ անհրաժեշտ նախարարության աջակցությունը», -նշեց հյուրը:

Նախարար Մխիթար Հայրապետյանը համագործակցության պատրաստակամություն հայտնեց:

Scroll Up